Գլխավոր Լրահոս

Սահմանադրական ապօրինություն

Սահմանադրական ապօրինություն

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հաղթահարելու իշխանությունների ձեռնարկած քայլերը քաղաքական են, հակասահմանադրական և ապօրինի։

Առաջին ապօրինությունը թույլ է տվել Ազգային ժողովը՝ 75 կողմ և 34 դեմ ձայներով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելով Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որն ապօրինի ճանապարհով է դարձել այդ կառույցի ղեկավար՝ վարձատրվելով Սերժ Սարգսյանից՝ իր ապօրինությունների համար, ոտք է դեմ տվել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը և չի ուզում հեռանալ։ Թովմասյանը երկու սահմանադրություն գրելու պատվեր է կատարել՝ փորձելով հավերժացնել Սերժ Սարգսյանի իշխանությունը Հայաստանում և Բակո Սահակյանինը՝ Արցախում։

2018-ի ապրիլին Թավշյա հեղափոխությունը խափանեց Թովմասյանի, իշխող ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի հանցավոր մտահաղացումը։

Բայց մենք քննարկման թեմա չենք դարձնում և կասակածի տակ չենք դնում Թովմասյանի, ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի սահմանադրական ապօրինությունները։ Մենք մեր մտահոգություններն ենք հայտնում այն ապօրինությունների առնչությամբ, որ թույլ է տալիս Ազգային ժողովը, նախագահ Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ փորձելով քաղաքական, հակասահմանադրական և ապօրինի ճանապարհով ազատվել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի վերջին բաստիոնից։

Անհասկանալի է նաև, թե ինչու է Հրայր Թովմասյանը ցանկանում «նահատակվել» Սերժի ու Քոչարյանի համար։ Եթե, իրավամբ, պարոն Թովմասյանի համար օրենքն է առաջնային, ապա ինչու էր ապօրինություններ թույլ տալիս Սերժի ժամանակ։

Հետևաբար, պարոն Թովմասյանի վարքագիծը և մարտավարությունը ևս քաղաքական է։

Երկրորդ ապօրինությունը թույլ տվեց նախագահ Արմեն Սարգսյանը՝ հաստատելով Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը:

«Բարի պապիկը» չի ուզում հրաժարվել «անգլիական թագուհու» կարգավիճակից։

Երրորդ ապօրինությունն այն է, որ պետական բյուջեի, այսինքն՝ հարկատուների հաշվին, Հայաստանի իշխանությունները թոշակի են ուղարկում մարդկանց, որոնք գուցե պետք է կանգնեին արդարադատության առաջ։ Պետությունը, ըստ էության, կաշառում է մի քանի ընտրություններում կեղծիքը օրինականացրած մարմնի անդամներին, ընդ որում՝ կաշառում է հարկատուների հաշվին՝ փորձելով ապօրինի ճանապարհով պատվավոր թոշակի ուղարկել նրանց։

Իրավական պետության տեսակետից սա անթույլատրելի քայլ է՝ մեղմ ասած։

Թաթուլ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում