Ալեքսանդր Գրիգորյան, Հայաստանի ամերիկյան համալսարան
Մետաղական հանքերի շահագործումը սոցիալական տեսանկյունից կարող է թանկ արժենալ: Հանքը շահագործվում է արդյունավետ, եթե սոցիալական օգուտները համադրելի են սոցիալական ծախսերին: Ոլորտում սոցիալական ծախսերը սովորաբար ավելի բարձր են, քան արդյունահանման ուղղակի ծախսերը, և տարբերությունը լրացվում է հարկերի ու տուրքերի միջոցով: Սոցիալական տեսանկյունից հանքի արդյունավետ շահագործումը հնարավոր է դառնում, եթե․ հանքի բիզնեսի գործունեության հետ կապված բոլոր ռիսկերը բացահայտված են, (ii) հարկերի ու տուրքերի միջոցով բոլոր տեսակի սոցիալական ծախսերը ենթակա են վերականգնման:
Եթե այս խնդիրների լուծումները թողնենք հանքին, ապա դրանք կձևակերպվեն այնպես, որ ծախսերը հասցվեն նվազագույնի (ոչ միայն սոցիալական, այլև շահագործման, քանի որ դրանք փոխկապված են):
Պետությունը ուղղակի պարտավոր է անել իր տնային աշխատանքը, որն է՝ ստանալ հանքի գործունեության հետ կապված ամբողջական պատկեր և, մասնավորապես, պարզել հանքի գործունեության զուտ ազդեցությունը ազդակիր համայնքների վրա:
Եթե իշխանության նպատակը սոցիալական շահը առավելագույնի հասցնելն է, այդ դեպքում ոլորտի պետական քաղաքականության արդյունավետությունը մասնագիտական և տեխնիկական հնարավորությունների խնդիր է, որը ժամանակի ընթացքում հաղթահարելի է: Եթե, այնուամենայնիվ, իշխանական էլիտայի շահերը առաջնային են կառավարության համար, ապա դատական, օրենսդիր և գործադիր մարմինները անմնացորդ նվիրվում են այդ գործին:
Հանքարդյունաբերությունը բիզնեսի տեսանկյունից դառնում է խիստ շահավետ, քանի որ ծախսային հատվածում բնական պաշարների օգտագործման և բնապահպանական ծախսերը արդյունավետ կերպով նվազեցվում են:
Նկատենք, որ հանքի բիզնեսում պոտենցիալ ներդրողը չի կարող հաշվի չառնել ինստիտուցիոնալ գործոնը: Հանքը ավելի էժան է շահագործել իշխանական էլիտա ունեցող երկրներում, քանի որ բիզնես միջավայրը թույլ է տալիս անտեսել բնական պաշարներին հասցվող վնասը: Իհարկե, պետք է ունենալ գործընկերներ էլիտայից, որպեսզի ամեն ինչ հարթ ընթանա: Բիզնեսի տեսանկյունից սա օպտիմալ որոշում է: Նաև, այն հանքերը որոնք համեմատաբար աղքատ են և, հետևաբար, սոցիալական տեսանկյունից առավել ծախսատար, կարող են դառնալ գրավիչ միայն վատ ինստիտուտների պայմաններում: Մյուս կողմից, որպեսզի հանքերը ներդրողների համար դառնան գրավիչ, բնական ռեսուրսների օգտագործման դիմաց վճարները պետք է լինեն ցածր, և ընդհանուր առմամբ բնապահպանության հետ կապված խնդիրները լինեն հեշտ լուծելի: Արդյունքում, ոլորտում պոտենցիալ ներդրողները հեշտորեն դիրքավորվում են այն երկրներում, որտեղ շրջակա միջավայրի նկատմամբ պահանջները ցածր են:
Անարդյունավետ ինստիտուտներ ունեցող երկրներում այդ պահանջները սովորաբար ցածր են: Գծապատկեր 1-ում արտացոլվում է 2008 թ. ժողովրդավարության և էկոլոգիայի համաթվերի միջև ուղիղ համեմատական կապը աշխարհի 113 երկրների համար: Մենք օգտագործում ենք Economist Intelligence Unit-ի մշակած ժողովրդավարության համաթիվը (1-ից 10, աճողական) և Environmental Performance Index-ը որպես երկրի էկոլոգիայի ցուցիչ (0-ից 100, աճողական): Մենք վերցնում ենք 2008 թ. տվյալները, քանի որ այսօրվա բազմաթիվ հանքերի շահագործման հետ կապված որոշումներ կայացվել են տարիներ առաջ՝ հաշվի առնելով այդ ժամանակների ինստիտուտների ու էկոլոգիայի վիճակը: Այստեղ Հայաստանը շատ մոտ է ընհանուր գծային տրենդին:
Գծապատկեր. 2008 թ.ի ժողովրդավարության և էկոլոգիայի համաթվերի միջև կորելյացիան

Այսօր Հայաստանում ձևավորվում են քաղաքական և տնտեսական նոր որակի ինստիտուտներ: Հաջորդ տարվա համար մենք սպասում ենք ժողովրդավարության մակարդակն արտացոլող համաթվերի շեշտակի աճ:
Մյուս կողմից հանքարդյունաբերության ոլորտի նախագծերը և ներդրված գումարները շարունակում են հիմնված լինել ինստիտուտների նախկին մակարդակի վրա: Նոր ինստիտուտները ենթադրում են ոլորտի հարկման նոր մոտեցումներ:
Հայաստանում ռոյալթին, որը կիրառվում արտադրանքի անվանական արժեքի վրա, ձևավորում է հարկային մուտքերի առյուծի բաժինը: Ռոյալթիի՝ արտադրանքի անվանական արժեքի նկատմամբ կիրառությունը հարուցում է մի շարք խնդիրներ, որոնք քննարկման առանձին թեմաներ են, և հուսով ենք, որ կանդրադառնանք առաջիկայում:
Ինչ վերաբերում է արդյունավետ հարկային դրույքին և դրա ինստիտուտների ու էկոլոգիական միջավայրի նկատմամբ զգայունությանը, այն վիճակագրորեն նշանակալի է: 2008-2012 թթ. ժամանակահատվածում նույն խմբի երկրների համար ժողովրդագրական համաթվի մեկ միավոր աճը բերում է արդյունավետ հարկային դրույքի 1.12 տոկոս աճ: Մյուս կողմից, էկոլոգիայի համաթվի 1 տոկոս աճը բերում է արդյունավետ հարկային դրույքի 0,23 տոկոս աճի:
Գնահատվող ռեգրեսիոն մոդելում ներգրավված են նաև երկրների համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), արտահանման կշիռը ՀՆԱ-ի մեջ և հանքարդյունաբերության կշիռը արտահանման մեջ: Եթե էկոլոգիայի վիճակը բացատրվում է ինստիտուտների որակով և միջնորդավորված ազդում է արդյունավետ հարկային դրույքի վրա, այդ ազդեցությունը կազմում է 0,75 տոկոս:
Հանքը ավելի էժան է շահագործել իշխանական էլիտա ունեցող երկրներում, քանի որ բիզնես միջավայրը թույլ է տալիս անտեսել բնական պաշարներին հասցվող վնասը
Այսինքն, եթե ներդրողները դիտարկում են էկոլոգիայի խոցելիությունը որպես հիմնական գործոն ոլորտում ներդրում իրականացնելու համար, այդ դեպքում էկոլոգիայի համաթվի յուրաքանչյուր տոկոսի բարելավման դիմաց ակնկալվում է արդյունավետ հարկային դրույքի 0,75 տոկոս աճ:
Այսինքն, եթե Հայաստանում ժողովրդավարության նոր մակարդակի պայմաններում ունենանք բնօգտագործման և բնապահպանության նոր չափանիշներ, դա անհրաժեշտաբար ենթադրելու է հարկադրույքների կտրուկ աճ: Այդ դեպքում, որոշ հանքեր, եթե ոչ դրանց մեծամասնությունը, կարող են դառնալ ոչ շահութաբեր իրենց անկանխատեսելի հետևանքներով:
Այս և կապակցված խնդիրների (մասնավորապես, ոլորտում կիրառվող տեխնոլոգիաների) լուծումները լինելու են բարդ և դժվար համադրելի սոցիալական և բիզնես շահերի տեսանկյունից: Գիտական ուսումնասիրությունները պետք է սկսել օր առաջ, ներգրավելով տնտեսագետներ, ճարտարագետներ, բնապահպաններ և ոլորտին առնչվող այլ մասնագետներ: Այս փուլում պարզապես արձանագրենք, որ շահագործվող և շահագործման ենթակա հանքերի բիզնես մոդելները անհամատեղելի են նոր ձևավորվող ինստիտուտների հետ:
Ալեքսանդր Գրիգորյանը տնտեսագետ է, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս և նույն համալսարանի MBA ծրագրի ղեկավարը։
Civilnet











