Գլխավոր Լրահոս

2020 թվական ենք մտնելու շատ լավ տնտեսական հիմքով․ էկոնոմիկայի նախարար

2020 թվական ենք մտնելու շատ լավ տնտեսական հիմքով․ էկոնոմիկայի նախարար
Այս տարվա նոյեմբերին Հայաստանից արտահանման բարձր ցուցանիշ են ապահովել մի շարք ապրանքային խմբերում դրական տեղաշարժերը․ այս մասին կառավարության՝ դեկտեմբերի 26-ի նիստին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2019թ. հունվար-նոյեմբերին՝ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ըստ վիճակագրական կոմիտեի ընթացիկ-օպերատիվ ամփոփված տվյալների, աճել է 7,5 տոկոսով, իսկ 2019թ․ նոյեմբերին նախորդ նոյեմբերի համեմատ՝ 10,1 տոկոսով։ Արդյունաբերության հավելաճը 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ կազմել է 13,8 տոկոս, իսկ 2019թ. հունվար-նոյեմբերի կտրվածքով ոլորտն աճել է 9,3 տոկոսով: Այս տարվա նոյեմբերին շինարարությունն աճել է 4,8 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ 11,6 տոկոսով, ներքին առևտրաշրջանառությունը՝ 11,9 տոկոսով, միջին աշխատավարձը՝ 6,3 տոկոսով, արտահանումը՝ 25,7 տոկոսով, ներմուծումը՝ 9,6 տոկոսով: «Ինչպես և ակնկալում էինք, ունենք դրական զարգացումներ մի քանի ապրանքների արտահանման խմբերում: 11 ամիսների ընթացքում ունենք կոնյակի արտահանման աճ մոտ 27 տոկոսով: Համարում ենք սա շատ կարևոր, քանի որ ապահովվում է նաև մեր գյուղատնտեսության զարգացումը: Գործընթացը շարունակական է: Հատկապես, որ գինիների արտահանումն այս ամիսների ընթացքում հանրագումարով աճել է շուրջ 50 տոկսով: Սա նոր զարգացում է մեր տնտեսությունում», - ասաց նախարարը: Նա նկատեց, որ նախորդ երկու տարիներին գինիների արտահանման ոլորտում դրական տեղաշարժերը նկատելի էին, սակայն այժմ որակապես նոր իրավիճակ է: «Այն, որ այս 11 ամիսների ընթացքում ունենք 24 մլն դոլարի ընդհանուր արժեքով գինիների արտահանում, որը 50 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, շատ կարևոր ու հուսադրող ցուցանիշ է: Հատկապես, որ մրգային գինիների արտահանման ծավալներն աճել են առաջանցիկ տեմպերով՝ կազմելով շուրջ 70 տոկոս», - նշեց Տիգրան Խաչատրյանը: Վերջինիս խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է բուսական ծագման արտադրանքի 18,5 տոկոս աճ: «Սրանք հիմնականում ջերմատնային պայմաններում աճեցրած կուլտուրաներն են: Շատ մեծ աճ ունենք հատկապես վարունգի ու ելակի արտահանման մասով: Շուրջ 15 տոկոսով աճել է շոկոլադե արտադրանքի արտահանումը, որը նույնպես նոր զարգացում է մեր տնտեսությունում», - նկատեց նախարարը: Եզրափակելով իր խոսքը՝ էկոնոմիկայի նախարարը հայտնեց, որ, ամենայն հավանականությամբ, տարվա կտրվածքով տնտեսական աճը կկազմի 7,5 տոկոս: «Իսկ մեր արտահանումը տարեկան կտրվածքով կաճի 10 տոկոսով: Հիմա կարող ենք ասել, որ այդ ցուցանիշները շատ իրատեսական են: Կասկած չկա, որ 2020 թվական ենք մտնելու շատ լավ տնտեսական հիմքով», - եզրափակեց նա: Թեմային անդրադարձավ նաև ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ նշելով, որ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները ստիպել են ԿԲ-ին բարելավել սեփական կանխատեսումը տնտեսական աճի վերաբերյալ՝ այն դարձնելով 7,4 տոկոս: «Մենք այժմ կանխատեսում ենք 7,3-7,4 տոկոս ռիսկերը: Սա նշանակում է` ես կիսում եմ իր գործընկերոջ գնահատականը: Ընդ որում, տնտեսական աճի ամենակարևոր գործոններից է պահպանվող և կայուն մակրոտնտեսական միջավայրը, ցածր գնաճը, կայուն ֆինանսական համակարգը և նվազող պետական պարտքը: Սրանք անհրաժեշտ պայմաններ են ներդրումների ու աճի համար, քանի որ ամրապնդում են մարդկանց վստահությունն ապագայի նկատմամբ», - ասաց Ջավադյանը: Վերջում վարչապետն արձանագրեց, որ տնտեսական աճի դինամիկան հետաքրքիր վարքագիծ է դրսևորում հատկապես վերջին երեք ամսում: «Սեպտեմբերին մենք ունեցանք 7,5 տոկոս տնտեսական աճ, հոկտեմբերին՝ 8 տոկոս, իսկ նոյեմբերին՝ շուրջ 10 տոկոս: Բացի այդ, բյուջեում հարկային հավաքագրումների առումով ունենք լուրջ աճ», - նշեց Նիկոլ Փաշինյանն ու խոսքը փոխանցեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: «Մենք սպասում ենք, որ պետական բյուջեի հարկային մասով փաստացի կատարողականը, առանց ԱԱՀ-ի բոլոր վերադարձների, լինելու է 1 տրիլիոն 461 մլրդ դրամի շրջանակներում: Եթե մենք գումարենք սրան ԱԱՀ-ով վերադարձված գումարները, որը կկազմի 42 մլրդ դրամ, կունենանք 1 տրիլիոն 502 մլրդ դրամի հասնող թիվ: Սա է եղել այն հիմքը, որի հիման վրա մենք որոշում ենք կայացրել վերադարձնել հին պարտքերը», - ասաց Անանյանը: Վարչապետը վերջում հավելեց, որ այս տարվա բյուջեի եկամուտները կգերակատարվեն առնվազն 89 մլրդ դրամով: «Մենք կարող ենք ձգտել մինչև 100 մլրդ դրամի գերակատարման», - եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: Արշալույս Մղդեսյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում