ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում` հուլիսի 14-ին Գնդեվանքի տարածքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղաշարժն արգելափակելու դեպքի վերաբերյալ։
«Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում 2018 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 18:46-ին, «Շտապ» խորագրի ներքո հրապարակվել էր տեղեկատվություն առ այն, որ «Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառնալիքներ են հնչեցնում։ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր պետին վտանգ է սպառնում»։
Նշված հրապարակման առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային վարչությունում նախապատրաստվում են նյութեր, որի շրջանակներում քննության առարկա են դարձվել դեպքի վերաբերյալ համացանցում առկա տեսանյութերը:
Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան աշխատակիցներին՝ միջոցներ ձեռնարկել՝ դեպքի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, գործի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
***
Հուլիսի 14-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Վայոց ձորի մարզում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները շրջափակել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մեքենան։
«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը պահանջում է, որ Վեհափառը հեռանա։ Օրերս ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այն, ինչ տեղի է ունենում, «ներեկեղեցական հարց է, որին կառավարությունը չպետք է միջամտի»:
Civilnet











