
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի փաստացի բաժնետերերը չեն փոխվել․ ընկերության 80 տոկոս բաժնեմասը պատկանում է «ՄՏՍ» ՀԲԸ-ին, 20 տոկոսը՝ Ֆաթուշ եղբայրներին։
«ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ում (ապրանքանիշը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ») բաժնետերերի փոփոխությունը տեղի է ունեցել փաստացի բաժնետերերի շղթայի առավել արդյունավետ աշխատանքն ապահովելու համար և կառուցվածքային օպտիմալացման նպատակով արված այդ փոփոխությունը չի ազդելու ընկերության գործունեության վրա։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնել են «ՄՏՍ-Հայաստան»-ի հանրային կապերի բաժնից։
Հունվարի 22-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում տեղեկատվություն էր հրապարակվել, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժնետոմսերի 99,99 տոկոսն օտարվել է «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանը։
Կիպրոսում գրանցված այս ընկերությունը հանդիսանում է «ՄՏՍ-Հայաստան»-ի բաժնետերերի շղթայի անդամ, այդ շղթայից դուրս է եկել «ԿՏ Հոլդինգ ՍԱԼ» ընկերությունը։
«ՄՏՍ-Հայաստանի»՝ ՍիվիլՆեթին տրամադրած պատասխանում նշված է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ընկերության փաստացի բաժնետերեր են հանդիսանում «ՄՏՍ» ՀԲԸ-ն, որին պատկանում է բաժնետոմսերի 80 տոկոսը, և լիբանանաբնակ Ֆաթուշ եղբայրները, որոնց պատկանում է բաժնետոմսերի 20 տոկոսը: Այսինքն՝ բաժնետոմսերի բաշխվածության կտրվածքով որևիցե փոփոխություն տեղի չի ունեցել»:
Ակնկալվում է, որ հունվարի 24-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն կտա բաժնետերերի փոփոխության այս նախագծին, որ ներկայացվել է «ՄՏՍ-Հայաստան» ընկերության կողմից։
Լուսանկարում՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը
Civilnet










