Գլխավոր Լրահոս

Ե՞րբ ենք Արցախը ճանաչել Հայաստանի մաս

Ե՞րբ ենք Արցախը ճանաչել Հայաստանի մաս

Արցախյան հակամարտության, բանակցային գործընթացի և, ընդհանրապես, վերջին 100 տարիների Արցախի պատմությամբ զբաղվում եմ արդեն ավելի քան երկու տասնամյակ: Արխիվում աշխատելու և մամուլը քրքրելու ընթացքում հանդիպել է միայն երկու փաստաթուղթ, որով Հայաստանը Արցախը ճանաչել է իր մաս: Կա ևս մեկ փաստաթուղթ, ըստ որի Հայաստանը իրավունք չունի Արցախը թողնել Ադրբեջանի կազմում:

1921 թվականի հունիսի 12-ի հրամանագրում, որը ստորագրել է Խորհրդային Հայաստանի առաջնորդը՝ ՀՍԽՀ Ժողկոմների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը, ասվում է.

«Ադրբեջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Հեղկոմի դեկլարացիայի և Հայաստանի ու Ադրբեջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունների կառավարությունների միջև եղած համաձայնության հիման վրա հայտարարվում է, որ Լեռնային Ղարաբաղն այժմվանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության անբաժան մասը»:

1989 թվականի դեկտեմբերի 1-ին Երևանում ընդունվեց Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի որոշումը Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ-ի վերամիավորման մասին, որի առաջին կետում ասվում էր.

«Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է ԼՂԻՄ-ի ինքնորոշման փաստը` հաստատված ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի և հուլիսի 12-ի նստաշրջանների որոշումներում»:

Այս որոշման տակ դրված է Հրանտ Ոսկանյանի և Վաչագան Գրիգորյանի ստորագրությունը:

1992 թվականի հուլիսի 8-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց որոշում, որում, մասնավորապես, ասվում էր.

«Անընդունելի համարելով մի շարք միջազգային փաստաթղթերում ԼՂՀ-ն որպես Ադրբեջանի մաս ամրագրելու փորձերը…  Հայաստանի համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»:

Այս որոշման տակ դրված է Բաբկեն Արարքցյանի ստորագրությունը:

Հետաքրքրություն են ներկայացնում նաև Հայաստանի վարչատարածքային բաժանումների մասին կառավարական որոշումները, որոնցով Արցախը երբեք չի համարվել Հայաստանի մաս:

1918-1920 թվականներին ՀՀ-ն ընդունել է վարչատարածքային բաժանումների մասին երկու փաստաթուղթ՝ 1919թ. փետրվարի 26-ին և 1920թ մայիսի 2-ին: Քանի որ այդ տարիներին Արցախը Հայաստանի մաս չկազմեց և վիճելի տարածք էր նորանկախ Հայաստանի և Ադրբեջանի միջև, երկու փաստաթղթերում ակնարկ անգամ չկա Արցախի մասին:

Խորհրդային Հայաստանի 70 տարիներին հանրապետությունը մի քանի անգամ ենթարկվել է վարչատարածքային բաժանումների, սակայն, կրկին, Արցախի կամ ԼՂԻՄ-ի մասին բառ չկա:

1991-ից ի վեր Հայաստանը մեկ անգամ է ենթարկվել վարչատարածքային բաժանման, երբ 1995-ի դեկտեմբերին ընդունվեց հանրապետությունը մարզերի բաժանելու որոշումը: Այդ որոշման մեջ ևս խոսք չկա Արցախի մասին:

Անկախ վերոնշյալ փաստաթղթերից և որոշումներից, Արցախը դե ֆակտո և դե յուրե չի եղել ո՛չ ՀՀ կազմում՝ 1918-1920 թթ, ո՛չ էլ 1921-1991 թթ՝ խորհրդային տարիներին:

Արցախը դե ֆակտո Հայաստանի մաս կազմեց 1991-1994 թթ. արյունալի պատերազմի արդյունքում: Սա է իրականությունը: Այո, այսօր Արցախը ՀՀ մաս չէ իրավական առումով, սակայն ՀՀ-ի շարունակությունն է և Հայաստան է:

Լուսանկարում՝ Արցախը Հայաստանին վերամիավորելու պահանջով առաջին հանրահավաքը Երևանում, 20․02․1988

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում