Կառավարությունը հունվարի 17-ի նիստում հավանություն է տվել ՀՀ կառավարության, Արմփաուեր ՓԲԸ-ի և Ռենկո Ս.Պ.Ա-ի միջև կնքված շրջանակային համաձայնագրի համաձայն ուղղակի պայմանագրին: 2017-ի մարտին Երևանում այս նոր ՋԷԿ-ի կառուցման հիմնարկեքին մասնակցել էր նախագահ Սերժ Սարգսյանը։
Ըստ ծրագրի հիմնավորման՝ Երևանի տարածքում՝ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ ի գործող ՋԷԿ-ի հարևանությամբ, նախատեսվում է կառուցել գազային վառելիքով աշխատող կոմբինացված ցիկլով 250 ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայան:
Ծրագրի իրականացման համար կներդրվի 250 մլն ԱՄՆ դոլար։ Շինարարությունը կտևի մոտ 26 ամիս, որում կներգրավվի 1000-1200 մարդ։ Կայանի շահագործման ժամանակ կստեղծվի մոտ 200-230 բարձր վարձատրությամբ աշխատատեղ: 50-70 աշխատող արդեն կայանի շինարարության ընթացքում կգործուղվեն Գերմանիա՝ Siеmens ընկերությունում համապատասխան վերապատրաստում անցնելու և որակավորում ստանալու համար։
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը նշել է, որ պայմանագրով Հայաստանի Հանրապետության շահերը տնտեսական առումով լիարժեքորեն պաշտպանված են:
Նոր ՋԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը տեղի էր ունեցել դեռ 2017թ․ մարտի 20-ին՝ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ։
Այն ժամանակ ծրագրի պատասխանատուներ նշում էին, որ ներդրումները կկազմեն շուրջ 285 մլն ԱՄՆ դոլար, իսկ շինարարական աշխատանքները կտևեն 26 ամիս և կավարտվեն 2019 թվականի երկրորդ կեսին:
Սաթենիկ Հակոբյան
Civilnet











