ՎԵՈՆ-ի ծրագրերը Հայաստանում շարունակական են լինելու

Վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում այսօր հանդիպումներ է ունեցել միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:
Կարեն Կարապետյանի առաջին հանդիպումը խորհրդատվության ոլորտում «Մեծ եռյակ»-ի ընկերություններից մեկի՝ «Բի Սի Ջի» (Boston Consulting Group, BCG) ընկերության նախագահ Հանս-Պոլ Բյորների հետ էր:
Հանդիպմանը քննարկվել են «Բի Սի Ջի» ընկերության և «Բի Սի Ջի Դիջիթլ Վենչուրս» ընկերության հետ համագործակցության հեռանկարները: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը կարող է հետաքրքիր լինել ընկերության համար՝ ինչպես որպես առանձին երկիր, այնպես էլ որպես տարածաշրջանային շուկաներ մուտք գործելու հարթակ՝ նշելով, որ լինելով ԵԱՏՄ անդամ, Հայաստանն օգտվում է նաև Եվրամիության GSP+ արտոնյալ ռեժիմից, իսկ հարևան Իրանի հետ սահմանին ստեղծվում է Մեղրի ազատ տնտեսական գոտին, որը գործակցության նոր հնարավորություններ կարող է ստեղծել: Զրուցակիցներն անդրադարձել են փոխգործակցության հեռանկարային ուղղություններին:
«Մեծ եռյակ»-ում, բացի «Բի Սի Ջի»-ից, ընդգրկված են նաև McKinsey և Bain & Company ընկերությունները: Ներկայումս «Բի Սի Ջի» ընկերությունը գրասենյակներ ունի 50 երկրում:
Վարչապետի մյուս հանդիպումը «ՎԵՈՆ» (VEON) ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիեի և արտաքին կապերի ղեկավար Մարկ Մաքգանի հետ էր:
Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը գնահատում է «ՎԵՈՆ»-ի հետ հաստատված համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ ընկերությունը կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում և կավելացնի ներդրումների ծավալը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող Թվային օրակարգին՝ ընդգծելով դրա կարևորությունը երկրի տնտեսության զարգացման համար:
ՎԵՈՆ-ի ներկայացուցիչները նշել են, որ բավարարված են 2017 թվականի արդյունքներով, և իրենց ծրագրերը Հայաստանում շարունակական են լինելու: «Մենք լավատեսությամբ ենք նայում Հայաստանին ու տարածաշրջանին, և կարծում ենք, որ այն ավելի գրավիչ է դառնում օտաերկրյա ներդրողների համար», - նշել է Ժան Իվ Շարլիեն՝ տեղեկացնելով, որ մոտ ժամանակներս կրկին կայցելի Հայաստան:
***
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության ընկերությունն է: Ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականի մարտ ամսին ամերիկյան Trans-World Telecom ընկերության հետ համատեղ՝ Հայաստանի Հանրապետության Կապի նախարարության որոշմամբ։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում:
Civilnet










