2017-ին Հայաստանում գրանցվել է 7,5% տնտեսական աճ։ Ընդ որում՝ ամենամեծ աճը գրանցվել է 4-րդ եռամսյակում՝ 11,2%: 2016-ին գրանցվել էր 0,2% տնտեսական աճ։
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2018թ․ հունվարին զեկույցը, որում ամփոփված են 2017-ի որոշ ցուցանիշներ։
Սկսած 2015-ից՝ Ազգային վիճակագրական ծառայությունը ՀՆԱ-ի ցուցանիշը հաշվարկում է համաձայն «Ազգային հաշիվների համակարգ 2008» (ԱՀՀ 2008) միջազգային ստանդարտի, որով էլ վերահաշվարկվել են 2012-2014-ի ցուցանիշները։ Մինչ այդ եղած ցուցանիշները համադրելի չեն վերջիններիս հետ։
Այդուհանդերձ, 2000-2014 թթ․ ընթացքում ՀՆԱ-ի երկնիշ աճ գրանցվել է 2004-2007 թվականներին՝ 2007-ին հասնելով 13,7%-ի։ Իսկ 2008-ի ֆինանսատնտեսական ճգնաժամից ու 14,1% տնտեսական անկումից հետո ամենամեծ աճ գրանցվել էր 2012-ին՝ 7,2%:

2017-ին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 1,873 մլն դրամ կամ 3 880 դոլար։ Դոլարային արտահայտությամբ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն նախորդ տարվա նկատմամբ աճել է 10%-ով։
ՀՆԱ-ն 2017-ին կազմել է 5,58 տրլն դրամ։
2017-ի պետական բյուջեի հիմքում դրված էր 3,2% տնտեսական աճի կանխատեսումը, իսկ արդեն 2018-ի բյուջեով նախատեսվում է 4,3% տնտեսական աճ։
Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանում 2017-ի համար կանխատեսել էր 3,5% տնտեսական աճ։
Լիլիթ Աբովյան
Civilnet











