Գլխավոր Լրահոս

Զոյա, խօսքս քեզի, բայց հարուածս՝ այն միւսին

Զոյա, խօսքս քեզի, բայց հարուածս՝ այն միւսին

Նամակ Երկրէն․ Րաֆֆի Տուտագլեան

Զոյա անունով ինչ որ ՀԱԿական (արդէն վաղուց քաղաքական դիակի վերածուած կուսակցութիւն) Արցախի ազատագրուած հողերը յանձնելու մասին յայտարարութիւն ըրեր է եղեր։ Եւ ահա Հայաստան (Արցախը ներառեալ) աշխարհէն մինչև Սփիւռքի հեռաւոր անկիւնները պոռթկումներ, քաղաքական փոթորիկ, Զոյային դատի տալու որոշումներ, ըմբոստութեան կոչեր, ժողովրդային շարժում առաջացնելու յայտարարութիւններ ու դեռ շատ բաներ՝ տարբեր քաղաքական ուժերու, գործիչներու, ղեկավարներու և մեծ ու փոքր անուններու մասնակցութեամբ։

Մի րոպէ, տիկնայք և պարոնայք, ի՞նչ նորութիւն ըսաւ ՀԱԿի Զոյան։ ՀԱԿն ու իր կնքահայր ԼՏՊ-ն վաղուց այս մասին բազմիցս յայտարարած են։ Անցեալ տարի, Ազգային Ժողովի ընտրութիւններուն, ԼՏՊն և իր ՀԱԿը այս մասին բացայայտ ու բարձր կը յայտարարէին ընտրարշաւի ամբողջ տևողութեան։ Այն ատեն այսքան աղմուկ չբարձրացուցիք, ժողովրդային ըմբոստութեան կոչեր չըրիք, ԼՏՊին դատի չտուիք։ Ինչու՞, հաւանաբար լա՛ւ գիտէիք, որ ԼՏՊի և Սերժիկի միջև յարաբերութիւնները բաւական ջերմ էին այդ օրերուն, նոյնիսկ նամակներ փոխանակած և հանդիպումներ ունեցած էին երբեմն դաշնակից, երբեմն թշնամի այս երկու նախկին իշխանականները, ՀՀՇի իշխանութիւնը պարտադրողները։ Հաւանաբար ձեզի իրաւունք չէ՞ր տրուած աղմուկ աղաղակ բարձրացնելու։ Չէ՞ որ քաղաքական պատուէրով առաջնորդուած եք միշտ։

Ի դէպ, ես «ոչ մի թիզ հող»ական եմ։ Ուրեմն, ԼՏՊի բնորոշումով՝ Հայաստանի թշնամի։ Ու միշտ կը շեշտեմ, շեշտած եմ, որ Արցախի ազատագրուած տարածքները «անվտանգութեան գօտի» չեն, ինչպէս ըսաւ Ռոբերտ Քոչարեանը իր վերջին հարցազրոյցի ընթացքին, այլ հայրենիք։ Ես դէմ եմ նաև 2007-ին Քոչարեանի ընդունած Մատրիտեան սկզբունքներուն, որ տարածքներու վերադարձ կը նախատեսէ՝ Արցախի կարգավիճակ ճշդող հանրաքուէին դիմաց։ Դէմ եմ նաև Սերժի ընդունած Կազանի ժողովի առաջարկներուն, որ 5 շրջաններու վերադարձ կը նախատեսէ՝ առանց նոյնիսկ Արցախի կարգավիճակ ճշդելու։ 

Վերջին երկու նախագահները մամուլի յայտարարութիւններով, այն ալ միջազգային, աւելի քան մէկ անգամ պատրաստակամութիւն յայտնած են փոխզիջումներու սկզբունքով տարածք յանձնելու։ Յայտարարած են այս մասին՝ Հայաստանի Հանրապետութեան ՆԱԽԱԳԱՀԻ՛ դիրքերէ, ճիշդ ԼՏՊի նման։ Իսկ Զոյա՞ն, Զոյան վաղուց անշնչացած կուսակցութեան մը երկրորդական մակարդակի ղեկավարի դիրքերէ կը խօսի։ Բայց զարմանալի է, չէ՞, որ ան շա՜տ աւելի մեծ փոթորիկ կը ստեղծէ, քան Հայաստանի Հանրապետութեան երեք նախագահները՝ միասին առած։

Այս ի՜նչ ուժեղ, շատ լաւ համակարգուած պայքար է Զոյա անունով ՀԱԿականի դէմ։ Այսքան աղմուկ չբարձրացաւ, երբ Սերժ Սարգսեանը «աննշան տարածք» որակեց ազերիներուն կորսնցուցած (յանձնած չըսենք) 800 հեկտար հողը։ Քիչ մը անհեթեթ չէ՞։ 

Թերևս Զոյան չէ մեր մտահոգ գործիչներուն թիրախը։ Զոյան ընդամէնը պատրուակ է։ Երևի ըմբոստութեան կոչերը Զոյայի դէմ չեն, այլ ուրիշի։

Զոյան ալ հիմա զարմացած կը մտածէ, թէ ինչքա՜ն հզօր են իր խօսքերը...

Խե՜ղճ Զոյա։

գրեցէ՛ք ինծի։
[email protected]

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում