ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր անդրադարձել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ազատ արձակելու դատարանի որոշմանը։
«Ոստիկանները և քննչական մարմիններն արեցին իրենց գործը, իսկ մեր Հայաստանի Հանրապետությունում գիտեք ովքեր են, որ մարմիններն են իրականացնում արդարադատություն։ Դատարանն այդպես որոշեց։ Ես կխնդրեմ այդ հարցերն ուղղել համապատասխան մարմնին», - ասել է Օսիպյանը։
Հարցին, թե ոստիկանությունն ունի՞ տեսանյութեր, որոնք վկայում են զանգվածային անկարգություններին Մասիսի քաղաքապետի և նրա կողմնակիցների մասնակցության մասին, Օսպիյանը պատասխանել է, որ «երևի բավարար տեսանյութեր եղել են, որ քննչական մարմնի հետ նման որոշում են կայացրել»։
Հունիսի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ձերբակալումը և կարգադրեց նրան անհապաղ ազատ արձակել, միևնույն ժամանակ մերժեց նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու քննիչի միջնորդությունը։ Այս մասին գրառում էր արել նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Դավիթ Համբարձումյանին ու ևս չորս անձի մեղադրանք է առաջադրվել ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի շրջանակներում։ Ըստ Քննչական կոմիտեի՝ այդ օրը մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, այսինքն՝ նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու համար։
Դավիթ Համբարձումյանի ազատ արձակման լուրը ոչ միանշանակ է ընդունվել շատերի կողմից։