Հայաստանը պատրաստվում է չինական Huawei-ի հետ պայմանագիր կնքել «Խելացի քաղաք» (Smart City) նախագիծ իրականացնելու համար։ Eurasianet-ում հոդվածագիր Գրիգոր Աթանեսյանը զգուշացնում է, որ Huawei-ի տեխնոլոգիաները կարող են օգտագործվել մարդկանց վերահսկելու համար։ ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում արգելվել է Huawei-ի՝ դեմքի ճանաչման փողոցային տեխնոլոգիաների կիրառումը։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։
Չինական տեխնոլոգիական ոլորտի հսկա Huawei-ը, որը Արևմուտքում պատժամիջոցների է ենթարկվում, բանակցությունների մեջ է Հայաստանի կառաավրության հետ՝ իր հակասական «Խելացի քաղաք» հարթակի ներդրման ուղղությամբ։
2017-ի դեկտեմբերին, երբ չինական ՏՏ հսկա Huawei-ը Հայաստանի կառավարության հետ Երևանում իր «Խելացի քաղաք» (Smart City) տեխնոլոգիան ներդնելու պայմանագիր կնքեց, Հայաստանում քչերի ուշադրությունը դա գրավեց։ Երկիրն ունի աշխույժ և արագ աճող տեխնոլոգիական ոլորտ, որը հիմնականում պայմանավորված է միջազգային կորպորացիաների կողմից Հայաստանի նման զարգացող երկրներում համեմատաբար ցածր աշխատավարձով որակյալ աշխատողներ ներգրավելով։ Այսպիսով, արտասահմանյան տեխնոլոգիական ընկերությունների հետ պայմանավորվածությունները, որպես կանոն, չեն շեղվում այդ ուղղությունից:
Սակայն դա չվրիպեց Freedom House-ի հետազոտողների խմբի ուշադրությունից։ Ինչպես նկարագրում է խումբը, «լայնածավալ գրաքննության և ավտոմատացված վերահսկողության համակարգերի չինական մոդելը» աստիճանաբար ընդլայնում է իր տարածումը։ Huawei-ի «Խելացի քաղաք» հարթակը այդ մոդելի օրինակ է։
««Խելացի քաղաքի» առանցքային բաղադրիչը մարդկանց, ապրանքների և ծառայությունների ճանաչման, վերահսկման և հետևելու ունակությունն է»,- Eurasianet-ին ասել է Freedom House-ի տեխնոլոգիաների և ժողովրդավարության հետազոտական տնօրեն Ադրիան Շահբազը: Ծրագիրը ենթադրում է հանրային վայրերում անվտանգության հազարավոր տեսախցիկների տեղադրում, որոնք հաճախ օգտագործում են դեմքի ճանաչման տեխնոլոգիաներ` մարդկանց և մեքենաների համարների նույնականացման համար։ Շահբազը նշել է, որ իրեն անհանգստացնում է «այն հզոր ուժը, որը դա կտա իշխանություններին՝ հասարակության նկատմամբ վերահսկողություն սահմանելու գործում»:
Թեև Երևանում «Խելացի քաղաքի» ներդրման համաձայնագիրը ստորագրվել է նախկին իշխանությունների օրոք, 2018թ. գարնան բողոքի ալիքի վրա իշխանության եկած նոր իշխանությունները հաստատեցին, որ քննարկումները շարունակվում են: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գեղամ Վարդանյանի խոսքով՝ եռակողմ բանակցություններում ներգրավված են Huawei-ը, նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը։
Huawei-ի նախագիծը Չինաստանի և Հայաստանի միջև աճող ապրանքաշրջանառության մի մասն է: 2018թ. երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 771 մլն դոլար՝ երկրի ընդհանուր ապրանքաշրջանառության 10,5 տոկոսը, որի արդյունքում Չինաստանը հայտնվել է Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերոջ տեղում։ 2018 թ. Պեկինը Հայաստանին գրեթե 20 մլն դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրել՝ չորս անգամ ավելի, քան 2017 թ.: Չինական օգնությունը Հայաստանին աստիճանաբար աճում է, ինչի առավել ակնհայտ դրսևորումը հարյուրավոր հանրային ավտոբուսներն ու շտապօգնության մեքենաներն են Հայաստանի քաղաքներում:
2017 թ. Չինաստանը սկսեց Երևանում իր նոր դեսպանատան կառուցումը, որը նախկին ԽՍՀՄ-ում մեծությամբ երկրորդը կլինի։ Իսկ անցած տարվա օգոստոսին Երևանում բացվեց ժամանակակից դպրոց, որտեղ 10-18 տարեկան 405 աշակերտներ չինացի ուսուցիչների դասավանդմամբ կսովորեն չինարեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ կանոնավոր կերպով Չինաստանին դասում է Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունների թվին: Փետրվարի 14-ին ընդունված կառավարության նոր հնգամյա ծրագիրը կոչ է անում Հայաստանին «ծավալել և ընդլայնել Չինաստանի հետ բարեկամական հարաբերություններին բնորոշ բազմաոլորտ լայն համագործակցությունը»։
Քիչ վերահսկողություն
2017 թ. Հայաստանի հետ կնքված պայմանագիրն ազդարարող հաղորդագրության համաձայն, Huawei-ի ներկայացուցիչն ասել է, որ «Խելացի քաղաք» համակարգը նախատեսում է «քաղաքի բնակիչների կյանքը դարձնել ավելի պարզ, մատչելի և ապահով, ինչպես նաև ապահովել քաղաքային ծառայությունների ավելի բարձր մակարդակ»: Անկախ հետազոտողները, սակայն, հարթակին հավանություն չեն տալիս։ «Այս մոտեցումը հիմնված է քաղաքային կյանքը թվային տեխնոլոգիաների միջոցով բարելավելու վրա, սակայն այդ գործիքները նաև մարդկանց և հանրային վայրերի նկատմամբ ավտորիտար վերահսկողություն ծավալելու համակարգ են առաջարկում»,- գրում է հետխորհրդային անվտանգության քաղաքականության վերլուծաբան Էրիկա Մարատը։
Աշխարհի ավելի քան 160 քաղաքներ, այդ թվում` Սինգապուրը և քաղաքներ Սաուդյան Արաբիայում ու Գերմանիայում, «Խելացի քաղաքի» հաճախորդներ են: Հետխորհրդային տարածաշրջանի երկրներից Ադրբեջանում, Ռուսաստանում, Տաջիկստանում, Ուկրաինայում, Ուզբեկստանում, Ղրղզստանում և Ղազախստանում քաղաքներն օգտվում են չինական՝ քաղաքային կառավարման այս կամ այն տեխնոլոգիաներից։
«Շատ փոքր է վերահսկողությունը, թե որքան հասանելիություն կտրվի կամ վերահսկողություն կսահմանվի Huawei-ի նման ընկերությունների նկատմամբ»,- նշում է Մարատը։- Տվյալները կարևոր ապրանք է, որ կարող է օգտագործվել մարդու վարքագծի և փոխազդեցությունների ուսումնասիրման, ինչպես նաև կոնկրետ մարդկանց, այդ թվում`քաղաքական, հանրային և ընդդիմադիր գործիչների դիտարկելու նպատակով: «Խելացի քաղաքի» փաթեթում ներգրավված դեմքի ճանաչման ծրագրերը կարող են թիրախավորված օգտագործվել»:
Վերլուծաբանի խոսքով՝ կարևոր է ոչ միայն, թե ով է գործարկելու տեսախցիկները, այլ նաև թե ում են պատկանելու սերվերները։
Հետխորհրդային երկրներում վերահսկողության համակարգերը հաճախ տեղադրվում են առանց քննարկումների կամ վերահսկողության, քանի որ «այդ հասարակություններում գերակա չէ անձնական կյանքի գաղտնիության գաղափարը, այն գալիս է կյանքի բարելավմանն ուղղված կոլեկտիվ ջանքերից հետո»,- նշում է Մարատը:
Ոչ ոքի դա չէր մտահոգում
Ինչ վերաբերում է գաղտնիությանը, Huawei-ի հայաստանյան գրասենյակի նախկին աշխատակիցներից մեկի խոսքով, «Խելացի քաղաքի» տեխնոլոգիաները կարող են օգտագործվել քաղաքացիների նկատմամբ լրտեսության համար, սակայն դա Հայաստանում որպես խնդրո առարկա չի դիտարկվել․ «Բանակցությունների ընթացքում [գաղտնիության և վերահսկողության] մասին խոսք չի եղել։ Ոչ ոքի դա չէր մտահոգում»։
ԱՄՆ Կոնգրեսը Huawei-ին արգելել է ստանալ պետական պայմանագրեր՝ համարելով, որ վերջինիս արտադրանքը «կարող է օգտագործվել՝ ազգային անվտանգության լուրջ սպառնալիք դառնալու համար»: Ավստրալիան և Նոր Զելանդիան նույնպես սահմանափակել են Huawei-ի արտադրանքի օգտագործումը՝ չվստահելով, որ Huawei-ը կարող է գործել Չինաստանի կառավարությունից անկախ։
Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի
Civilnet











