Գլխավոր Լրահոս

Հայաստանի վարչական բաժանումները 1922-1995 թվականներին

Հայաստանի վարչական բաժանումները 1922-1995 թվականներին
Նախորդ հրապարակման մեջ մենք անդրադարձել ենք Հայաստանի վարչական բաժանումներին՝ 1918-1922 թվականներին: 1918 թվականի մայիսի 28-ին` մի քանի հարյուրամյակ պետականություն չունենալուց հետո, Հայաստանի անկախ հանրապետության հիմքը դրվեց: 1922-ի դեկտեմբերի 30-ին Հայաստանը Վրաստանի և Ադրբեջանի հետ դարձավ ձևավորվող Խորհրդային Միության մաս՝ որպես Անդրֆեդերացիա: 1920-22 թվականներին՝ ուղիղ երկու տարի, Հայաստանը շարունակում էր դե յուրե, բայց ավելի շատ ձևական, անկախ լինել: Իրականում, Հայաստանը բոլշևիկյան Ռուսաստանի ուղղակի ազդեցության տակ էր գործում: Այժմ հակիրճ ներկայացնենք 1922-ից 1995 թվականների վարչական բաժանումները, այսինքն՝ Խորհրդային Հայաստանի և այսօրվա անկախ Հայաստանի: 1929թ. հուլիսին Հայաստանում տեղի ունեցավ վարչական նոր բաժանում: Խորհրդային Հայաստանի ավելի քան 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքը բաժանվեց հինգ գավառների՝ Երևան, Լենինական (նախկին Ալեքսանդրապոլ, այսօր՝ Շիրակ), Լոռի-Փամբակ, Սևան (նախկին Նոր Բայազետ), Զանգեզուր: Երևանի գավառն իր հերթին ուներ 10 շրջան, Լենինականինը` 7, Լոռու-Փամբակինը` 5, Սևանինը` 6 և Զանգեզուրինը՝ 3 շրջան, ընդամենը` 31 շրջան ամբողջ Հայաստանում: Նախագծով նախատեսված էր ձևավորել 35 շրջան, սակայն Խորհրդային Հայաստանի կառավարությունը նպատակահարմար համարեց Բաշ-Գառնիի շրջանը վերացնել և նրա գյուղերը բաժանել Կոտայքի, Բոյուկ-Վեդիի (այսօր՝ Վեդի) և Հրազդանի շրջանների միջև, Դսեղի շրջանի վերացնել, իսկ նրա գյուղերը միացնել Ալլահվերդու (Ալավերդի), Ղարաքիլիսայի (Վանաձոր) և Ստեփանավանի շրջանների միջև: Բացի այդ, Դիլիջանի շրջանը վերացվեց և կցվեց Իջևանին, Քեշիշքենդի (Եղեգնաձոր) և Փաշալուի (Ազիզբեկով, այսօր՝ Վայոց Ձոր) շրջանները միացվեցին: Եվ վերջապես, որոշվեց Աղբաբայի (Ամասիա) շրջանը չմիացնել Ղըզըլ-Ղոչի (Ղուկասյան, այսօր՝ Աշոցք) շրջանին, այլ ստեղծել առանձին շրջան: Խորհրդային Հայաստանը նոր վարչական բաժանման ենթարկվեց 1936-37թթ․՝ այն բանից հետո, երբ Անդրֆեդերացիան լուծարվեց, իսկ երեք հանրապետությունները որպես առանձին միավոր և միութենական հանրապետություն մաս կազմեցին ԽՍՀՄ-ի: 1936-37թթ. վարչական բաժանումները հիմնականում համապատասխանում էին 1929 թվականի բաժանմանը: Հետագա տարիներին Խորհրդային Հայաստանում ձևավորվեցին նոր շրջաններ: Երբ Խորհրդային Հայաստանը հռչակում էր իր անկախությունը 1990-91թթ․մ շրջանների թիվը հասել էր 37-ի: Նոր շրջանները ձևավորվում էին երկու հարևան շրջանների գյուղերից նոր շրջան ստեղծելու ճանապարհով: Բերենք Նոյեմբերյանի շրջանի օրինակը որպես արհեստական շրջան ձևավորելու ակնառու օրինակ: 1936թ․ Ալլահվերդու և Իջևանի շրջաններից առանձնացվեցին գյուղեր, որոնք էլ միավորվեցին նոր շրջանի մեջ: Իջևանի Ոսկեպար, Ղոշղոթան (այսօր՝ Ոսկեվան), Շավարշավան (Կոթիգեղ, Կոթի), Դոստլու (Բարեկամավան), Բաղանիս և Ջուջևան գյուղերից և Ալլահվերդու Արճիս, Լամբալու (Բագրատաշեն), Ներքին Քորփլու (Հաղթանակ), Վերին Քորփլու (Զորական), Ղալաչա (Բերդավան), Կողբ, Դովեղ և Բարանա (Նոյեմբերյան) գյուղերից ձևավորվեց Նոյեմբերյանի շրջանը: Բարանա փոքր գյուղը դարձավ շրջանի կենտրոն և վերանվանվեց Նոյեմբերյանի: 1995թ․, արդեն անկախ Հայաստանը ենթարկվեց առաջին և մինչև այսօր միակ վարչական բաժանման: Շրջանների միավորումից ձևավորվեցին 10 մարզեր և Երևան քաղաքը որպես առանձին միավոր: Այդ մարզերն են, հյուսիսից՝ հարավ դասավորությամբ, Շիրակ, Լոռի, Տավուշ, Արագածոտն, Կոտայք, Գեղարքունիք, Արմավիր, Արարատ, Վայոց Ձոր և Սյունիք:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում