Գլխավոր Լրահոս

1991թ․ մայիսի 6․ խորհրդային զորքերի պատժիչ գործողությունները Ոսկեպարում

1991թ․ մայիսի 6․ խորհրդային զորքերի պատժիչ գործողությունները Ոսկեպարում

1991թ․ մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը խորհրդային զորքերը պատժիչ գործողություններ են իրականացնում Հայաստանի հյուսիսում, սպանվում են 18 հայեր։ Ստորև՝ հատվածներ Թաթուլ Հակոբյանի «Արցախյան օրագիր․ Կանաչ ու սև» գրքից։ 

1991-ին Տեր-Պետրոսյանի այցը Մոսկվա և բանակցությունները Գորբաչովի ու Մութալիբովի հետ չեն կանխում հայերի արտաքսումն իրենց բնակավայրերից: Խորհրդային զորքերը պատժիչ գործողություններ են իրականացնում նաև Հայաստանի հյուսիսում: Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերն արդեն մեկ շաբաթ շրջափակված Ոսկեպար գյուղում սպանվում են 18 հայեր, հիմնականում՝ ոստիկանության աշխատակիցներ, մի քանիսը` գերվում, վիրավորվածներից երեքը մահանում են Գյանջայի բանտում:

1991թ. մայիսին Մոսկվայի Մանեժյան հրապարակում ՌՍՖՍՀ պատգամավոր Անատոլի Շաբադը, ով մի քանի օր առաջ եղել էր Ոսկեպարում և եղեռնագործության ականատեսը դարձել, ասել է, որ  կատարվածը «կենտրոնի և ադրբեջանական կառավարության« նախօրոք ծրագրած գործողություն էր, խորհրդային զորքերն իրականացրել են «ահաբեկչություն, սպանել և զինաթափել օրինական ոստիկանությանը»:

Խորհրդային դեսանտայինները Ոսկեպարի կամավորական խմբավորումներին զինաթափելու պատրվակով շրջափակում են գյուղը: Ոստիկանության նախկին աշխատակից Գեորգի Քոչարյանը գերվել և Գյանջայի բանտում պահվել է 101 օր: Նոյեմբերյանի ոստիկանության անձնակազմը` 18 մարդ, ևս6-ը` քաղաքացիական անձինք, մեկնում էին հերթափոխի: Շրջափակված Ոսկեպար հնարավոր էր մտնել միայն շրջանցիկ լեռնային ճանապարհով: Խորհրդային զորքերը դարանակալել էին, հերթափոխն ընկնում է շրջափակման մեջ: Ուժերն անհավասար էին, դեսանտայիններն անմիջապես անցնում են գրոհի: Այդ 15-20 րոպեն, ասում է Քոչարյանը, նրանց հիշողության մեջ, ովքեր վիրավորվեցին և գերվեցին, մնացել է որպես մղձավանջ: Խորհրդային ուժերը միլիցիայի անձնակազմի մեծ մասին սպանելուց հետո ողջերին ու վիրավորներին հանձնում են ադրբեջանական ՕՄՕՆ-ին` վստահ գիտակցելով, թե ինչ ճակատագիր է նրանց սպասվում:

«Տղաներից Արմենն էլ էր վիրավոր, նա մահացավ իմ ձեռքերի վրա` Ղազախի ճանապարհին: Մենք ուսանողական ընկերներ էինք: Ես նրան մեքենայի մեջ պահում էի, որ չընկնի հատակին: Մեզ` ողջ մնացածներիս և վիրավորներիս, տեղափոխեցին Ղազախի, ապա Գյանջայի բանտ: Երեք ամիս շարունակ ամենօրյա ծեծ էր և տանջանք: Միայն վերջին օրերին, երբ արդեն լուծված էր փոխանակման հարցը, վերաբերմունքը փոխվեց»,- հիշում է Քոչարյանը:

 

Լուսանկարը՝ Ալեքսեյ Ռոգովի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում