Ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ որպես տնտեսական աճի կարևորագույն գործոն

Արտակ Քամալյան, տ․գ․դ․, պրոֆեսոր
Երկրում, որտեղ բնակչության մեկ երրորդը զբաղվում է գյուղատնտեսական գործունեությամբ, որտեղ գյուղատնտեսության մասնաբաժինը կազմում է ընդհանուր ՀՆԱ-ի 15%-ը, իսկ արտադրողական ուժերը դեռևս 20-րդ դարի 60-70-ական թվականների են, որտեղ վերամշակվում է վարելահողերի միմիայն կեսը, իսկ օգտագործվում՝ արոտավայրերի 20-25%-ը միայն, գյուղատնտեսության զարգացումը ռազմավարական նշանակություն ունի։
Այն հարցի վերաբերյալ, թե ինչից պետք է սկսել այս գործընթացը, և ինչպես ազդարարել զարգացման մեկնարկը, գոյություն ունեն մի շարք կարծիքներ և առաջարկներ. մեկն առաջարկում է ճանապարհներ կառուցել, մյուսը՝ ոռոգման համակարգեր, մեկ ուրիշը՝ ավելի շատ բյուջետային միջոցներ հատկացնել ոլորտի զարգացմանը և այլն։ Սրանք, անշուշտ, չափազանց կարևոր միջոցառումներ են, բայց մեծ մասամբ միտված են արտադրողական ուժերի զարգացմանը, ինչն իհարկե նույնպես կարևոր է ոլորտի կայուն զարգացման համար, սակայն՝ ոչ առանցքային։
Այսպիսի մոտեցումը հաշվի չի առնում մեկ այլ անբաժանելի բաղկացուցիչ, ինչպիսին է տնտեսվարող սուբյեկտների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման մակարդակը, որոնք ծագում են ապրանքների արտադրության, փոխանակման, բաշխման և սպառման գործընթացում։ Տնտեսական հավասարակշռված հարաբերությունները պայմանավորում են արտադրության միջոցների և աշխատուժի ռացիոնալ բաշխումը տնտեսության մեջ։ Համաշխարհային պրակտիկայում շատ են նման օրինակները, երբ տնտեսական ինստիտուտների ցածր որակը թույլ չի տալիս հասնել ներդրումների արդյունավետության։
Ակնհայտ է, որ առավել կարևոր է սկսել ինստիտուցիոնալ բարեփոխումներից, որի ներքո ես առաջին հերթին հասկանում եմ միջավայրի որակական փոփոխություններ, որտեղ գործում են ձեռնարկատերերը և որտեղ ստեղծված են խաղի երկարաժամկետ, միանման կանոններ գործարար միջավայրի համար։ Ոչ մի լուրջ ներդրող՝ ո՛չ արտաքին և ո՛չ էլ ներքին, չի անի ներդրումներ գյուղատնտեսության հիմնական միջոցներում, եթե վստահ չլինի քաղաքական և մակրոտնտեսական միջավայրի կայունությանը, սեփականության իրավունքի անխախտությանը, դատական անկախ համակարգին, արդյունավետ և խթանիչ հարկային համակարգին, ինչպես նաև բաց (ոչ մենաշնորհային) ու հասանելի արտաքին և ներքին շուկաների առկայությանը և այլն։
Իհարկե, հեղափոխությունից հետո վերը թվարկված բոլոր ուղղություններում շատ բան է արվում, արձանագրված են որոշակի տպավորիչ արդյունքներ, ինչպես օրինակ՝ բավականին կայուն քաղաքական համակարգ, սեփականության իրավունքի պաշտպանվածություն, ցածր ինֆլյացիա, պայքար ընդդեմ կոռուպցիայի և մենաշնորհների, բայցևայնպես առջևում դեռ շատ անելիքներ կան։
Պետք է դադարել որպես տնտեսական իրավիճակը բնութագրող հիմնական ցուցանիշ դիտարկել տնտեսական ակտիվության ցուցանիշը, քանի որ այն չի արտացոլում տնտեսության գործունեության արդյունավետությունը։ Այլ խոսքով ասած՝ եթե տնտեսական ակտիվության ցուցանիշն աճում է, դա դեռ չի նշանակում, որ տնտեսությունը գործում է արդյունավետ
Սկսենք մակրոտնտեսական միջավայրի գնահատումից։ Առաջին հերթին, ինձ թվում է, որ պետք է դադարել որպես տնտեսական իրավիճակը բնութագրող հիմնական ցուցանիշ դիտարկել տնտեսական ակտիվության ցուցանիշը, քանի որ այն չի արտացոլում տնտեսության գործունեության արդյունավետությունը։ Այլ խոսքով ասած՝ եթե տնտեսական ակտիվության ցուցանիշն աճում է, դա դեռ չի նշանակում, որ տնտեսությունը գործում է արդյունավետ։ Սա է պատճառը, որ շատ քիչ երկրներ են հաշվի առնում այս ցուցանիշը։ Ներկայում ՀՆԱ-ի հաշվարկը (և՛ անվանական, և՛ իրական) տնտեսական աճի կամ անկման վերաբերյալ վերլուծություններ կատարելու լավագույն ցուցանիշն է։ Ավելին, լուրջ ներդրողների (հատկապես արտասահմանյան) համար ՀՆԱ-ն է համարվում առավել ընդունելի և հասկանալի ցուցանիշ։ Արդարության համար նշենք, սակայն, որ ՀՆԱ-ն հաշվի չի առնում երկրում եկամուտների և բարեկեցության անհավասարությունը, ուստի նրա հետ մեկտեղ կարևոր է կիրառել նաև այլ ցուցանիշներ, որոնք թույլ կտան գնահատականներ տալ։
Ես ուշադրություն եմ հրավիրում այս հանգամանքի վրա այն պատճառով, քանի որ անցկացվող բարեփոխումների ու սոցիալ-տնտեսական քաղաքականության առանցքային գործոնը բարեփոխումների ընթացքի ճիշտ պատկերացումն է, թե ինչպես են այդ բարեփոխումներն ազդում տարբեր ոլորտներում աշխատող և տարբեր շրջաններում ապրող քաղաքացիների կյանքի վրա։ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոզեֆ Ստիգլիցը ճիշտ է նկատել՝ «եթե սխալ բան ենք չափում, ուրեմն նաև սխալ գործում ենք» ( If we measure the wrong thing, we will do the wrong thing)։ Առանց բարեփոխումների ընթացքի տնտեսական գնահատականի ճիշտ համակարգի, առանց տվյալ ոլորտում համապատասխան համակարգային փոփոխությունների և հետադարձ կապի առկայության դժվար կլինի ճշմարիտ գնահատական տալ երկրում տեղի ունեցող իրադարձություններին։
Երկրորդ, կարևորելով ներդրումների անհրաժեշտությունը արտադրողական ուժերի զարգացման գործում՝ որպես տնտեսական ներուժի աճ, մենք նույնպես պետք է ջանք չխնայենք՝ ապահովելու նշված ներդրումները խթանող համապատասխան պայմաններ։ Որպես անբաժանելի գործոն հարկ է նշել տոկոսադրույքների իջեցումն ու կապիտալի հասանելիությունը։ Սրա հետ մեկտեղ շուկայական պայմաններում տոկոսադրույքների մակարդակը ձևավորում է ֆինանսական ռեսուրսների առաջարկի և պահանջարկի ներգործության արդյունքում։ Երբ տնտեսության մեջ տոկոսադրույքների մակարդակը բարձր է, տնտեսվարող սուբյեկտները հակված են խնայել, նրանք ներդրումների ռիսկը գնահատում են բարձր և ներդրումներից ցանկանում են ստանալ բարձր եկամուտներ։ Տոկոսադրույքների իջեցումը կարող է դրական ազդեցություն ունենալ ներդրումների դինամիկայի վրա, որովհետև ստեղծվում են բարենպաստ պայմաններ, երբ ներդրողների մեծամասնությունը շահավետ է համարում կատարել ներդրումներ իրական հատվածի տարբեր ոլորտներում։
Մեր տնտեսության մեջ ներկայում տոկոսադրույքների մակարդակը բարձր է, ինչն էլ սահմանափակում է ոլորտային ներդրումների հոսքը։ Երկրում, որտեղ ինֆլյացիայի աճի տեմպը ցածր է 1%-ից, վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5,5% է, առևտրային բանկերում վարկերի միջին տոկոսադրույքները 12-14% են, իսկ դրամի փոխարժեքը 1 դոլարի համար 485-ից մեկ տարում իջել է 475 դրամի, լուրջ ներդրողի համար գրավիչ, թերևս, ոչ այնքան շատ բան կա մեր երկրում։
Երկրում, որտեղ ինֆլյացիայի աճի տեմպը ցածր է 1%-ից, վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5,5% է, առևտրային բանկերում վարկերի միջին տոկոսադրույքները 12-14% են, իսկ դրամի փոխարժեքը 1 դոլարի համար 485-ից մեկ տարում իջել է 475 դրամի, լուրջ ներդրողի համար գրավիչ, թերևս, ոչ այնքան շատ բան կա մեր երկրում
Շատերն իհարկե կհարցնեն՝ իսկ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ գյուղատնտեսությունն ու գյուղի վերակառուցումն առհասարակ։ Ահա մի օրինակ մեր պրակտիկայից․ օրերս մենք այցելեցինք ջերմոցային տնտեսություններ և նրանց ղեկավարների հետ։ Ձեռնարկատերերից մեկը, որն այսօր սեփականատերն է ժամանակակից ջերմոցային տնտեսության (շուրջ 2 հա), որն արտադրում և արտահանում է բարձորակ հատապտուղներ, շատ է ցանկանում կառուցել ևս մեկ ջերմոց՝ դարձյալ 2-3 հա տարածքով։ Նա, իհարկե, մեծ ռիսկեր է տեսնում, սակայն էմոցիոնալ ոգևորվածությունն ու կենսական լավատեսությունը անում են իրենց գործը։ (Միանգամից ասեմ, որ արտադրության կազմակերպման վերաբերյալ հենց այսպիսի ժամանակակից մոտեցում ունեցող ձեռնարկատերերն են, որ 21-րդ դարի տեխնոլոգիաների կիրառմամբ, բարձրարժեք արտադրանքի արտադրությամբ, արտահանման ուղղվածությամբ և շուկայական ճիշտ ռազմավարության կիրառմամբ կդառնան այն շարժիչը, որը որակական նոր մակարդակի կբարձրացնի մեր գյուղատնտեսությունը)։
Մեր ձեռնարկատերն ունի գրեթե ամեն ինչ սեփական բիզնեսն ընդլայնելու համար։ Կա ջերմոցի համար պիտանի հողատարածք, կա որոշակի ենթակառուցվածք և, ամենակարևորը, կա վաճառքի փորձ, ինչպես նաև բարձրարժեք արտադրանքի կազմակերպման համար անհրաժեշտ ժամանակակից գիտելիքներ։ Սակայն ինչպե՞ս այս ձեռնարկատերն իր արտադրանքով մրցակցի միջազգային շուկաներում, երբ կրում է 14% (7,5-8 % ԱՄՆ դոլարի դեպքում) տոկոսադրույքով վարկային բեռը այն պարագայում, երբ իր արտասահմանցի գործընկերների՝ նմանատիպ վարկերի սպասարկումը մի քանի անգամ մատչելի է։ Իսկ եթե սրան հավելենք լոգիստիկան, տեղափոխման ճանապարհին ապրանքի փչանալուն առնչվող ռիսկերն ու բարդությունները, ակնհայտ է դառնում, որ ներդրումային գրավչությունն այնքան էլ մեծ չէ։
Տնտեսության մեջ տոկոսադրույքների իջեցման խնդիրը բարդ է ու համակարգային, և խնդրի կարգավորումը ենթադրում է փուլային գործընթաց, քանի որ այն շոշափում է հարակից մի շարք հարցադրումներ, որոնց պատասխանները հաճախ միանշանակ չեն։ Սակայն այս խնդիրն այսօր, թերևս, ամենաարդիականն է։ Արդիականացումը մեզնից պահանջում է ոչ թանկարժեք ֆինանասական ռեսուրսներ։
Անհավասարակշռության ևս մեկ պատճառ է այն հանգամանքը, որ երբ ձեռնարկատերերը պլանավորում են իրենց դրամական հոսքերը, նրանք հաշվարկում են որոշակի գնաճ (ծայրահեղ դեպքում նրանց կողմնորոշումը երկրի ԿԲ-ի թիրախավորումն է՝ 4% ինֆլյացիա), ինչը, փաստորեն, նույնպես մի քանի անգամ ցածր է։
Հաջորդ խնդիրն առնչվում է փոխարժեքի տարբերությանը։ Վերջին հինգ տարում ռուբլին դոլարի համեմատությամբ արժեզրկվել է երկու անգամ, իսկ դրամը՝ մոտավորապես 20-25%-ով։ Օրինակ, եթե մեր ձեռնսրկատերն իր հատապտուղները ՌԴ-ում իրացնում էր (գյուղմթերքի արտահանման ծավալների 80%-ից ավելին իրացվում է ՌԴ շուկայում) 300 ռուբլի/կգ կամ 5,23 դոլար արժեքով 2017-ի նոյեմբերի դրությամբ, ապա այդ նույն 300 ռուբլի փոխարժեքի դիմաց 2019-ի նոյեմբերին ստանում է արդեն 4,69 դոլար։ Սակայն սա խխնդրի ընդամենը կեսն է. քանի որ հատապտուղների արտադրությանն առնչվող ծախսերի մեծ մասը նա կատարում է երկրի ներսում՝ ՀՀ դրամով, ապա, եթե համապատասխան փոխարժեքով (համապատասխանաբար 2017 և 2019 թվականների համար) տարադրամի փոխանակում անենք, կստանաք 2 530 և 2 236 դրամ (կամ 13% ավելի քիչ հասույթ, քանի երկու տարի առաջ)։ Ես դիտավորյալ եմ վերցրել երկու տարվա ժամանակահատված, քանի որ մեր ձեռնարկատերը հենց երկու տարի առաջ է սկսել իր արտադրությունը։ Ստացվում է, որ այսպիսի դրամավարկային և արտարժույթային քաղաքականությունը նվազեցնում է ձեռնարկատերերի եկամտի 20-25%-ը։
Դրամի անվանական փոխարժեքի չափավոր թուլացումն ի զորու է աջակցել մեր արտահանմանը, ինչն անչափ կարևոր է համեմատաբար համեստ ներքին շուկայի պայմաններում, քանի որ զարգացող տնտեսությունների մեծամասնության տնտեսական կազմավորումը հիմնվում է հենց արտահանման ներուժի զարգացման վրա
Այս առումով, անվանական փոխարժեքի չափավոր թուլացումն ի զորու է աջակցել մեր արտահանմանը, ինչն անչափ կարևոր է համեմատաբար համեստ ներքին շուկայի պայմաններում, քանի որ զարգացող տնտեսությունների մեծամասնության տնտեսական կազմավորումը հիմնվում է հենց արտահանման ներուժի զարգացման վրա։ Արտաքին շուկաներում մեր արտադրանքի պահանջարկը կարող է նշանակալի խթան դառնալ մեր տնտեսության համար՝ նպաստելով նորանոր ձեռնարկությունների և նոր աշխատատեղերի ձևավորմանը։ Համաշխարհային չափորոշիչներով մենք ունենք համեմատաբար փոքր տնտեսություն, և այս տեսանկյունից խելամիտ է հենվել մեր արտահանման մրցունակության բարձրացման վրա, ինչն իր հերթին փոխարժեքի որոշակի կանոնավորում է պահանջում։ Սոցիալական ուղղվածության քաղաքականության արդյունքում գրանցված տնտեսական աճը, անշուշտ, դրական ազդեցություն կունենա նաև ներքին պահանջարկի ընդլայնման վրա։ Այստեղ խոսքը ոչ թե փոխարժեքի կարգավորման դիրեկտիվ գործիքների, այլ բացառապես շուկայական մոտեցման մասին է։
Տնտեսական աճի խթանումը միայն ներքին պահանջարկի հաշվին շատ ավելի անհեռատեսական է, քան սեփական առավելությունների գիտակցմամբ միջազգային հարթակներում արժանի տեղ զբաղեցնելը։ Վերջիվերջո, ժամանակի ընթացքում հայկական պանիրն արտասահմանցի սպառողի համար կարող է դառնալ ոչ պակաս գրավիչ, քան շվեյցարականը կամ հոլանդականը։
Մակրոտնտեսական մեկ այլ խնդիր, որը, այդ թվում և գյուղերում, կաշկանդում է ձեռնարկատիրական ակտիվ գործունեությունը, գործող Հարկային օրենսգիրքն է։ Ես, անշուշտ, կանգ չեմ առնի օրենսգրքի գործնական կիրառման բոլոր հակասությունների և դժվարությունների վրա, այլ կասեմ միայն, որ երբ ներդրողները լսում են, որ միաժամանակ գործում է և՛ ԱԱՀ, և՛ վաճառքի հարկ, հայտնվում են կատարյալ շփոթության մեջ։ Կամ էլ, երբ գյուղատնտեսական առաջնային ապրանքարտադրողների 98%-ը ազատված է ԱԱՀ-ից, սակայն առևտրի ոլորտում գործում է 20% դրույքաչափ, ապա առաջանում են անհավասար պայմաններ, որոնք, մասնավորապես, առնչվում են մուտքային ԱԱՀ-ի հաշվարկմանը։ Կամ էլ այն իրավիճակը, երբ հողի հարկը հավաքագրվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։ Գյուղատնտեսական արտադրանքի հարկումը հետագա բարեփոխումներ է պահանջում ինչպես ի հայտ եկած տրամաբանական անհամապատասխանությունների, վարչարարության կատարելագործման, այնպես էլ հարկային բեռի թեթևացման և տնտեսվարող բոլոր սուբյեկտների համար հավասար պայմանների ապահովման տեսանկյունից։
Ենթադրվում է, որ այս և մի շարք այլ մակրոտնտեսական խնդիրներ շատ ավելի հիմնարար և առաջնային են։ Վերջիններիս ճիշտ լուծումից է կախված տնտեսական մի շարք բարեփոխումների հաջողությունը։ Առանց դրանց լուծման մեր բոլոր ջանքերը, ուղղված այս կամ այ ոլորտի կամ ենթաոլորտի խթանմանը, երբեք չեն տա ակնկալվող արդյունքը։ Եթե արտաքին մակրոգործոնները չնպաստեն ոլորտում ներդրումային կապիտալի հոսքին, ապա ընթացիկ հողային բարեփոխումները, ինտենսիվ այգիների սուբսիդավորման պետական աջակցության ծրագրերը կամ ֆերմաների կառուցման համար տրամադրվող դրամաշնորհները հաջողությամբ չեն պսակվի։
Եթե արտաքին մակրոգործոնները չնպաստեն ոլորտում ներդրումային կապիտալի հոսքին, ապա ընթացիկ հողային բարեփոխումները, ինտենսիվ այգիների սուբսիդավորման պետական աջակցության ծրագրերը կամ ֆերմաների կառուցման համար տրամադրվող դրամաշնորհները հաջողությամբ չեն պսակվի
Մի բան ևս. այսօր մենք ունենք տնտեսական աճի բավականին լավ տեմպեր։ Մասամբ՝ շնորհիվ կառավարության հմուտ աշխատանքի (պայքար ընդդեմ կոռուպցիայի, մենաշնորհների, սեփականության իրավունքի պաշտպանվածություն և այլն) և, իհարկե, շնորհիվ ձեռնարկատերերի լավատեսական տրամադրության, որոնց մեծամասնությունը ոչ այնքան տրամաբանական, որքան զգացմունքային որոշումներ է կայացնում։ Մենք պետք է հասկանանք, որ մեր կողմից արդեն իսկ կատարված քայլերը հնարավոր է՝ թույլ կտան մեկ շնչի հաշվով ցածր եկամուտ ունեցող երկրների շարքից դասվել «միջին եկամուտ ունեցող» երկրների շարքին, ինչն էապես հեշտ է և պարզ, ինչպես փաստում է համաշխարհային փորձը, իսկ արդեն անցումը «միջին եկամուտ ունեցողից» դեպի «բարձր եկամուտ ունեցող» երկրների կատեգորիա պահանջում է ավելի կշռադատված մակրոտնտեսություն, մասնավորապես՝ համապատասխան ինստիտուտների ստեղծման հարցում։ Կարևոր է հստակ գիտակցել՝ ինստիտուտներ կառուցել անհրաժեշտ է այսօր, որպեսզի տարիներ անց տեսանելի լինեն վերջիններիս իրական և շոշափելի արդյունքները։
Արտակ Քամալյան










