Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարությամբ, որը շաբաթներ առաջ արդարադատության նախարարությունը ներկայացրել է հանրային քննարկման, ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ձևավորման համատեքստում անհրաժեշտ է համարվում քննարկման առարկա դարձնել նաև Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը (ՖԴԿ) ձևավորվելիք ՆԳՆ-ի կառուցվածքում ներառելու հարցը։
Առաջարկը դժգոհություններ է առաջացրել ֆինանսիստների ու տնտեսագետների շրջանում: Նրանք սա համարում են քայլ դեպի «ոստիկանական պետություն», այն դեպքում, երբ կառավարությունն այն հիմնավորում է կոռուպցիայի ու ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:
Ինչ կառույց է Ֆինանսական դիտարկումների կենտրոնը
Ֆինանսական դիտարկումների կենտրոնը
ստեղծվել է 2005 թվականին` որպես ԿԲ առանձնացված ստորաբաժանում: Կառույցի հիմնական գործառույթը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով տեղեկությունների հավաքագրումը, վերլուծությունը և փոխանակումն է: ՖԴԿ-ն նաև ներկայացնում է Հայաստանը մի շարք միջազգային կազմակերպություններում և կառույցներում` ակտիվորեն մասնակցելով փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային նախաձեռնություններին:
ՖԴԿ-ն ստեղծման օրվանից ակտիվ գործունեություն չի ծավալել: ԿԲ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 15 տարների գործունեության ընթացքում ներգրավված է եղել 26 դատական գործերով ու ակտերով, որոնց թվում է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ քաղաքական աղմկահարույց «Իգլայի գործը», որով Բաբայանը 2017-ին դատապարտվեց վեց տարվա ազատազրկման: (Բաբայանն ազատ արձակվեց Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ «Թավշյա հեղափոխությունից» հետո):
ԿԲ 1994-1998 թթ. նախագահ Բագրատ Ասատրյանն ասում է, որ այս համակարգի աշխատանքը տպավորիչ չէ: «Ականատես ենք լինում փաստերի, երբ այս կամ այն պաշտոնյան կամ նրա որդին միլիոնավոր դոլարների ներդրումներ են կատարել այլ պետություններում: Այս ամբողջը կատարվել է բանկային համակարգի միջոցով: Այս առումով տեղին է ՖԴԿ-ի աշխատանքի հետ կապված անհնագստությունը: Ինչո՞ւ ժամանակին ՖԴԿ-ն այս տեղեկությունները չի հայտնել, երբ պարտավոր էր դա անել»,- հարց է բարձրացնում Բագրատ Ասատրյանը:
Ասատրյանի կարծիքով՝ Սամվել Բաբայանի գործի դեպքում քաղաքական պատվեր է եղել, ուստիև գործն առաջ է բերվել:
Զուտ առաջա՞րկ
«Սա զուտ առաջարկ է, որը մենք ներկայացրել ենք հանրային լայն քննարկման: Որևէ վերջնական որոշում չկա այս հարցում: Մեր գործընկերների հետ մասնագաիտական քննարկումներն արդեն ընթացքի մեջ են: Հարցն արհեստականորեն չի բարձրացվել: Երբ խոսում ենք ֆինանսական հանացագործությունների ու կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի մասին, պետք է լջորեն վերանայենք, թե ինչ իրավակարգ ունենք, ինչ մարմիններ ունենք՝ ինչ գործառույթներով, իհարկե, մարդու իրավունքների ու անձնական տվյալների պահպանմամբ»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը:
Բագրատ Ասատրյանի կարծիքով՝ զուտ ոստիկանանական վերահսկողությամբ հնարավոր չէ արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ: «Այնպես չէ, որ եթե գործունեության ցանկացած տեսակի կողքին ոստիկան կանգնեցնենք, ամեն ինչ արդյունավետ կլինի: Պետք են համակարգային լուծումներ: Այս դեպքում համակարգը կա, ուղղակի այն պետք է ավել արդյունավետ աշխատեցնել»,- նշում է Ասատրյանը։
Աստատրյանի հետ համակարծիք է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Արաքս Մելքոնյանը: Նրա խոսքով, անհրաժեշտ է պարզապես հզորացնել ֆինանսական դիտարկումների կենտրոնը և հնարավորությունները:
«Հայաստանում առկա մոդելը գործում է եվրոպական շատ երկրներում: Եթե խդիր է դրված, որ իրավապահ համակարգն ավելի օպերատիվ արձագանքի ֆինանսական և կոռուպցիոն հանցագործություններին, պետք է պարզապես ուժեղացնել կապն այդ կենտրոնի ու իրավապահ համակարգի միջև, գուցե նաև՝ ընդլայնել կառույցի հնարավորությունները»,- ասում է Մելքոնյանը։ Ըստ նրա՝ ներկա մոդելն ամենաօպտիմալն է բանկային գաղտնիքի, անձնական տվյալների ու ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանվածության տեսանկյունից:
Քայլ դեպի ոստիկանական պետությո՞ւն
TK & Partners խորհրդատվական ընկերության կառավարող գործընկեր, ԿԲ իրավաբանական վարչության նախկին պետ Վարուժան Ավետիքյանը խիստ քննադատում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնը ձևավորվելիք ՆԳՆ-ի կառուցվածքում ներառելու նախաձեռնությունը:
«Առաջին մտորումս այն է, որ սա ևս մեկ հաստատակամ քայլ է դեպի ոստիկանական պետություն: Նույնիսկ նման հարցի քննարկումն է խիստ վտանգավոր, ու կասկածս այն է, որ քննարկման առաջարկ անողները պատկերացում չունեն ֆինանսական կայունության մասին»,- նշում է նա ու ընդգծում, որ հայկական բանկերն այժմ կառավարում են շուրջ 1 տրիլիոն ոչ ռեզիդենտների ավանդներ ու հաշվիվներ:
Ավետիքյանը նախազգուշացնում է՝ որքան կտևի այդ ավանդները բանկերից դուրս բերելու համար, եթե ավանդատուներն իմանան, որ ոստիկանին հասանելի է իրենց հաշիվների շարժը: «Սա անթույլատրելի նախաձեռնություն է»,- նշում է նա:
Ֆինանսական հոսքերը, Բագրատ Ասատրյանի կարծիքով, ոստիկանական մեթոդներով վերահսկելիս պետք է շատ զգույշ լինել․ «Սա հղի է նոր ռիսկերով: Փողը շատ զգուշավոր է: Պետք չէ այստեղ ոգևորվել և շատ ոլորտներ փոխանցել իրավապահների վերահսկողությանը»։
Այս առաջարկը խնդրահարույց է համարում նաև տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը։
«Խնդիրը պետք է դիտարկել երկարաժամկետ հեռանկարում: Մենք չգիտենք՝ ինչիպիսին կլինեն ապագայի իշխանությունները, ինչ նպատակներ նրանք կունենան: Չի բացառվում, որ այդ տվյալներն ապագայում կարող են այլ նպատակի օգտագործվել: Կլինի ոստիկանական մի կառավարություն, որը բոլորի մասին, ամեն ինչ կիմանա: Այս ռիսկը պետք է հաշվի առնել»,- ՍիվիլՆեթ-ի հետ զրույցում
ասում է Աշոտ Խուրշուդյանը:
Նա հիշեցնում է՝ ժամանակին այդ կառույցը տրվել է ԿԲ-ին, որպեսզի հավաստի տեղեկատվություն ստանան: «Եթե այն լիներ Ոստիկանության կամ դատախազության կազմում, ապա բանկերը կարող է չտային այդ ինֆորմացիան, կամ կեղծեին այն»,- ասաց նա:
Նման փոփոխությունների մասին, ըստ տնտեսագետի, կարող են խոսել միայն ինստիտուտների նկատմամբ բարձր վստահությամբ կայուն ժողովրդավարություն ունեցող երկրները՝ անկախ դատական համակարգով:
***
ՍիվիլՆեթը թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար հարցումներ է ուղարկել նաև Կենտրոնական բանկին, որոնց պատասխանը դեռ չի ստացել: Առևտրային մի շարք բանկեր ևս խուսափում են թեմայի վերաբերյալ մեկնաբանություն տալ։
Կենտրոնական բանկից հայտնել են, որ առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ:
Արշալույս Մղդեսյան