Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով և պատասխանել լրագրողների հարցերին։
Նիկոլ Փաշինյանը ողջունել է Թրյուդոյի այցը և նշել, որ նա Կանադայի առաջին վարչապետն է, որ այցելում է Հայաստան։ Փաշինյանն իր հիացմունքն է արտահայտել պարոն Թրյուդոյի անցած քաղաքական ճանապարհի և այն գործունեության համար, որ նա իրականացնում է իր երկրում և բազմաթիվ մարդկանց, երիտասարդների ոգեշնչում է լավատեսությամբ ոչ միայն իր երկրում, այլև ողջ աշխարհում:
Կանադայի վարչապետն իր շնորհակալությունն է հայտնել հայ ժողովրդին և պարոն Փաշինյանին՝ արտակարգ ընդունելություններ ցուցաբերելու համար: «Շատ հաճելի էր Ձեզ տեսնել նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժողովին, և մեր բարեկամությունը Դուք էլ ավելի ամրացրեցիք նաև այս շաբաթվա ընթացքում»,- ասել է Ջասթին Թրյուդոն։
Քաղաքական, տնտեսական, գործարար, մշակութային, հումանիտար և մի շարք այլ ոլորտներում կապերն ակտիվացնելու համատեքստում կողմերը կարևորել են Հայաստանի և Կանադայի միջև օդային հաղորդակցության դյուրացումը և կոնկրետ քայլերի ձեռնարկումը: Այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնարարել պատասխանատու գերատեսչություններին՝ բանակցություններ սկսել հարցի շուրջ և ներկայացնել կոնկրետ առաջարկությունների փաթեթ:
Հայաստան-Կանադա արտաքին ապրանքաշրջանառությունը 2016-ին կազմել է ավելի քան 152 մլն դոլար՝ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության 3%-ը, սակայն 2017-ին նվազել է՝ հասնելով 90 մլն դոլարի կամ արտաքին ապրանքաշրջանառության 1,4%-ի։
Civilnet











