Ֆրանսիական Petrostrategies վերլուծական կենտրոնը, որը մասնագիտացած է գլոբալ էներգետիկ հետազոտությունների ոլորտում, վերլուծում է Ադրբեջանի վերջին տնտեսական և քաղաքական իրադարձությունները: «Բաքուն գիտի, որ սպառվում է ժամանակը, քանի որ նավթի նրա պաշարները կրճատվում են, իսկ գազի արտահանումը չի կարող բավարար եկամուտ բերել դրանք փոխհատուցելու համար»,- գրում են Petrostrategies-ի վերլուծաբանները։ Այս համատեքստում նրանք քննարկում են նաև քաղաքական վերջին զարգացումներն Ադրբեջանում։
Ադրբեջանը բոլորովին վերջերս ներքին և արտաքին քաղաքական մեծ շրջադարձ կատարեց՝ հրաժարվելով եվրոպական ինտեգրման ծրագրից, որը նա հետապնդում էր 2007-ից՝ շեշտը դնելով Ռուսաստանի հետ դաշինքի վրա, ինչպես նաև վճռականորեն հաստատելով մահմեդական աշխարհին իր մաս լինելը և ի ցույց դնելով հավատարմությունը ավանդական ընտանեկան և կրոնական արժեքներին, որոնց դեմ նա նախկինում հանդես էր գալիս հանուն աշխարհիկության: Այդ փոփոխության արտահայտությունը եղավ, իհարկե, նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Բաքվի համալսարանում նոյեմբերի 27-ին։ Սակայն փոփոխությունները փաստացի սկսվել են հոկտեմբերին, երբ Ալիևը հայտարարեց, որ այլևս այլախոհություն չի հանդուրժի իր վարչակազմի ներսում։ Այնուհետև նա սկսեց աշխատանքից հեռացնել իր աշխատակազմի ու կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, որոնցից մի քանիսն այդ պաշտոններին էին դեռ հայր Ալիևի ժամանակներից, որին Իլհամը փոխարինել է 2003-ի վերջին: Այդ պաշտոնյաները դիտարկվում էին որպես աշխարհիկ, արևմտամետ դիրքորոշման երաշխավորներ, սակայն նրանց քաղաքական դերը սկսեց թուլանալ հօգուտ «Փաշաևների կլանի», որին ներկայացնում է Ալիևի կինը՝ Մեհրիբանը, ով հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակվել 2017-ի փետրվարին՝ այդպիսով դառնալով ամուսնու հետնորդը նրա հանկարծակի մահվան դեպքում։
Նոյեմբերի 27-ին Բաքվի համալսարանի հարյուրամյակի կապակցությամբ 45-րոպեանոց ելույթում Իլհամ Ալիևը անգութ քննադատում էր նրանց, ովքեր հրաժարվում էին փողեր տալ իր երկրին, երբ այն «դժվարին դրության» մեջ էր 1994-ի (երբ Ադրբեջանը պարտություն կրեց Ղարաբաղյան պատերազմում) և 1997-ի արանքում, երբ տրվեց նավթի արտահանման մեկնարկը: «Այսօր երբեմն մենք լսում ենք ինչ-որ արտաքին շրջանակներից, թե իբր «մենք ուզում ենք օգնել Ադրբեջանին, ուզում ենք տեսնել Ադրբեջանը որպես զարգացած երկիր»։ Այս ամենը սուտ է։ […] Այն ժամանակ, երբ գանձարանը դատարկ էր, մենք վարկերի էինք դիմում, մեզ ոչ ոք չէր տալիս,- ասել է Ալիևը:- Այդ պատճառով, երբ ինչ-որ մեկն ասում է, թե Ադրբեջանի լավն է ուզում, մի՛ հավատացեք։ [...] Մենք ավանդական արժեքների վրա հիմնված պետություն ենք կառուցում։ [...] Որոշ երկրներ այժմ ուշադրություն չեն դարձնում դրան։ Նրանք տարբերություն չեն տեսնում տղամարդկանց ու կանանց միջև։ [...] Կա գենդերային հավասարություն, մենք ընդունում ենք դա, բայց մենք չենք կարող ապրել ավանդական մտածողությունից դուրս»։
Խոսելով այն մասին, որ Եվրոպան դեռևս տնտեսական ճգնաժամի մեջ է՝ Ադրբեջանի նախագահն ասել է. «Ո՞ւր պետք է ինտեգրվենք՝ ճգնաժամի՞ն։ Ինտեգրվենք հասարակության, որն ասում է՝ վերջ իսլամի՞ն։ Ինտեգրվենք հասարակության, որ տարբերություն չի տեսնում տղամարդկանց ու կանանց միջև՞: [ …] Մենք ոչ մի դեպքում այնտեղ չենք ինտեգրվի»,- ասել է Իլհամ Ալիևը:
Եվրաինտեգրման քաղաքականությունից հրապարակային այս հրաժարումը տեղի ունեցավ նոյեմբերի 30-ին TANAP գազատարի բացումից ընդամենը երեք օր առաջ։ Գազատարը պետք է Եվրոպա արտահանի տարեկան մինչև 10 մլրդ խմ ադրբեջանական գազ: Դրա կառուցումը ռուսական գազից ԵՄ-ի կախվածության նվազեցման միջոց ներկայացնելու Միացյալ Նահանգների և Եվրոպայի լայնածավալ ջանքերի արդյունքն էր (չնայած դրա հզորությունը համեստ է եվրոպական շուկայում «Գազպրոմի» վաճառած ծավալների համեմատ)։ Բաքուն այսօր, ընդհակառակը, ցանկանում է ամրապնդել իր կապերը Մոսկվայի հետ։ Բացի այդ, գազամուղը շահագործման է հանձնվում մի ժամանակ, երբ համաշխարհային շուկայում գազի մեծ առաջարկ կա, իսկ գները ցածր են։ Արդ, Շահդենիզ-2 հանքավայրի և այն սպասարկող գազամուղների կառուցումը (ներառյալ՝ TANAP-ի) արժեցել է ավելի քան 40 մլրդ դոլար, և դրա շահութաբերության համար կպահանջվի նավթի առնվազն 70 դոլար գին:
Շահդենիզ-2-ից գազի արտահանումը Բաքվին չի բերի նրա ակնկալած ֆինանսական եկամուտը։ Դա շատ տհաճ է մի երկրի համար, որն արդեն իսկ հիասթափված է ոչ միայն նավթի արդյունահանման նվազումից (ինչն սկսվել է 2012-ին), այլև հում նավթի համեմատաբար ցածր գներից։ Ընդհանուր առմամբ, 2017-ին Ազերի-Շիրագ-Գյունեշլի խորջրյա հանքավայրի կոնցեսիայի պայմանները վերաբանակցելուց հետո միջազգային ընկերությունները՝ BP-ի գլխավորությամբ, սկսել են ներդրումներ անել սահմանափակելու նավթի նվազող արդյունահանման տեմպը, սակայն այդ ջանքերը թանկարժեք են, և նավթի արդյունահանման մակարդակը հնարավոր կլինի կայունացնել ընդամենը մի քանի տարով (հնարավոր է՝ արդյունահանման մի փոքր ավելացմամբ): Սակայն այդ հանքավայրերում պաշարների կեսից ավելին արդեն արդյունահանվել է, և այժմ խնդիրը դրանց անխուսափելի վերջնասպառումն է։
Ադրբեջանի տնտեսությունը բավականաչափ հզոր չէ, որպեսզի կարողանա հրաժարվել ածխաջրածիններից իր կախվածությունից։ 2018-ին գրանցվել է ընդամենը 1,4 տոկոս տնտեսական աճ, իսկ 2019-ին ակնկալվող 3,6 տոկոսը աճը սեպտեմբերին վերանայվել է նվազման ուղղությամբ՝ մինչև 2,3 տոկոս: Հարևան Վրաստանի համապատասխան ցուցանիշը կազմել է 4,8 տոկոս 2018-ին և 5,1 տոկոս՝ 2019-ին (առաջին 10 ամիսները), թեև այն նավթ կամ գազ չունի: 2018-ին Հայաստանի տնտեսությունն աճել է 5,2 տոկոսով, իսկ 2019-ին Համաշխարհային բանկն ու ԱՄՀ-ն արդեն կանխատեսում են տնտեսական աճ 5,5-6 տոկոսի սահմաններում:
Ալիևն այլևս չի կարող հուսալ, որ ածխաջրածիններից եկամուտների ավելացումը կաշխուժացնի իր երկրի տնտեսությունը՝ իրեն թույլ տալով (եթե իհարկե ցանկանա) սկսել ավելի արդար բաշխել ազգային հարստությունը բնակչության շրջանում:
Ալիևը, հնարավոր է, մտավախություն ունի, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական խաղաղ հեղափոխությունը կարող է վարակել հասարակական կարծիքը նաև իր երկրում
Ադրբեջանի ղեկավարը, հնարավոր է, նաև մտավախություն ունի, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական խաղաղ հեղափոխությունը 2018-ի ապրիլին,- երբ հաջողվեց իշխանությունը խլել կոռումպացված ռեժիմից, որը դրանից ընդամենը շաբաթներ առաջ անպարտելի էր թվում,- կարող է վարակել հասարակական կարծիքը նաև իր երկրում: 2019-ին Ադրբեջանում բողոքի ցույցերի քանակն ավելացել է, և դրանք այլևս չեն ճնշվում այնքան կոշտ, որքան նախկինում։ Ակնհայտորեն ճնշման ներքո իշխանություններն անգամ ազատում են քաղբանտարկյալներին։
Բաքվի համալսարանում Ալիևի ելույթից մեկ օր անց երկրի խորհրդարանը լուծարվեց։ Ինչո՞ւ։ Արդյոք դա արվեց քաղաքական հակառակորդներին նոր խորհրդարան մուտքն ապահովելու և այդպիսով ժողովրդի զայրույթը պարպելու հույսո՞վ։ Նախագահ Ալիևը քննադատել է այլ երկրներում տեղի ունեցող հեղափոխությունները, որոնք, ըստ նրա, չեն կատարում իրենց խոստումները։ «Հիմա ամբողջ աշխարհը տեսնում է, որ հեղափոխությունները միայն դժբախտություն են բերել այդ երկրներին,- ասել է նա Բաքվի համալսարանում՝ հայտարարելով խորհրդարանական հաջորդ ընտրություններից հետո «արմատական բարեփոխումների» մասին։
Ադրբեջանը սկսել է զգալիորեն սերտացնել կապերը Ռուսաստանի հետ։ Նոյեմբերի 20-25-ն ընկած ժամանակահատվածում Մեհրիբան Ալիևան «պետական այց» կատարեց Մոսկվա, որի ընթացքում հանդիպեց Ռուսաստանի բարձրագույն ղեկավարների հետ ու ողջունեց «միջազգային ասպարեզում Ռուսաստանի դիրքերի աճը»: Երբ Իլհամ Ալիևը Բաքվի համալսարանում ելույթից հետո ողջունեց ՌԴ ղեկավարի աշխատակազմի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը, նա ասաց, որ Վլադիմիր Պուտինը «աշխարհի առաջատար երկրի նախագահն է», «աշխարհի քաղաքական գործիչների շարքում թիվ մեկն է»:
Բաքուն, հնարավոր է, փորձում է օգտվել Երևանի և Մոսկվայի միջև Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» հետո ծագած որոշ տարաձայնություններից, և կարող է հույս ունենալ այդ կերպ իրեն բավարարող լուծում գտնել Արցախի խնդրում, որը Ստալինը 1923-ին միացրել է Խորհրդային Ադրբեջանին, և որը ԽՍՀՄ փլուզումից հետո նվաճել է իր անկախությունը:
Ադրբեջանի կառավարությունն այդ հակամարտության գինը ներկայացնում է որպես երկրի տնտեսության առջև ծառացած խնդիրների հիմնական աղբյուր։ Բաքուն, իհարկե, գիտի, որ ժամանակն սպառվում է, քանի որ իր նավթի պաշարները կրճատվում են, իսկ գազի արտահանումը չի կարող բավարար եկամուտ բերել, որպեսզի փոխարինի նավթից ստացվող եկամուտները։ Ադրբեջանը փորձում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր քաղաքական ռազմավարությունը, նախքան անհրաժեշտության դեպքում զենքին դիմելը, ինչպես 2016-ի ապրիլին։
Թարգմանությունը՝ Կարեն Հարությունյանի