Գլխավոր Լրահոս

Սատանայից կրեատիվները

Սատանայից կրեատիվները
Սերժ Սարգսյանը Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Հենց հիմա Գողգոթայի բարձունքներից էլ վեր մի տեղ իր նոր ողբն է կապել մի արդեն չստացված, գրեթե ձախողված մի աստվածիկ: Որովհետև տեր Նավասարդի մոտ ստացվում են ծառայությունները, իսկ Իր մոտ չեն ստացվում: Որովհետև Սերժ Սարգսյանը գնահատել գիտի, իսկ մենք չգիտենք: Որովհետև ինքը՝ աստվածիկն ասում էր․ «Կայսրինը կայսրին, Աստծունը՝ Աստծուն»։ Իսկ այստեղ ամեն ինչ խառնվել է իրար: Որովհետև, ի վերջո, ամենայն հանցագործություն և բարեգործություն արվում է Իր անունից, մինչ Ինքը ոչ մի տեղ չկա: Որովհետև Ինքը ոչ մեկի չափ չկա: Որովհետև հոգևորականի Հայրենիքին մատուցած ծառայությունը ո՞րն է, եթե նրա անունը կապվում է օֆշորի հետ: Օֆշորում Հայրենիքը ո՞րն է: Քննեցի՞ն, պարզեցի՞ն հոգևորականի կապը: Որովհետև ստացվում է, որ կարելի է գողանալ նաև Իր՝ աստվածիկի, անունից, մինչ Ինքը մի բաժակ ջրի էլ չարժանացավ ամենավերջում: Այդ աստվածիկը հիմա Գողգոթայի բարձունքներից էլ վեր մի տեղ հաստատ եղունգներն է կրծում, որովհետև Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ապրել գիտի, իսկ Իրեն, ահա, խաչեցին: Էսպես էլ բա՞ն կլինի: Որովհետև ինքն էլ, չէ՞, կարող էր Պիղատոսի հետ լեզու գտնել: Կարող էր, չէ՞, մորը չորբացնել իրենով, ինչ է թե Հայրն ասել էր՝ կգնաս ու կմեռնես բոլորի անունից, թող ոչ մի զոհ չպահանջվի քեզնից բացի: Դե այնպես չէ, որ իր արարքով Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ խաչեց Նրան, որը դեռ երկու հազար տարի առաջ է պարոն Սարգսյանին ներել այսօրվա այսպիսի անպատկառությունը: Այսպիսի՞ բաներ են ներվել ու դեռ կներվեն: Բայց, ընկերներ, արքեպիսկոպոսն ու ՀՀԿ նախագահը հո գիտե՞ն, որ ոչ մի Աստված էլ չկա, և որ մարդը իր ողորմելիությունից բարձունքներ կոփողն է: Եվ որ դրա համար պետք են մարդիկ և Հայրենիք: Հոգևորականին գնահատելն ինքնին վատ չէ: Նավասարդ արքեպիսկոպոսը հաստատ գնահատանքի արժանի բաներ ունի: Բայց Սերժ Սարգսյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով փայ է մտնում (ծանոթ ձեռագիր է, չէ՞, եթե հիշենք, թե պետության գլխավոր փայ մտնողն ով է) մի խնամքով կոծկված պետական հանցագործության մեջ, որի մի կողմում վարչապետն է, արքեպիսկոպոսը և նրանց մտերիմ խաբեբան, մյուս կողմում՝ նրանց հանդեպ հավատ ունեցող գործարարը: Էդ գործարարն իր հավատը հոր տնից չէր բերել: Գործի մեջ հոգևորական է տեսել, վարչապետ է տեսել: Ու փող է վստահել նրանց Հայրենիքին մատուցվելիք ծառայությունների համար: Հետո նրան հասկացրել են՝ մոռացիր էդ փողը: Շնորհակալություն էլ չեն ասել: Թեպետ, եթե Աստված չկա, գոհ լինենք, որ չեն սպանել: Հենց հիմա՝ Մեծ Պահքի այս բազմախորհուրդ օրերին, ոգելիցը հոսում է հոգևոր բերաններից ներս, զի ինչքան լավ է, երբ հարիֆներ կան, և «մենք գտնվում ենք ճիշտ պահին ճիշտ տեղում և կարող ենք խլել նրանց վերջին շապիկն ու հացը՝ հանուն Աստծո և ի փառս Հայրենիքի»: Սա Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռագիրը չէ, սա նրան պարգևատրողի ձեռագիրն է, որի բոլոր ծառայությունների թիկունքում մի չբացահայտված հանցագործություն կա: Սատանան անգամ գլուխ չի հանի, թե այս մարդկանց այսքան անընդմեջ հանցագործություններին ինքն ի՞նչ ավելացնի, որ Գողգոթայում խաչվածի նման չշնորհազրկվի: Բայց Սատանան կրեատիվի խնդիր ունի՝ իր ամեն առաջարկը՝ փառք, հարստություն և, եթե պետք լինի, նաև անմահություն, էս մարդիկ արդեն ծախում են:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում