«Հայկական ժամանակ» օրաթերթը հունվարի 17-ի համարում անդրադառնում է հանրապետությունում սկսված թանկացումներին և վերլուծում իրավիճակը բենզինի շուկայում։ Տարեսկզբից ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը 400 դրամից դարձավ 430։
Թերթը հիշեցնում է Սերժ Սարգսյանի՝ թանկացումների վերաբերյալ հունվարի 10-ին հրավիրած խորհրդակցությունը, որի ընթացքում նա հայտարարել էր․
«Մենք ունենք ամբոջական գործիքակազմ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների գործունեությունը ուսումնասիրելու․․․․ Մենք ունենք բազմաթիվ լծակներ ՝ պարզելու, թե շուկաներում տատանումներն իրոք օբյեկտիվ գործընթացների արդյունք են, թե տնտեսվարողների ագահության պատճառ»։
Հոդվածագիրը գրում է, թե շատ ճիշտ է ասում Սերժ Սարգսյանը՝ գործիքներն էլ կան, լծակներն էլ կան։
«Հիմնական գերատեսչությունը, որ ունի նշված «գործիքակազմը» և կարող է պարզել՝ որքանով են գների փոփոխությունները «օբյեկտիվ» կամ «տնտեսվարողների ագահության պատճառ», Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է՝ ՏՄՊՊՀ-ն, որի նախագահ Արտակ Շաբոյանը ևս մասնակցում էր խորհրդակցությանը։ Ճակատագրի բերումով խորհրդակցությունից հետո այդ հանձնաժողովը հրապարակավ ներկայացրեց իր ուսումնասիրությունները բենզինի, դիզվառելիքի և ավտոգազի շուկաներում։ Ուսումնասիրել էր ու պարզել, որ այդ շուկաներում գների աճը լրիվ «օբյեկտիվ» է և պայմանավորված է հարկերի աճով։ Բայց ամենակարևորն այն է, որ այդքան ուսումնասիրությունների ընթացքում հանձնաժողովը գտել էր շուկայի բոլոր մասնակիցներին, բացի մեկից, ընդ որում՝ ամենաընգծված խաղացողից՝ «Ռոսնեֆտ Արմենիայից»։
Այս ընկերությունը ստանում է Ռուսաստանի կողմից իբր Հայաստանին տրվող բենզինի ամբողջ քվոտան և վաճառում շուկայի մյուս մասնակիցներին։ «Ռոսնեֆտ Արմենիան» բեզնինը ձեռք է բերում Ռուսաստանի ներքին գներով, բայց իր գործընկերներին վաճառում է գրեթե միջազգային գներով։ Ու հանկարծ ՏՄՊՊՀ-ն Սերժ Սարգսյանի ելույթից ու նրա տված «հանձնարարություններից» հետո չի նկատում այս ընկերությանը։
Ուշագրավն այն է, որ այս ընկերությունը չնկատել պարզապես հնարավոր չէ։ Նույնիսկ պաշտոնական փաստաթղթերով ռուսական «Ռոսնեֆտի»՝ Հայաստանում գրանցած այս ընկերությունը, ունենալով ընդամենը 87 աշխատակից, տարեկան վճարում է ավելի քան 2 մլրդ դրամ գումար։ Ընդ որում, «Ռոսնեֆտ Արմենիան» ինքը բենզին չի ներկրում Հայաստան, այլ հենց ՌԴ-ում փաստաթղթերով ստանում է քվոտայով տրամադրված բենզինը, այն թանկ գնով վերավաճառում մյուս ընկերություններին ու վերջ՝ ընդամենը գրասենյակային աշխատանք։ Ու ՏՄՊՊՀ-ին բոլորովին, ընդհանրապես, բացարձակապես չի հետաքրքրում, թե դա ինչպես է լինում։ Հանձնաժողովը չի նկատում դա ու վերջ։
Ճիշտ այնպես, ինչպես ՏՄՊՊՀ-ն երբեք չի նկատել շաքարի շուկայի հիմնական խաղացողին՝ Սամվել Ալեքսանյանին, հետևողականորեն չի նկատել բանանի շուկայի հիմնական խաղացող Միհրան Պողոսյանին․․․»։
Civilnet











