Գլխավոր Լրահոս

Թավշյա հեղափոխությամբ հայերը վերջ դրեցին վատ կառավարման դարաշրջանին. վարչապետ

Թավշյա հեղափոխությամբ հայերը վերջ դրեցին վատ կառավարման դարաշրջանին. վարչապետ
Տեղեկատվական տեխնոլոգիաները հայկական Թավշյա հեղափոխության հաջողության բանալիներից մեկն էին․ Քյոլնի տեխնիկական համալսարանի դասախոսական և ուսանողական կազմի հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը երկօրյա պաշտոնական այցով Գերմանիայում է։ Համալսարանում Փաշինյանը հանդես եկավ ելույթով՝ «Հայաստանը Թավշյա հեղափոխությունից հետո․ թվային և տեխնոլոգիական դարաշրջանի խոստման իրագործումը» խորագրով։ «Տեղեկատվական տեխնոլոգիաները հայկական Թավշյա հեղափոխության հաջողության բանալիներից մեկն էին: Սոցիալական ցանցերի միջոցով հայ ժողովուրդը համախմբվեց՝ «ոչ» ասելու նախկին վերնախավին, որը չէր վայելում ժողովրդի վստահությունը»,- իր ելույթում ասաց Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ Թավշյա հեղափոխությամբ «հայերը վերջ դրեցին վատ կառավարման դարաշրջանին` հանուն թափանցիկության»: «Արտահերթ խորհրդարանական ընտրություններով ավարտվեց Թավշյա հեղափոխության առաջին փուլը: Այժմ մենք ունենք ոչ պակաս կարևոր խնդիր: Մեզ խիստ անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն: Այդ նպատակով մենք մտադիր ենք օգտվել թվային դարաշրջանի ընձեռած բոլոր հնարավորություններից»,- ընդգծեց վարչապետը: Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը գերակա ուղղություն է համարում ՏՏ ոլորտը` որպես տնտեսական զարգացման հենասյուներից մեկը: «Հայաստանը համարվում է նախկին Խորհրդային Միության Սիլիկոնային հովիտը, որտեղ արտադրվել է «Նաիրի-2»-ը՝ խորհրդային ժամանակաշրջանի առաջին կիսահաղորդչային համակարգիչը և աշխարհում առաջիններից մեկը: Այսօր Հայաստանի ներուժը ընդլայնվել է: ՏՏ ոլորտը Հայաստանում վերջին յոթ տարիների ընթացքում աճել է հինգ անգամ՝ տարեկան 25 տոկոսով՝ Synopsys, National Instruments, Cisco, VMWare, TeamViewer, Mentor Graphics- ը (Siemens- ին պատկանող) և այլն»,- ասաց Փաշինյանը՝ Հայաստանի հիմնական հարստությունը համարելով «շնորհալի և տաղանդաշատ քաղաքացիներին», որոնք ստացել և ստանում են գերազանց կրթություն: ՀՀ վարչապետի խոսքով՝ արդյունաբերության ոլորտի ամենահեղինակավոր միջազգային իրադարձությունը տեղի կունենա Հայաստանում։ Ակնկալվում է, որ ավելի քան 2000 պատվիրակներ շուրջ 60 երկրից կմասնակցեն այդ միջոցառմանը: Վարչապետն այսօր կհանդիպի Քյոլնի հայ համայնքի հետ, իսկ փետրվարի 1-ին նա կլինի Բեռլինում և հանդիպումներ կունենա Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ՝ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Փետրվարի 1-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Անգելա Մերկելի համատեղ մամուլի ասուլիսը։ Հայաստանի և Գերմանիայի կառավարությունները նպատակադրված են խորացնել համագործակցությունը թվայնացման, կրթության և մշակութային ոլորտներում, քննարկման առանցքը, սակայն, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հարցերն են։ Վարչապետին Գերմանիայում ուղեկցում է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը և այլ պաշտոնյաներ։ 2018թ․ օգոստոսին Հայաստան-Գերմանիա միջպետական հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ Գերմանիայի կանցլերն այցելել էր Հայաստան։ Գևորգ Թոսունյան, Քյոլն, Գերմանիա
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում