Մարտի 5-ից մայրաքաղաքում մեկնարկել է գարնանային էտը: Էտի աշխատանքները տարվում են ինչպես պողոտաներում ու փողոցներում, այնպես էլ այգիներում, պուրակներում ու բակային տարածքներում: Երբեմն ծառերի էտը անհանգստացնում է քաղաքացիներին՝ տպավորություն ստեղծելով, թե ծառերը հատվում են կամ վնասվում են դրա արդյունքում: Մասնագետները վստահեցնում են. այսօր աշխատանքներն իրականացվում են մասնագիտորեն հիմնավորված ու կանոնակարգված սկզբունքներով։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Բոլոր այն ծառերը, որոնք վնասված են, չորացած են, պիտի ազատվենք այդ ծառերից, և դրանց փոխարեն անմիջապես պետք է կատարենք համալրում տվյալ տարածքին համապատասխան նոր ծառերի տնկիներով: Մենք տպավորություն ստեղծելու խնդիր չունենք, իբր ունենք շատ ծառեր»,- ասում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:
«Եթե մենք թողնենք ծառի վրա չորացած ճյուղեր, այդ ծառը շատ կարճ կյանք կունենա: Մեր հիմնական նպատակը ոչ թե ծառը հատելն է կամ չորացնելը, այլ այն միշտ երիտասարդ պահելը: Ծառի էտման աշխատանքները չպետք է շփոթենք հատելու հետ: Պետք է վստահություն ստեղծենք բնակիչների մոտ, որպեսզի նրանք մեզ վստահեն և չմտածեն, որ եթե սղոցով մոտենում ենք ծառին, ուրեմն վնասում ենք», - ընդգծում է ծառագետ Գևորգ Սարոյանը:
Քաղաքացիներին անհանգստություն չպատճառելու համար էտման աշխատանքները հիմնական պողոտաներում ու փողոցներում կիրականացվեն երթևեկության ոչ բանուկ ժամերին կամ հանգստյան օրերին:
«Ծառերն իրականում Երևան քաղաքում հիմնականում ծերացած են: Վերջին տարիներին տնկված ծառերը եղել են շատ բարակ, ոչ կենսունակ և ոչ պատշաճ ոռոգվող տարածքներում են տնկվել: Մենք պետք է հետևողական լինենք և արդեն այս տարի այնպիսի չափորոշիչներով ենք տնկիներ ընտրելու, որ լինեն ավելի կենսունակ: Դրանք կտնկվեն միայն ոռոգելի տարածքներում: Չորացած ծառերը հեռացնելու և նորերով փոխարինելու այս բարդ փուլը պիտի գիտակցաբար հաղթահարենք»,- ընդգծել է Հակոբյանը:
Civilnet











