Գլխավոր Լրահոս

LIVE Blog․ Երևանյան ցույցերը, ապրիլի 18

LIVE Blog․ Երևանյան ցույցերը, ապրիլի 18
ՍիվիլՆեթը ուղիղ տեսաեթերով և տեքստային թարմացումներով շարունակում է լուսաբանել բողոքի ցույցերը Երևանում։ Ապրիլի 17-ի իրադարձությունները՝ այստեղ։ Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին հայտարարեց ժողովրդական թավշյա հեղափոխության մեկնարկի մասին և երեկոյան Հանրապետության հրապարակում հանրահավաքին կոչ արեց ապրիլի 18-ին՝ ժամը 10։00-ին, հավաքվել Ֆրանսիայի հրապարակում և շարունակել ցանցային պայքարը։ Երեկ Ազգային ժողովը հատուկ նիստում ընտրեց հանրապետության նոր վարչապետին՝ Սերժ Սարգսյանին։ 21:37 Սերժ Թանկյանը գրառում է արել Ֆեյսբուքում՝ ի աջակցության երևանյան ցույցերի․ «Հայաստանում անհավանական մի բան է կատարվում, վերջապես։ Քաղաքացիական անհնազանդությունը մեծանում է և վերաճում է գործադուլների և դասադուլների՝ ընդդեմ անարդար, կոռումպացված էլիտայի։ Սա նոր Հայաստանի առաջին շաբաթն է, և ինչ էլ տեղի ունենա, հուսալքությունը վերացած է։ Սերժ Սարգսյանը (հին նախագահ, նոր վարչապետ) համաձայնել է, որ բնակչության 60 տոկոսը իրեն չի սիրում և համաձայն չէ նրա հետ»։ Նիկոլ Փաշինյանը կարդաց գրառումը, ժողովուրդը սկսեց վանկարկել՝ «արի տուն, արի տուն»։ 21:24 «Հավաքների ազատության մասին օրենքը որևէ կերպ չի սահմանափակում անչափահասների մասնակցությունը հանրահավաքներին և դպրոցականների մասնակցությունը միանգամայն համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին և Սահմանադրությանը: Ես ուզում եմ կրթության և գիտության նախարարությանը հիշեցնել, բա երեխաների մասին ինչու՞ չէիք մտածում, որ ստիպելով, Հանրապետականի փուչիկները ձեռքը տալով քշում էիք Սերժ Սարգսյանի էժանագին քարոզչությանը և ես հիմա կոչով դիմում եմ Հայաստանի բոլոր դպրոցականներին. երեխեք ջան, ձեր բոլոր դպրոցներից հանե՛ ք Սերժ Սարգսյանի դիմանկարները և շպրտեք պատուհաններից»,- ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը: 20:50 Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել քաղաքացիների մեքենաները ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու հարցով: «Ապրիլի 16-18-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել առ այն, որ առանց հիմքերի ոստիկանության ծառայողների կողմից տրանսպորտային միջոցներ են տեղափոխվել Ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: Պաշտպանին այդպիսի տեղեկություն է փոխանցել նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը։ Ոստիկանությունից պահանջվել են պարզաբանումներ քաղաքացիների տրանսպորտային միջոցները պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու և դրանք այնտեղ պահելու պատճառների վերաբերյալ: Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ»,- ասվում է հաղորդագրությունում: 20:43 Հանրապետության հրապարակում շարունակվում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքը: Այժմ ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը: «Մեր հայտարարած հեղափոխությունը ալիքաձև տարածվում է Հայաստանի Հանրապետությունում և ողջ Սփյուռքում»,- ասում է Փաշինյանը: 20:20 Հանրապետության հրապարակում շարունակվում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքը: Այս պահին ելույթ է ունենում Ազգային ժողովի պատգամավոր Արարատ Միրոզոյանը. «Մենք նահանջելու տեղ չունենք, կրկեսի վերածելու հայրենիք չունենք»,- ասում է նա: 20։00 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սուրեն Պապիկյանը կարդաց այն պատգամավորների անունները, ովքեր քվեարկել են Սերժ Սարգսյանի վարչապետության օգտին։ 19։50 Ելույթ է ունենում «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը։  Այսօր Գյումրիում մի շարք մարդիկ շրջափակել են պետական շենքեր և այլ գործողություններ։ Այսօր նաև գործողություններ են իրականացրել Սփյուռքում։ 19:45 Հանրապետության հրապարակում հնչում է Հայաստանի հիմնը, ծածանվում է դրոշը։ 19։00 Մի քանի հազար ցուցարար երթով շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ։ 18:50 Արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվել է Էդվարդ Նալբանդյանը։ Պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակվել է Վիգեն Սարգսյանը։ 17:35 Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրառում է արել, որում տեցեկացնում է, թե ինչպես է հաշվարկվում ազատությունից զրկելու ժամանակը։ «Ազատությունից զրկելու ժամը հաշվվում է ոչ թե ոստիկանության բաժին մուտք գործելուց, այլ բերման ենթարկելու նպատակով ոստիկանի կողմից անձի ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելու պահից։ Լրագրողների փայլուն աշխատանքը հնարավորություն է տալիս րոպեական ճշտությումբ ամրագրել այդ ժամը...»,- գրել է նա։
17:30 Կարեն Կարապետյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ: Վաչե Գաբրիելյանը և Արմեն Գևորգյանը նշանակվել են փոխվարչապետ։ 17։00 ԵԼՔ․ ընդհանուր բերման է ենթարկվել 91 քաղաքացի ԵԼՔ-ը տեցեկացնում է, որ ժամը 14։00-ի դիմաց ՀՀ Ոստիկանության Մաշտոցի բաժնում բերման են ենթարկվել 4 քաղաքացի՝ Նարեկ Վլադիմիրի Բրիկալովը, Գրիգոր Վահանի Մանուկյանը, Նարեկ Վահանի Արշակյանը և անչափահաս Գոռ Աշոտի Վարդանյանը։ Բերման ենթարկելուց հետո այս քաղաքացիների կարգավիճակը փոխվել է և նրանք ներգրավվել են որպես վկաներ։ Էրեբունի բաժնում բերման են ենթակվել 15 քաղաքացի, որոնցից երեքը չեն նշել իրենց անունը։ Բերման են ենթարկվել հետևալ քաղաքացիները․ 1.     Վարդգես Գասպարի Լիվանի /հայտնի քաղակտիվիստ/ 2.    Արսեն Ռազմիկի Ուզունյան 3.    Սասուն խաչատուրի Տերտերյան 4.    Արման Հրաչյայի Աղաջանյան 5.    Հրաչյա Աշոտի Հակոբյան 6.    Հովհաննես Աշոտի Գրիգորյան 7.    Անի Սերյանի Հակոբջանյան 8.    Վահե Վախթանգի Դավթյան 9.    Անդրանիկ Մուշեղի Դանիելյան 10.  Միքայել Մասիսի Նազարյան 11.   Գոհար գագիկի Թադևոսյան 12.  Հրաչյա Հենրիկի Հովակիմյան Ընդհանուր բերման են ենթարկվել 91 քաղաքացի։ Այս պահին ազատ են արձակվել 37-ը։ 16:50 Ոստիկանություն․ բերման է ենթարկվել 87 քաղաքացի Այսօր ժամը 15։30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 87-ի։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը։ Ըստ Քոչարյանի, բերման ենթարկվածների թվում 20 անչափահաս կա։ Ոստիկանության շտաբի պետը նշեց, որ 87 բերման ենթարկվածներից 33-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, որը նախատեսում է 50 հազար դրամ տուգանք։ «54 անձի մասով ստուգվում է նաև զանգվածային անկարգություններին մասնակցելու հարցը, կատարվում են քննչական գործողություններ․ փողոցները փակելով հասարակական կարգ են խախտել, ոստիկանությունը չի հանդուրժում դա», - ասաց Ոստիկանության շտաբի պետը։ 16:45 Ուսանող, ակտիվիստ Դավիթ Պետրոսյան Ոստիկանները հիմք չէին ներկայացնում՝ ինչի համար են բերման ենթարկում, հարվածում էին ուսանողներին։ Ուսանողները շատ արագ մոբիլիզացվում են՝ «բռնոցի» օպերացիայի շրջանակում։ Այս գործողությունները «Ռեստարտ» շարժման հետ կապ չունեն։ Առանձին գործընթացներ են։ 16։40 Այս պահին ցուցարարները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը։ Նիկոլ Փաշինյանը համախոհների հետ հեռացել է խորհրդակցության։ 16։21 Երթի մասնակիցները շարժվում են դեպի արդարադատության նախարարություն՝ վանկարկելով «Միացե՛ք»։ 16։08 Մոտ մեկ ժամ է՝ կաթվածահար է քաղաքապետարանի հարակից ճանապարհների երթևեկությունը։ Այս պահին ցուցարարները թմբկահարում են։ Փաշինյանը պատմեց, որ թմբուկները նվեր են ստացել սփյուռքից։ 16:00 Save The Children կազմակերպության հայտարարությունը Մամուլում և սոցցանցերով շրջանառվում են լուրեր, որ ՀՀ Ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման են ենթարկվում անչափահասներ, որոնց նկատմամբ, ըստ նույն աղբյուրների, կիրառվում է բռնություն։ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության Երեխայի պաշտպանության հարցերով փորձագետը հաստատել է, որ այս պահին Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքում բերման է ենթարկված վեց անչափահաս, որոնց մի մասի ծնողներն արդեն բաժանմունքում են, սակայն կազմակերպության սահմանափակ լիազորությունների պատճառով հնարավոր չէ հերքել կամ հաստատել բռնության ենթարկվելու փաստերը։ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը փոխանցում է ողջ տեղեկատվությունը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին։ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը հորդորում է ՀՀ Ոստիկանությանը զերծ մնալ բերման ենթարկվող անձանց հանդեպ որևէ տեսակի ֆիզիկական կամ հոգեբանական բռնության հնարավոր կիրառումից, իսկ բերման ենթարկված անչափահասներից յուրաքանչյուրի համար անհապաղ ապահովել ծնողի կամ օրինական ներկայացուցչի ներկայություն և որևէ գործողություն չձեռնարկել՝ վերջիններիս բացակայության պայմաններում։ Անհրաժեշտության դեպքում «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը պատրաստ է տրամադրել իրավաբանական և հոգեբանական աջակցություն տուժած անչափահասներին։ 15:59 Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը զրուցել է Ազատություն ռադիոկայանի հետ։ Ասել է՝ իշխող Հանրապետականը երկխոսության և համերաշխության կոչ է անում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին՝ զգուշացնելով, որ նա պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր քաղաքացու համար: «Չի կարելի էդ երիտասարդներին, երեխաներին, որոնք առաջին քայլերն են կատարում որպես քաղաքացիներ, տանել դեպի հիասթափություն, չի կարելի նրանց էմոցիաների հետ խաղալ, սա է խնդիրը։ Անչափահասներին ո՞ւր են տանում, սա էլ է վտանգավոր։ Անչափահաս երեխաներին տանում ես միտինգ․․․ նրանք փոքր են, չեն հասկանում, գնում են, թամաշա չի չէ՞ դա», - ասել է ՀՀԿ խոսնակը։ 15։57 Մոսկվան հետևում է Հայաստանում կատարվող իրադարձություններին․ Կրեմլ 15:30 Շաբաթ օրը «Հայկական վերածնունդ» շարժման Փարիզի մասաճյուղի անդամ Շանթ Ոսկերիչյանը տարածել էր տեսանյութում Փարիզում անցած բողոքի ակցիայից։
15։07 ՍիվիլՆեթի լրագրողի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարները այժմ շարժվում են դեպի քաղաքապետարան։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ֆրանսիայի հրապարակում սադրանքների վերաբերյալ տեղեկություն ունեն։ 14։38 Երթը հասավ Քաղաքապետարան։ Գլխավոր մուտքը փակ է ոստիկանների կողմից։ 14:32 Այսօրվա հանրահավաքին կմիանա դերասան Հովհաննես Ազոյանը, ասաց Փաշինյանը։ 14:21 Որոշ գերատեսչություններում Ֆեյսբուք սոցիալական ցանցը, YouTube-ը անջատվել են, ահազանգում է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը։
14:19 Փաշինյանը ողջունում է ՀԱԿ-ի հայտարարությունը։ 14։15 Հանցագործության կատարման կասկածի բացակայության դեպքում բերման ենթարկվածներն ազատ կարձակվեն. Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյան, հաղորդում է Ազատությունը։ 14։14 Սա ալիքաձև պրոցես է և լուծելու է Հանրապետականի հարցը, մաշվելուց չենք վախենում․ Փաշինյան 14։14 Ֆրանսիայի հրապարակի ցուցարարների կոչ եմ անում միանալ մեզ և չտրվել սադրանքների․ Փաշինյան 14։13 Սերժ Սարգսյանը այսօր էլ չի կարող չզգալ, որ իր իշխանությանը վտանգ է սպառնում։ Բռնության առիթ չենք տա։ Ի վիճակի ենք համբերատար, խաղաղ ու թավշյա հեղափոխություն իրականացնել․ Փաշինյան 14:12 Կարծում եմ՝ այսօրվա հանրահավաքին հետաքրքիր հյուր կունենանք․ Փաշինյան 14։10 Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին։ 13։48 Պատգամավոր Լենա Նազարյանը տեղեկացնում է, որ քննչական կոմիտեից իրեն հայտնել են, որ երեկ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից ոչ ոք բերման չի ենթարկվել։
13։43 Առավոտյան ահազանգ էր ստացվել, որ թիվ 88 դպրոցի երեխաները դուրս են եկել դասադուլի, նրանց բերման են ենթարկել։ ՍիվիլՆեթի թղթակիցը զրուցել է դպրոցի պահակի և ուսուցիչների հետ, նրանք պնդում են, որ ոստիկանները առնչվել են ոչ թե դպրոցականների, այլ մերձակայքում գտնվող ցուցարարների հետ։ 13։20 ՍիվիլՆեթին հետևողներից մեկը տեսանյութ է ուղարկել Մարսելում հայության կազմակերպած բողոքի ակցիայի մասին։
13:06 Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը տեղեկացնում է, որ երեկ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում սադրանք հրահրած երիտասարդներին ոստիկանությունը բաց է թողել։
12։57 Ըստ ՍիվիլՆեթին հասած հավաստի տեղեկությունների՝ Մոսկվայում մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ դեսպանատանը։ Ռուսաստանցի իրավապահները հավաստիացրել են, որ դեսպանության տարածքում կարող են անել ցանկացած բան։ Տղաները, հետևելով այդ հավաստիացմանը, դժվարությամբ մտել են դեսպանության տարածք, ելույթ ունեցել Նիկոլ Փաշինյանի օրինակով։ Այդ պահին դեսպանության տարածք են մտել ՌԴ ոստիկաններ, տղաներին նստեցրել «Վիլիս» ավտոմեքենա, նրանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Պարզ չէ՝ ինչից։ Ասում են՝ սրտի սպազմից։ Տղաներին ապա նստեցրել են «Հոնդա» մակնիշի մեքենա և տարել անհայտ ուղղությամբ։ 12:55 Երթի մասնակիցները անցնւում են Մանկավարժական համալսարանի կողքով։ Քայլում են Ալեք Մանուկյան փողոցով։ 12:49 Մենք չենք վերածվի Արևմտյան Ադրբեջանի․ Փաշինյան Վանկարկում են՝ Քայլ արա, Մերժիր Սերժին։ 12։46 Տեղեկություն ունենք, որ Նորքի 7-րդ զանգվածի դպրոցներից մեկի աշակերտները ուզում են դասադուլ անել, սակայն նրանց ճնշում են․ Փաշինյան 12:43 Ոստիկանության հաղորդագրությունը «16.04.2018թ. ՀՀ ոստիկանության կողմից «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով որոշում է կայացվել դադարեցնել հավաքը, և այդ մասին իրազեկվել է հավաքի կազմակերպիչը, ով արհամարհելով այն՝ շարունակում է հիշյալ որոշմանը չենթարկվելու կոչերը: ՀՀ ոստիկանության բազմաթիվ հայտարարություններից և նախազգուշացումներից հետո հավաքի կազմակերպիչները շարունակում են հակաիրավական գործողությունները: ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչներին դադարեցնել ապօրինի գործողությունները, հակառակ դեպքում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող՝ հավաքը ցրելու համաչափ գործողությունների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև իրավական ներգործության համաչափ միջոցների կիրառման բոլոր հետևանքների պատասխանատվությունը ընկնում է կազմակերպիչների վրա»։ 12։41 Պաշտպանի արագ արձագանքման խմբերն այցելում են Ոստիկանության բաժիններ․ ՄԻՊ 12։40 Երթը դուրս է գալիս ԵՊՀ-ի տարածքից։ 12:32 Այսօրվա հանրահավաքը՝ ժամը 19։00-ին Հանրապետության հրապարակում, հիշեցնում է Նիկոլ Փաշինյանը։ 12։26 Երևանի Մաշտոց-Թումանյան խաչմերուկի տարածքում զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել․ դատախազություն «Նկատի ունենալով, որ առերևույթ առկա են քաղաքացիների ու հասարակության անվտանգության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունները խախտող իրադարձության՝ բռնությամբ, գույքի վնասմամբ զուգորդված հասարակական անվտանգությունը վտանգող՝ զանգվածային անկարգություն կազմակերպելու, անմիջականորեն ղեկավարելու և զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելու, գույք վնասելու հատկանիշներ՝ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին: Ոստիկանությանը հանձնարարվել է դեպքի բոլոր մասնակիցներին ներկայացնել նախաքննությունն իրականացնող մարմնին»։ 12։25 ԵՊՀ-ն պետք է լինի ուսանողների ազատության սիմվոլը։ Երբ տեղի էր ունենում այսօրվա երթը, զանգեր էինք ստանում հայաստանյան այլ բուհերից, թե ուսանողների առաջ դռները փակվել են, և նրանք չեն կարողանում դուրս գալ։ Մեծագույն խայտառակություն է, երբ որևէ բուհը փակվում է ուսանողների առաջ․ Փաշինյան Վանկարկում են՝ Ազա՛տ, անկա՛խ ուսանող։ 12:20 Երթի մասնակիցները կենտրոնացել են ԵՊՀ-ի գլխավոր մուտքի մոտ։ Փաշինյանը ելույթ է ունենալու։ 12։10 Երթը մտել է ԵՊՀ։ Վանկարկում են՝ Դասադուլ, դասադուլ։ 12։05 ԵՊՀ-ի բակից կարմիր բերետավորները բերման են ենթարկել ուսանողների, հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը։ 12:01 «Զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից»․ ԿԳՆ Կրթության և գիտության նախարարությունը հորդորում է քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին և անհատներին զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից: «Նկատի ունենալով, վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին դպրոցահասակ երեխաների և դեռահասների ներգրավման հրապարակային կոչերը՝ Կրթության և գիտության նախարարությունը հորդորում է քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին և անհատներին զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից»: Նախարարությունը միաժամանակ, կոչ է անում ծնողներին, հաշվի առնելով դպրոցահասակների անվտանգության խնդիրը և տարիքային առանձնահատկություններին բնորոշ զգացմունքայնությունը, դրսևորել հետևողականություն և, համագործակցելով ուսումնական հաստատությունների հետ, բացառել սովորողների անուշադրության տիրույթում հայտնվելու հնարավորությունը»,- ասված է հայտարարությունում: 11։58 Հայաստանում կա երկու իրականություն․ մեկը՝ հեռուստատեսության պատկերը, մյուսը՝ փողոցները, որտեղ հազարավոր մարդիկ պահանջում են Սերժ Սարգսյանի հեռացումը, ասում է Թաթուլ Հակոբյանը։ 11։57 Երթը հասել է Ճարտարագիտական համալսարան։ Ուսանողները ձեռքով ողջունում են երթի մասնակիցներին։ 11։50 Նախագահ Արմեն Սարգսյանը պատշգամբից հետևում էր երթին, պատմում է Թաթուլ Հակոբյանը։ Նրա խոսքով՝ ցուցարարները անգամ կանգ չառան նախագահի նստավայրի մոտ, որն այժմ գտնվում է Մաշտոցի 47 հասցեում։ 11։48 Մարդիկ պատշգամբներից տեսանկարում են ցույցը, ոստիկաններն այլևս չեն միջամտում։ Ցուցարարները հասել են Մատենադարան՝ դեպի Կորյոււն։ Շարունակում են վանկարկել՝ Միացե՛ք, միացեք։ 11:45 Միացե՛ք, միացե՛ք՝ վանկարկում են ցուցարարները։ 11։41 Փաշինյանին խոստացել են, որ բերման ենթարկվածները շուտով ազատ կարձակվեն։ 11։38 Երթուղին, ըստ Փաշինյանի, լինելու է Մաշտոցով դեպի Շրջանային, հետո Աբովյան։ 11։37 Ժողովրդի մի հատվածին շրջափակման մեջ են պահում։ Փաշինյանը ասում է ոստիկաններին, որ նրանց նկատմամբ բռնություն չկա։ 11:35 Փաշինյանի գլխավորած երթը հասավ Ֆրանսիայի հրապարակ, բանակցում է ոստիկանների հետ։ 11:33 Շրջանայինից բերման են ենթարկել տասնյակ ուսանողների։ 11։31 Շրջանայինը փակել են, բերման են ենթարկում։ 11։30 Ֆրանսիայի հրապարակից բերման են ենթարկում քաղաքացիներին։ 11։25 ՍիվիլՆեթի թղթակիցն ասում է, որ Ֆրանսիայի հրապարակում ոստիկաններն ավելի շատ են, քան ցուցարարները։ 11։21 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթը Բաղրամյան 26-ից իջնում է դեպի Ֆրանսիայի հրապարակ։ 11։17 Ցուցարարներին հեռացնում են Ֆրանսիայի հրապարակից, պատնեշ են ստեղծել։ Ցուցարարների բերման ենթարկելու համար ավտոբուս է եկել։ 11:10 Ֆրանսիայի հրապարակում մեծ թվով ոստիկաններ կան, բերվել են պատրաստականության։ Լարված վիճակ է։ 10։58 Ցուցարարները Բաղրամյան 26-ում են։ Կուտակված են մեծ թվով իրավապահներ։ 10։57 Բաղրամյան 26-ի շրջափակումը սկսված է․ Փաշինյան 10։56 Եկել ենք հեռացնելու Սերժ Սարգսյանին և Հանրապետականին․ Փաշինյան 10։55 Հասան Բաղրամյան 26, ոստիկաններին են ողջունում։ Փաշինյանը բացառում է որևէ բռնություն ոստիկանի հանդեպ։ 10։53 Դեպի ԱԺ մուտքը տանող ճանապարհը՝ Դեմիրճյան փողոցում, փակվեց ոստիկանների կողմից։ 10:50 Ցուցարարները հասել են Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ, ոստիկանները չեն խոչընդոտում։ 10:45 Երթը շարժվում է Բաղրամյան պողոտայով։ 10։40 Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել։ Վաշինգտոնը ուշադիր հետևում է հայաստանյան ցույցերին։ 10։35 Շրջանաձև փակվում է Ֆրանսիայի հրապարակը, դադարեցվում է երթևեկությունը խաչմերուկում։ 10։33 Արդեն կան գործընթացներ, որոնք անշրջելի են․ Փաշինյան 10։31 Կապ ենք հաստատում Սերժ Թանկյանի ու Շառլ Ազնավուրի հետ․ Փաշինյան 10։30 Պիտի փորձենք կաթվածահար անել պետական համակարգի աշխատանքը․ Փաշինյան 10։29 Երեկվա թիվ մեկ իրադարձությունը ոչ թե Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալն էր, այլ հանրահավաքը․ Փաշինյան 10։28 Մենք երեկ ունեինք մտավախություններ, որ զանգվածային ձերբակալություններ կլինեն, սակայն համահայկական ներկայությունը կանխեց դա․ Փաշինյան 10։27 Բջնի գյուղում փողոց են փակել, ասում է Փաշինյանը։ 10։25 Այսօր ժամը 19։00-ին՝ հանրահավաք Հանրապետության հրապարակում, որի ընթացքում Փաշինյանը կներկայացնի գործողությունների պլանը։ 10։15 «Մենք ունենք ողջ հայության աջակցությունը, որը մեր անվտանգության երաշխիքն է»,- նշեց Փաշինյանը։ Գիշերը Մաշտոց- Թումանյան խաչմերուկում տեղի ունեցած բախումն ու ծեծկռտուքը, Փաշինյանի խոսքով, կազմակերպել էին «Շմայսի բրիգադները»։ «Դա հնդկական կինո է, սցենարի հեղինակը Սերժ Սարգսյանն է, ռեժիսորը՝ ոստիկանությունը, ռեժիսորի ասիստենտը՝ Շմայսը»,- ասաց Փաշինյանը։ 10:00 Ֆրանսիայի հրապարակի մերձակայքում երիտասարդներ են հավաքվում։ Հանրահավաքը նախատեսված է ժամը 10։00-ին։ Նիկոլ Փաշինյանն իր ՖԲ էջում ուղիղ եթերում տեղեկացնում է, որ գնում է Ֆրանսիայի հրապարակ։ Նա ասում է, որ ժողովրդական հեղափոխությունը նոր փուլ է մտել։ Փաշինյանի խոսքով՝ Սփյուռքի երևելի գործիչները պետք է նույնպես ներգրավվեն։ Նա շնորհակալություն է հայտնում Հայաստանի մտավորականությանը, որը ներկա է եղել ցույցերին։ Այսօր նույնպես նախատեսվում է հանրահավաք Հանրապետության հրապարակում, ինչպես նաև քաղաքացիական անհնազադության գործողություններ, ճանապարհների շրջափակում։ Փաշինյանն առաջարկում է շրջափակումն անել ոչ թե առարկաների օգնությամբ, այլ մարդկանցով։ Նա կոչ է անում բոլորին սադրանքների չտրվել։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում