Գլխավոր Լրահոս

Փաշինյանն Իտալիայում բացատրել է, թե ինչու պետք է ներդրումներ անել Հայաստանում

Փաշինյանն Իտալիայում բացատրել է, թե ինչու պետք է ներդրումներ անել Հայաստանում

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն նոյեմբերի 21-ին Միլանում մասնակցել է «Հայաստան, նոր իրականություն. հարթակ դեպի եվրասիական շուկա» խորագրով անցկացվող հայ-իտալական գործարար համաժողովին։ Բիզնես ֆորումը կազմակերպել են Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Իտալիայի առևտրային գործակալությունը, «Assolombarda» և «Mediobanca» ներդրումային ընկերությունները։ Իր ելույթում նա ներկայացրել է Հայաստանի ներդրումային գրավչության կողմերը։

«Եթե ինձ հարցնեք, թե ինչու պետք է ներդրումներ կատարել Հայաստանում, իմ պատասխանը կլինի այն, որ փոքրիկ, բայց գլոբալ ցանցերով օժտված և տաղանդավոր ժողովուրդ ունեցող երկրում ներդրումներ կատարելը հեռանկարային ձեռնարկ է։

Մենք նպատակ ունենք ներդնել տեխնոլոգիական կրթություն, զարգացնել «նուրբ հմտություններ» և օգնել ուսանողներին հասկանալ իրենց կարողությունները՝ միջնակարգ, արհեստագործական և բարձրագույն կրթության ոլորտում ներդրումներ կատարելու միջոցով:

Հայաստանը հիանալի հնարավորություններ է ընձեռում բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, և մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումներ կատարելու համար: Հայաստանը կարող է դառնալ ավելի լայն տարածաշրջանային ինտերնետ կապի հանգույց: Անցյալ ամիս մենք հյուրընկալեցինք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը` աշխարհի ամենամեծ և ամենահեղինակավոր ՏՀՏ միջոցառումներից մեկը:

Օտարերկրյա ներդրումների համար գրավիչ կարող են լինել նաև բանկային գործը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, զանազան ապրանքների արտադրությունը, վերականգնվող էներգիան և տեքստիլ արդյունաբերությունը:

Հատկապես ուրախ եմ տեղեկացնել ձեզ, որ վերջերս Հայաստանը ներառվեց Booking.com-ի 2020 թվականի 10 ամենասիրված տուրիստական ուղղությունների ցանկում: Բացի այդ, 2019 թվականին Հայաստանը 5 կետով բարելավեց իր դիրքերը Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից ներկայացված Զբոսաշրջության մրցունակության ինդեքսում:

Ի դեպ, 2019 թվականի առաջին տասն ամիսների արդյունքներով տուրիզմի ոլորտում մենք արդեն ունենք 14 տոկոս աճ: 2020 թվականի հունվարից Ryanair-ը ուղիղ թռիչքներ կիրականացնի Միլանից և Հռոմից դեպի Երևան:

Մեր կառավարությունն իրականացնում է բաց դռների քաղաքականություն արտաքին ներդրումների մասով՝ երաշխավորելով սեփականության լիարժեք պաշտպանություն:

Օտարերկրյա ներդրողները երկրի ներսում կարող են անսահմանափակ մուտք ունենալ ցանկացած ոլորտ և աշխարհագրական վայր՝ անձնակազմի հավաքագրման, շահույթի ազատ և անսահմանափակ օտարման, շուկայական փոխարժեքով տարադրամի անսահմանափակ փոխանակման և ազգայնացման բացառման երաշխիքներով հանդերձ:

Օտարերկրյա ներդրողներին պաշտպանող հնգամյա դրույթը ևս, որը նրանց անձեռնմխելի է դարձնում օրենսդրական փոփոխությունների նկատմամբ, հանդիսանում է մեր արտաքին ներդրումների շրջանակի մաս։

Ի դեպ, վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք դրական փոփոխություններ կատարեցինք Հարկային օրենսգրքում՝ նվազեցնելով եկամտահարկն ու շահութահարկը: Մենք սահմանեցինք 23 տոկոս համահարթ եկամտահարկ և այժմ պատրաստվում ենք շարունակել այս գործընթացը` համահարթ եկամտահարկն իջեցնելով մինչև 20 տոկոս: Շահութահարկը նույնպես իջեցվել է մինչև 18 տոկոս:

Միջազգային տնտեսական հարաբերությունների առումով, Հայաստանը ներդրումների խթանման և պաշտպանության վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր ունի 43 երկրների հետ, ներառյալ Իտալիան:

Հայաստանը ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնի անդամ է։

Մենք ունենք պայմանագրեր 46 երկրների հետ կրկնակի հարկումը բացառելու և հարկերից խուսափելու կանխարգելման վերաբերյալ: Սա նշանակում է, որ պայմանավորվող կողմերի ներդրողներին տրվում են մի շարք երաշխիքներ, մասնավորապես՝ ազգային վերաբերմունք, ունեցվածքի բռնազավթումից պաշտպանություն, միջոցների անվճար փոխանցում, ինչպես նաև լիարժեք պաշտպանություն և անվտանգություն:

Համաշխարհային բանկի տվյալներով՝ գործարարությամբ զբաղվելու դյուրինությամբ Հայաստանը 190 երկրների շարքում զբաղեցնում է 47-րդ տեղը: Գործ սկսելու դյուրինության ցանկում Հայաստանը 10-րդն է, իսկ գույք գրանցելու առումով աշխարհում 13-րդն է: Տնտեսական ազատության ինդեքսով Հայաստանն աշխարհում 47-րդն է։

Ես խոստանում և երաշխավորում եմ որպես ՀՀ վարչապետ, որ բոլոր այդ ուղղություններով Հայաստանը կշարունակի կատարելագործել իր կատարողականը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում