Գլխավոր Լրահոս

10 փաստ, որոնք տեղ չեն գտել Նիկոլ Փաշինյանի 100 փաստերում՝ ըստ Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի

10 փաստ, որոնք տեղ չեն գտել Նիկոլ Փաշինյանի 100 փաստերում՝ ըստ Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը ուսումնասիրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 25-ին Կապանում հրավիրած ասուլիսին ներկայացրած 100 փաստը, որոնք խոսում էին երկրում դրական փոփոխությունների մասին։ Կենտրոնը ներկայացրել է 10 բացասական փաստ, որը տեղ չի գտել վարչապետի ելույթում։

1. 7,5% տնտեսական աճի մեջ առյուծի մասը բաժին է ընկել առևտրի ու ծառայությունների ոլորտին, որին նպաստել են վարկավորման ծավալների աճը, ֆինանսական (ներառյալ ապահովագրական), բուքմեյքերական և խաղատնային գործունեությունը:

2. Ի հեճուկս գյուղատնտեսության ոլորտում իրականացվող միջոցառումների` ոլորտի ցուցանիշները տպավորիչ չեն: 2019-ի 9 ամիսների տվյալներով գյուղատնտեսության ոլորտում 4,8% նվազում է գրանցվել, մասնավորապես անասնաբուծության ոլորտում անկումը կազմել է 2,2%, իսկ բուսաբուծության ոլորտում՝ 7%:

3. Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած վճարային հաշվեկշռի՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներy 2019-ի առաջին 9 ամիսներին նվազել են՝ կազմելով 185,7 մլն ԱՄՆ դոլար: Ավելին, համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը (ստացումների և մարումների տարբերություն) կրճատվել են շուրջ 47%-ով` կազմելով 32,6 մլրդ դրամ:

4. Պետական բյուջեով նախատեսված ծախսերը թերակատարվել են շուրջ 223 մլրդ դրամով, իսկ կապիտալ ծախսերը՝ ավելի քան 60%-ով: Կապիտալ ծախսերը պետական բյուջեից տնտեսության ենթակառուցվածքներում ու մարդկային կապիտալում կատարվող կապիտալ ներդրումներ են, որոնք ստեղծում են նախադրյալներ երկարաժամկետ տնտեսական աճի համար:

5. 2019-ին պետական բյուջեի հարկային եկամուտները ճշտված պլանի նկատմամբ չեն գերակատարվել:

6. Թեև արտահանման դրական միտումներ են արձանագրվել, այնուհանդերձ 2019-ի հունվար-սեպտեմբերին ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 7,7%` շեղվելով իր երկարաժամկետ կայուն 6,9% մակարդակից:

7. ՀՀ պետական պարտքը 2019-ի ընթացքում աճել է շուրջ 6%-ով կամ 402 մլն դոլարով:

8. Թեև 2018-ի ընթացքում ՀՀ կառավարությանը հաջողվել է 2017-ի համեմատ 2,2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը, այնուհանդերձ խորացել է բնակչության բևեռացումն ըստ սպառման և եկամուտների հավասարության (Ջինիի գործակից): 2020-ից գործող համահարթ եկամտային հարկը կնպաստի անհավասարության խորացմանը:

9. Գնաճը շեղվել է իր թիրախային նպատակային ցուցանիշից: 2019-ի ցածր գնաճային միջավայրը պայմանավորված է համախառն պահանջարկի նվազման և մարդկանց գնողունակության անկման հետ, որը կարգավորելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը անցյալ տարվա սեպտեմբերին իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ փորձելով խթանել տնտեսական ակտիվությունը:

10. Եվ վերջապես ուշագրավ է, որ 2020-ի պետական բյուջեի ծախսային ուղղությունները դիտարկելիս յուրաքանչյուր ոլորտի համար հիմք են հանդիսացել 2017-2019 թթ. համեմատականը: Բացառություն է կազմում միայն պաշտպանության ոլորտը, որտեղ 2019-ի հետ համեմատություն չի կատարվել: Թերևս այն պատճառով, որ 2020-ի աճող բյուջեում ոլորտին հատկացվող ծախսերը 2019-ի համեմատ ոչ թե ավելացել, այլ նվազել են շուրջ 3 մլրդ դրամով:

#CivilNet #News

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում