Ապրիլի 10-ին Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունեց նախաձեռնություն, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նախաձեռնությունն ընդունվել է 382 կողմ, 43 ձեռնպահ, 0 դեմ ձայներով։
Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը ելույթ է ունեցել Իտալիայի Պատգամավորների պալատում։
«Ողջունում ենք ապրիլի 10-ին Իտալիայի պատգամավորների պալատի կողմից 382 կողմ, 43 ձեռնպահ, 0 դեմ ձայներով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնության ընդունումը։
Շնորհակալություն ենք հայտնում Պատգամավորների պալատում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին Նախաձեռնությանը սատարելու համար։ Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Նախաձեռնության հեղինակ իշխող «Լեգա» կուսակցության անդամ, պատգամավոր Պաոլո Ֆորմենտինիին և 34 համահեղինակներին, ինչպես նաև իրենց ելույթներով Նախաձեռնությունը սատարող բոլոր խորհրդարանականներին։
Պատգամավորների պալատը, հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ընդգծեց, որ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվածը հենց ցեղասպանություն է, և կոչ արեց Իտալիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրան միջազգային հնչեղություն հաղորդել։
Այս քայլով իտալական կողմը վերահաստատեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին՝ իր ներդրումն ունենալով ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ճանապարհին»,- նշել է Բաղդասարյանը։
Civilnet











