«Քեթրին Գրուպ», ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ»
ընկերություններում հարկային համալիր ստուգումների արդյունքում պետական բյուջե է վճարվել շուրջ 600 միլիոն ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն։ ՊԵԿ քննչական վարչությունում որոշումներ են կայացվել ընկերություններում բյուջեի վերստուգումներ նշանակելու մասին, ասված է Պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրությունում։ «Քեթրին Գրուպ»-ը փոխկապակցված է ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի հետ։
«ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում դեռևս 2018 թվականի մայիս ամսին արևադարձային մրգերի ներկրմամբ և
մանրամեծածախ վաճառքով զբաղվող «Քեթրին Գրուպ», ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում նշանակվել են հարկային համալիր ստուգումներ, որոնց արդյունքում այդ ընկերությունների կողմից պետական բյուջե է վճարվել շուրջ 600 միլիոն ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ: Վերոգրյալի հիման վրա ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով 2018թ-ի մայիսի 16-ին որոշում էր կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ պետությանը պատճառված վնասը վերականգնված լինելու հիմքով: Հարկային մարմնի հետագա հսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հիշյալ ընկերություններին լրացուցիչ վճարման ենթակա հարկային պարտավորությունների առաջադրման նոր հիմքեր, որի հիման վրա դատախազի կողմից որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացնելու մասին:
ՊԵԿ քննչական վարչությունում քրեական գործով վարույթը վերսկսվել է, որոշումներ են կայացվել «Քեթրին Գրուպ»,
«Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում հարկային համալիր վերստուգումներ նշանակելու մասին: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:
Civilnet











