Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար. Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Հանդիպման սկզբում Սինգապուրի փոխվարչապետն ընդգծել է հայերի «նշանակալի ավանդը երկրի զարգացման գործում՝ կարևորելով Սինգապուրում հայերի մշակութային ժառանգության նշանակությունը»:
Թարման Շանմուգարատնամը նշել է, որ Հայաստանը կարող է կարևոր դերակատարում ունենալ Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության՝ ԱՍԵԱՆ-ի և մեր տարածաշրջանի միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից: «Շատ կարևոր է, որ մեր միջև որևէ խնդիր չկա և մենք վճռական ենք խորացնելու երկկողմ համագործակցությունը», - նշել է Սինգապուրի փոխվարչապետը:
Կարեն Կարապետյանն իր հերթին ընդգծել է, որ Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար: Նա մատնանշել է մի շարք ոլորտներ, որոնք կարող են հետաքրքիր լինել Սինգապուրի բիզնեսի համար, մասնավորապես՝ գինեգործությունը, օրգանիկ գյուղատնտեսությունը, կրթական ոլորտը, տեղեկատվական տեխնոլոգիաները: Կարևորվել է նաև կրթական փոխանակման ծրագրերի իրականացումը:
«Մենք շահագրգռված ենք խթանել բանակցությունները Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի ազատ առևտրի գոտու միջև: Այդպիսի համագործակցությունը կարող է նպաստել առևտրի ու ներդրումների աճին և փոխշահավետ ծրագրերի իրականացմանը», - նշել է վարչապետը:
Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Սինգապուրի միջև կրկնակի հարկումը վերացնելու կարևորությունը և գոհունակությամբ նշվել է, որ համապատասխան համաձայնագրի մշակումը գտնվում է վերջնական փուլում:
Վարչապետ Կարեն Կարապետյանը սինգապուրցի իր գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան, և Թարման Շանմուգարատնամը սիրով ընդունել է հրավերը:
***
1965-ին նորանկախ Սինգապուրը աղքատ երկիր էր, սակայն մի քանի տասնամյակների ընթացքում դարձավ աշխարհի առաջատար և զարգացած պետություններից մեկը։ Սինգապուրյան հրաշքը հնարավոր եղավ նրա տասնամյակների առաջնորդ Լի Կուան Յուի ջանքերով։ Նրան հաջողվեց ասիական երկրում վերացնել կաշառակերությունը (ձերբակալելով անգամ իր ամենամոտ հարազատներին), արհմիությունները անպետք կառույցներից վերածել բիզնեսին նպաստող ու սատարող համակարգերի: Զարգացման ճանապարհին Լի Կուան Յուն մեծապես կարևորում էր կրթությունը՝ համարելով, որ ամենաթանկ ռեսուրսը մարդն է։
Civilnet











