Գլխավոր Լրահոս

Հայաստանի ճակատագիրն առանց պաթոսի

Հայաստանի ճակատագիրն առանց պաթոսի

Հայկ Տեր-Ներսիսյան

Բոլոր հեղափոխություններին հաջորդում է անորոշության մթնոլորտը, ինչը փոխկապված է արտաքին և ներքին վերադասավորումների հետ։ Փորձենք հասկանալ, թե մոտ ապագայում ինչ սցենարներով կարող է զարգանալ իրավիճակը Հայաստանում։

Հայաստանում տիրող ներկա քաղաքական իրավիճակից բխող հնարավոր ապագա զարգացումները կանխատեսելու համար ուզում եմ դիմել ամերիկացի սոցիոլոգ–քաղաքագետ Ջեյմս Դեյվիսի (James A. Davis) սահմանած և քաղաքագետ Յան Բրեմերի (Ian Arthur Bremmer) վերաձևակերպած J-Curve (J-կոր) տեսությանը։

 J – կորը

J-կորը ունի լատիներեն J տառի տեսքը և գտնվում է կայունության և ժողովրդավարության տիրույթում։

 

Կտրուկ փոփոխությունների ժամանակ առաջանում է անորոշության մթնոլորտ, որն առաջացնում է կայունության անկում։ Անորոշության ընթացքը հաղթահարելուց հետո սկսվում է տնտեսական զարգացումը։ Այս տեսությունը կիրառելի է նաև քաղաքական ցնցումների ժամանակ։

Ա. J-կորի ձախ մասում են գտնվում տոտալիտար և ավտորիտար երկրները, որոնց կառավարման մոդելը հիմնականում հենված է անհատների (Ստալին, Մաո, Կիմ Չեն Ուն և այլք) կամ միակուսակցական համակարգի վրա (օրինակ՝ կոմունիզմ )։ Թեև հակաինտուիտիվ է, բայց ժողովրդավարության բացարձակ բացակայության  պայմաններում նույնիսկ այս տիպի երկրներում տիրում է կայունություն։ Անգամ տնտեսական վատ պայմաններում ազատ մամուլի և լրատվամիջոցների, ինչպես նաև ընդդիմության բացակայությունը երաշխավորում են այդ կայունությունը, իսկ ժողովրդի բողոքը ճնշվում է ուժով՝ սերմանելով վախի մթնոլորտ:

Բ. J-կորի աջ մասում գնտվում են կայացած ժողովրդավարությունները, որտեղ ամուր ինստիտուցիոնալ կառույցներն են երաշխավորում երկրի կայունությունը՝ անկախ այդ երկրներում տեղի ունեցող ցնցումներից կամ ընտրությունների արդյունքներից։ Այդպիսի երկրներից են Նորվեգիան, Ճապոնիան, ԱՄՆ-ը և այլն։

Գ. J-կորի ստորին մասում են անցումային շրջանում գտնվող երկրները, որտեղ առկա են ցնցումներ, իսկ որոշ դեպքերում դրանք նույնիսկ վերածվում են քաղաքացիական պատերազմների։ Սա անորոշության ամենավտանգավոր տիրույթն է։ Այս մասում գտնվող երկրները որոշ ժամանակ անց անցում են կատարում Ա կամ Բ տիրույթ կամ էլ մնալով Գ տիրույթում՝ հայտնվում են քաղաքացիական խոր ճգնաժամի կամ քաղաքացիական պատերազմի շեմին։ Այս տիրույթում էր գտնվում Ռուսաստանը 1990-ականներին, և միայն 1999-ից սկսած աստիճանաբար տեղափոխվեց Ա տիրույթ` կայունացնելով համակարգը, սակայն զոհաբերելով ժողովրդավարության զարգացումը։ Այժմ այս տիրույթում է Ուկրաինան, որն ի վիճակի չէ դուրս գալ քաղաքական ճգնաժամից։

Թավշյա հեղափոխություն

Հայաստանը մինչև Թավշյա hեղափոխությունը գտնվում էր J-կորի ձախ մասում, բայց ոչ այդ մասի բարձրակետում, քանզի Հայաստանը ամբողջովին ավտորիտար կամ տոտալիտար համակարգ չուներ։ Հայաստանն ուներ բավականաչափ ազատ լրատվական դաշտ, թուլացած, բայց գործող ընդդիմություն և շատ ուժեղ իշխանական թև, որը հիմնված էր Սերժ Սարգսյանի անձի և Հանրապետական կուսակցության վրա:  Այս համակարգը գործում էր անարդյունավետ, բայց կայուն։ Բոլորը մոտավորապես գիտեին վաղվա օրը։ Գիտեին, թե որտեղ և ինչքան տալ կաշառք, գիտեին, թե ինչ հարցով որ ծանոթին դիմեն։ Գիտեին սահմանված խաղի կանոնները։ Այժմ, այդ ստատուս քվոն խախտվել է։ Խաղի նոր կանոնները դեռ պետք է ձևավորվեն, որոնք ստեղծելու են ներքաղաքական նոր պայքար և դրանից բխող անորոշություն: Համակարգը մեծ պոտենցիալ ունի` J-կորի առանցքով շարժվելու աջ՝ դեպի ինստիտուցիոնալ ժողովրդավարական համակարգ, սակայն այդ ճանապարհը հղի է բազմաթիվ պոտենցիալ ցնցումներով: Համայն Հայության նպատակը պետք է լինի այդ ցնցումները հնարավորինս սահուն հաղթահարելը և Հայաստանն անորոշության տիրույթից դուրս բերելը: 

Երկրի կայունությունն ունի երկու կրիտիկական բաղադրիչ.

 1. արտաքին ցնցումներին դիմակայելու կարողություն,

2. ներքին ցնցումները սահուն հաղթահարելու ունակություն։

Արտաքին ցնցումներին դիմակայելու համար նոր իշխանությունը պետք է հաշվի առնի կարևորագույն խաղացողների շահերը։ Ավելի կարևոր է ճշգրիտ սահմանել բոլոր այդ խաղացողների հավակնություններն ու ռիսկերը, օրինակ․

Որքանո՞վ է հանդուրժելի Ռուսաստանի կամ Արևմուտքի կողմից իրանական գազ ներմուծելու գործոնը։ 

Ո՞րքանով է հանդուրժելի Ռուսաստանի կողմից` արևմտամետ կազմակերպությունների ներկայությունը այս նոր` դեպի ժողովրդավարություն ձգտող Հայաստանում։ Ունենալով առավելագույն ազդեցություն Հայաստանում, Ռուսաստանը արդյոք չի՞ համարում այլ ուժերի ներկայությունը` որպես վտանգ իր շահերին։ Եթե այո, ապա ո՞րքան է վտանգի գործոնը:

Ինչպե՛ս են գնահատում հայաստանյան վերջին զարգացումները արևմտյան մայրաքաղաքներում։ Արդյոք Թավշյա hեղափոխությունը դիտարկվո՞ւմ է որպես հնարավորություն` ավելի ամրապնդելու իրենց դիրքերը Հայաստանում՝ ի վնաս Իրանի կամ Ռուսաստանի։ 

Ճգնաժամային բոլոր իրավիճակները նաև հնարավորություն են, և դա գիտեն բոլոր արտաքին խաղացողները։ Շատ գրագետ են վարվում Թավշյա հեղափոխության առաջնորդները՝ ասելով, որ աշխարհաքաղաքական որևէ կտրուկ քայլ չի լինելու։ 

Ներքին ցնցումները սահուն հաղթահարելու ունակությունը կախված է հայ ժողովրդի միասնականությունից, ինստիտուցիոնալ սրընթաց բարեփոխումներից, Հանրապետական կուսակցության ազդեցության չեզոքացման չափից և խոշոր տնտեսվարողների՝ ապագա զարգացումներում դեր ունենալու հանգամանքից։  

Կան նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են բանակը, սփյուռքը, արտաքին խաղացողների փոխհարաբերությունները (օրինակ՝ Արևմուտք-Իրան):

Բոլոր այս գործոնները, անշուշտ, կարող են խթանել կամ խոչնդոտել Հայաստանի ընթացքը J-կորով: Սակայն մեկ բան պետք է հստակ գիտակցել՝ կայունությունը զարգացման միակ գրավականն է, իսկ ժողովրդավարական կայունությունը՝ զարգացման և առաջընթացի միակ ուղին:

Հեղինակի մասին

Հայկ Տեր-Ներսիսյանը Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային հարաբերությունների դպրոցի շրջանավարտ է, Լույս հիմնադրամի կրթաթոշակառու։ Նրա ուսումնասիրությունների տիրույթում է քաղաքական ռիսկի վերլուծությունը։ Տեր-Ստեփանյանը մոտ 15 տարվա աշխատանքային փորձ ունի ֆինանսական ծառայությունների ոլորտում, ներկայում աշխատում է Նյու Յորքում՝ խորհրդատվական խոշոր քառյակի ընկերություններից մեկում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում