Գլխավոր Լրահոս

Մարտի 1-ի գործը վերաբացված է․ Քոչարյանը՝ հարցաքննության, Միքայել Հարությունյանը՝ մեղադրյալ

Մարտի 1-ի գործը վերաբացված է․ Քոչարյանը՝ հարցաքննության, Միքայել Հարությունյանը՝ մեղադրյալ
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության Հատուկ քննչական ծառայություն՝ 2008 թվականի մարտի 1-ի գործով։ Հատուկ քննչական ծառայությունում ՍիվիլՆեթին հաստատեցին այս լուրը՝ նշելով, որ առայժմ դրա մասին պաշտոնական հաղորդագրություն չկա։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն էլ Ազատությանը հայտնել է, որ ժամը 17:00-ի դրությամբ հարցաքննության ծանուցում չեն ստացել, իսկ ինքը՝ Քոչարյանը, Հայաստանում չէ։ Այսօր Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել նաև, որ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը։ Նա մեղադրվում է 2008-ի փետրվարի 23-ից մարտի 2-ն ընկած ժամանահատվածում այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Նշվում է նաև, որ «պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը և մյուս պաշտոնատար անձինք ՀՀ Սահմանադրության խախտմամբ Հայաստանի Հանրապետությունում փաստացի հաստատել են ռազմական դրություն, զինված ուժերն օգտագործել են քաղաքական հարցերում, խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ»: Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: 2008-ի փետրվարի 19-ին Հայաստանում բազմաթիվ ընտրախախտումներով և վարչական ռեսուրսի չարաշահումներով տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը։ Նրա մրցակից, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և կողմնակիցները չընդունեցին ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ Տեր-Պետրոսյանը ստացել էր 21,5 տոկոս ձայն, իսկ Սերժ Սարգսյանը՝ 52.8 տոկոս։ Ընտրություններին հաջորդած հանրահավաքներն ու խաղաղ ցույցերն ավարտվեցին իշխանությունների կողմից բռնի ուժի գործադրմամբ մարտի 1-ին, ինչի արդյունքում զոհվեց  տասը հոգի, մոտ 300-ը վիրավորվեցին։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրում հայտարարեց արտակարգ դրություն։ Բանակային ստորաբաժանումներ մտցվեցին Երևան։ 2008-ի մարտի 1-ին ժողովրդական ցույցը ղեկավարում էր Նիկոլ Փաշինյանը՝ այն ժամանակ Տեր-Պետրոսյանի գլխավոր աջակիցներից։ Փաշինյանի նկատմամբ հայտարարվում է հետախուզում, նա անցնում է ընդհատակ և ներկայանում է դատախազություն միայն 2009-ի հուլիսին։ Դատապարտվում է յոթ տարվա ազատազրկման զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ Երկու տարի անց՝ 2011-ի մայիսին, համաներմամբ ազատ է արձակվում։ Տասը տարվա ընթացքում Մարտի 1-ի գործով որևէ մեկը իրավական պատասխանատվության չի ենթարկվել։ Փաշինյանը իր բազմաթիվ հրապարակային ելույթներում և հոդվածներում Մարտի 1-ի համար պատասխանատու է համարել այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և մյուսներին և բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Մարտի 1-ի մեղավորները պետք է պատժվեն։ 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը հայտարարել է, որ Մարտի 1-ի գործի բացահայտումը իր կառավարության առաջնահերթություններից է։ Զառա Պողոսյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում