Գլխավոր Լրահոս

Ռոբերտ Քոչարյանից հետո՝ Ալմազբեկ Ատամբաևը

Ռոբերտ Քոչարյանից հետո՝ Ալմազբեկ Ատամբաևը

Նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին և միակ նախագահը, որը ձերբակալվել ու անազատության մեջ է իր հայրենիքում, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։

Երեկվանից այդ կարգավիճակում Քոչարյանը միայնակ չէ։ Ձերբակալվել է Ղրղզստանի նախկին նախագահներից Ալմազբեկ Ատամբաևը։ Նրան կաշառակերության մեղադրանք է առաջադրվել, ինչպես Քոչարյանին, բայց Հայաստանի երկրորդ նախագահը նաև մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Ուշագրավ զուգադիպություն․ երեկ և այսօր աշխատանքային այցով Ղրղզստանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ընդհանրապես, հետխորհրդային շատ հանրապետությունների նախագահներ են ենթարկվել քրեական հետապնդման, սակայն նրանց այս կամ այն կերպ հաջողվել է հեռանալ երկրից և դատապարտվել հեռակա կարգով՝ in absentia։ Շատերն էլ ստիպված են եղել փախչել երկրից հեղաշրջումների և իշխանափոխությունների պատճառով։

Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան նախագահ դառնալուց կարճ ժամանակ անց, երբ երկրում և մայրաքաղաք Թբիլիսում բռնկվեց քաղաքացիական պատերազմ, ստիպված եղավ հեռանալ դեպի հարևան Ադրբեջան։ Բաքվի իշխանությունները, այն ժամանակ նախագահը կոմունիստ Այազ Մութալիբովն էր, նրան խորհուրդ տվեցին լքել Ադրբեջանը։ Գամսախուրդիան Ղազախ քաղաքից անցավ Իջևան՝ Հայաստան և ընտանիքի անդամներով ու իր շրջապատով այստեղ մնաց մի քանի շաբաթ։ Այդ ընթացքում նա տվեց առնվազն երկու հարցազրույց հայկական մամուլին։ Գամսախուրդիան հեռացավ Իջևանից և ժամանակավորապես հաստատվեց Չեչնիայում, ապա կրկին վերադարձավ Վրաստան, որտեղ և սպանվեց կարճ ժամանակ անց։

Գամսախուրդիային իշխանությունից հեռացրած Էդվարդ Շևարդնաձեն իշխանությունից հեռացվեց Վարդյա հեղափոխության արդյունքում և հայրենիքում հանգիստ կյանքով ապրեց մինչև մահ։ Իսկ ահա Վարդյա հեղափոխության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին ստիպված հեռացավ երկրից, իսկ 2018-ի հունիսին հեռակա կարգով վեց տարվա ազատազրկման դատապարտվեց նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլիի վրա հարձակման գործով։

Երկար տարիներ Ադրբեջանից ստիպողական փախուստի մեջ էր Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը։ Նա բնակվում էր Մոսկվայում և չէր համարձակվում Բաքու վերադառնալ Ժողճակատի կողմից 1992-ի մայիսին իրականացված հեղաշրջումից հետո։ 2011-ի օգոստոսին, գրեթե 20 տարվա բացակայությունից հետո, նա վերադարձավ Բաքու՝ ներկա լինելու որդու հուղարկավորության արարողությանը: Ապա նա կրկին հաստատվեց Բաքվում։ Մութալիբովին տապալած Ժողճակատի առաջնորդ և երկրի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը մեկ տարի նախագահի պաշտոնին մնալուց հետո Հեյդար Ալիևի ճնշման տակ թողեց իշխանությունը և հաստատվեց ծննդավայրում՝ Նախիջևանի Քելեքի գյուղում։ Ըստ էության, դա տնային կալանք էր և աքսոր։

Ուկրաինայի նախկին նախագահներից Վիկտոր Յանուկովիչը հաստատվել է Ռուսաստանում։ 2019-ի հունվարին հեռակա կարգով 13 տարի պատժաչափով դատապարտվել է պետական դավաճանության մեղադրանքով։

Նախկին խորհրդային հանրապետություններից ամենից շատ նախկին նախագահներին չեն սիրում Ղրղզստանում։ Ինչպես նշեցինք, երեկ կաշառակերության մեղադրանքոց ձերբակալվել է Ղրղզստանի նախկին նախագահներից Ալմազբեկ Ատամբաևը։ Այս երկրի երկու այլ նախագահներ՝ Ասկար Ակաևը և Կուրմանբեկ Բակիևը, ապաստանել են համապատասխանաբար Ռուսաստանում և Բելառուսում։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում