Գլխավոր Լրահոս

Ինչո՞ւ ներդրում անել Հայաստանում․ Արմեն Սարգսյանի հինգ կետերը

Ինչո՞ւ ներդրում անել Հայաստանում․ Արմեն Սարգսյանի հինգ կետերը

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 24-ին ելույթով hանդես է եկել Համաշխարհային ներդրումային համաժողովի շրջանակում կայացած՝ Գլոբալ առաջնորդների վեհաժողովում: Հանրապետության նախագահն իր ելույթում մասնավորապես նշել է, որ մեր երկիրը դարեր շարունակ եղել է քաղաքակրթությունների, կրոնների, հետաքրքրությունների ու առևտրի խաչմերուկում, կարևոր դերակատարում է ունեցել ժողովուրդների միջև համագործակցության մեջ: Խոսելով Հայաստանում տնտեսության զարգացման հեռանկարների և ներդրումային գրավչության մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ տարիներ առաջ Հայաստանում սկսվեց չորրորդ ինդուստրիալ հեղափոխությունը կամ թվային հեղափոխությունը, և այսօր կարելի է վստահաբար ասել, որ Հայաստանն ունի լավագույն տեղեկատվական տեխնոլոգիաների սեկտորը ողջ նախկին Խորհրդային Միության տարածքում: Մի շարք խոշոր ընկերություններ Սիլիկոնային հովտից, Եվրոպայից իրենց ներկայացուցչություններն ունեն Հայաստանում: Անդրադառնալով ներդրումների ներգրավմանը՝ նա առանձնացրել է այն պատճառները, թե «ինչո՞ւ պետք է որևէ մեկը մտածի Հայաստանում ներդրումներ անելու մասին, որը փոքր երկիր է՝ 3.5 մլն բնակչությամբ»։ 

  • Մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ: 4-5 անգամ ավելի շատ հայեր բնակվում են արտասահմանում: Ռուսաստանի Դաշնությունում բնակվում են նույնքան հայեր, որքան Հայաստանում: Հայաստանի մայրաքաղաք Երևանում բնակվում են նույնքան հայեր, որքան Լոս Անջելեսում կամ Ֆրանսիայում, Մերձավոր Արևելքում: Սա փոքր պետություն է, բայց համաշխարհային ազգ, ինչը 21-րդ դարում մեծ առավելություն է: Քսանմեկերորդ դարում, երբ աշխարհը դառնում է ավելի ու ավելի փոքր, փոխկապակցված ու ակտիվ, շատ քիչ պետություններ ու ժողովուրդներ կան, որ ունեն այս՝ համաշխարհային ցանց ունենալու առավելությունը:
  • Երկրորդը՝ մենք այն պետությունն ենք, որը մշակութային, տնտեսական, քաղաքական շատ լավ հարաբերություններ ունի. 2017 թ. նոյեմբերին մենք ստորագրեցինք համաձայնագիր Եվրամիության հետ: Միևնույն ժամանակ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության մաս է: Փաստացիորեն, Հայաստանը միակ պետությունն է, որը տնտեսական առումով կամրջում է Եվրասիան ու Եվրոպան: Եվ մենք ցանկանում ենք շարունակել լինել այդպիսին:
  • Երրորդ գործոնն այն է, որ, ինչպես արդեն ասացի, մենք համաշխարհային ազգ ենք: 21-րդ դարում այս համաշխարհային ազգն ամբողջությամբ ներգրավված է երկրում տեղի ունեցող իրադարձություններում: Անգամ հեղափոխության ժամանակ, որն իրականում դասական ոճի հեղափոխություն չէր քաղաքական կուսակցությունների, կազմակերպման տեսանկյունից, մասնակիցները միայն ՀՀ քաղաքացիները չէին, այլև Արգենտինայում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Բեյրութում կամ Մադրասում բնակվող հայերը: Ողջ հայ ժողովուրդը, որը 12-15 մլն է, ներգրավված էր քաղաքական փոփոխության գործընթացում: Այս նույն մարդիկ կմասնակցեն Հայաստանի ինդուստրիալ հեղափոխությանը և տնտեսական զարգացմանը:
  • Չորրորդ գործոնը, որը կցանկանայի շեշտել, կրթության կարևորությունն է: Խորհրդրային ժամանակաշրջանում Հայաստանն ուներ կրթության շատ բարձր մակարդակ: Պատահական չէ, որ երկրում առկա շատ լավ համալսարաններից, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության բնագավառներում առկա հետազոտական կենտրոններից բացի, Հայաստանում՝ Բյուրականում գործում էր աստղաֆիզիկայի աշխարահռչակ կենտրոն: Այս ավանդույթն այսօր էլ շարունակվում է, և մենք հպարտ ենք ասել, որ Հայաստանում ունենք կրթական ֆանտաստիկ կենտրոններ և անգամ կրթական նոր գաղափարներ ու թեմաներ ենք արտահանում Արևմուտք: Շաբաթներ առաջ Փարիզում բացվեց «ԹՈՒՄՈ» կենտրոն, որն արտադպրոցական բարձր տեխնոլոգիաների ու թվային կրթություն է տալիս: Սա 21-րդ դարի ավանգարդ է, թե ինչպես է պետք սովորեցնել երեխաներին դառնալ ՏՏ փորձագետներ: Կրթությունը կարևոր է:
  • Տնտեսության կայունությունը: Նախորդ տարի Հայաստանը գրանցեց 7.5 տոկոս տնտեսական աճ: Մենք ունեցանք հեղափոխություն, սակայն այս տարի գրանցում ենք գրեթե նույն արդյունքը: Այսինքն, ոչինչ չփոխվեց: Մեծ քաղաքական փոփոխությունից հետո անգամ տնտեսությունը կայուն մնաց: Հայաստանն ունի լավագույն ֆինանսական ու բանկային սեկտորը նախկին Խորհրդային Միության տարածքում: Մեր երկրում գործում են եվրոպական, լիբանանյան, կիպրոսյան, հունական, իրանական բանկեր, այսինքն, այստեղ գործում է միջազգային բանկային համակարգ, որը կրկին շատ կայուն է: Հայաստանը տնտեսապես ու ֆինանսապես կայուն երկիր է: Երբ ուսումնասիրում ես Հայաստանի ցուցանիշներն արդյունահանման, գյուղատնտեսության կամ զբոսաշրջության ոլորտներում, նոր կառավարությունը, Հայաստանը հետամուտ է կայուն, մաքուր արդյունահանմանը, բնական գյուղատնտեսությանը: Ակնկալում ենք մի քանի անգամ ավելացնել զբոսաշրջիկների թիվը:

«Ամփոփելով ու ներկայացնելով 21-րդ դարի Հայաստանը՝ պետք է ասեմ, որ մեր երկիրը ոչ միայն նոր է, ունի նոր կառավարություն կամ ղեկավարություն կամ գաղափարներ, այլև նոր է իր ոգով: Ես այս հեղափոխությունը կանվանեմ ոչ միայն «թավշյա հեղափոխություն», այլև «հայկական ոճի հեղափոխություն»: Իսկ երկիրը զարգացման առումով կանվանեմ «երիտասարդ Հայաստան»՝ երիտասարդ ոչ թե տարիների, տարիքի, այլ՝ ոգու երիտասարդության առումով, որը մասնակցում է ինդուստրիալ հեղափոխությանը»,- եզրափակել է իր ելույթը Արմեն Սարգսյանը՝ ելույթի ավարտին նախագահը հրավիրելով ներդրումներ անել «նոր Հայաստանում՝ 21-րդ դարի Հայաստանում»: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում