Գլխավոր Լրահոս

Ռուս-թուրքական ճգնաժամը հետաձգվում է․ ինչու է այն կարևոր Երևանի համար

Ռուս-թուրքական ճգնաժամը հետաձգվում է․ ինչու է այն կարևոր Երևանի համար
Մարտի 5-ին Մոսկվայում շուրջ վեց ժամ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներին հաջողվեց որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծված ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու վերաբերյալ: Բանակցությունների արդյունքները գնահատելու համար անհրաժեշտ է հակիրճ ներկայացնել մարտի 5-ի դրությամբ Իդլիբում ստեղծված իրավիճակը: Նահանգը 2011-ից նախագահ Ասադի դեմ սկսված զինված պայքարի հիմնական կենտրոններից մեկն էր: Տես նաև՝ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են Իդլիբում հրադադարի շուրջ 2015-ի սեպտեմբերին Սիրիայում Ռուսաստանի կողմից ռազմական օպերացիայի մեկնարկից հետո կառավարական ուժերին հաջողվեց աստիճանաբար ապստամբներին դուրս մղել Սիրիայի տարածքից և 2018-ի աշնան դրությամբ Իդլիբը վերջիններիս վերահսկողության տակ գտնվող միակ նահանգն էր՝ չհաշված Եփրատ գետից արևելք ընկած և քրդական ուժերի ազդեցության տակ գտնվող տարածքները: 2018-ի սեպտեմբերին Թուրքիան և Ռուսաստանը Սոչիում հուշագիր ստորագրեցին Իդլիբի վերաբերյալ, որը փաստացի նահանգը թողնում էր Թուրքիայի վերահսկողության ներքո և կանխում էր կառավարական ուժերի հարձակումը Իդլիբի վրա: Միևնույն ժամանակ, հուշագիրը Թուրքիայից պահանջում էր տարանջատել նահանգում գործող չափավոր ընդդիմադիր ուժերին իսլամիստ ահաբեկիչներից. խնդիր, որն անհնար էր իրականացնել այդ ուժերի միջև հստակ տարբերության բացակայության պատճառով: Թուրքիայի կողմից Սոչիում ստորագրված հուշագրի պայմանների չկատարումը հիմք դարձվ Իդլիբի վրա կառավարական ուժերի նոր հարձակման համար, որի հետևանքով նահանգի տարածքի 30-ից 40 տոկոսը անցավ կառավարական ուժերի վերահսկողության ներքո: Իրավիճակը կտրուկ սրվեց 2020-ի փետրվարի վերջին, երբ թուրքական բանակի ավելի քան երեսուն զինվոր սպանվեց սիրիական և ռուսական օդուժի հարվածներից: Ռուսաստանը և Թուրքիան ընդհուպ մոտեցան ուղղակի ռազմական բախման սահմանագծին: Իդլիբի նկատմամբ ազդեցության պահպանումը էական նշանակություն ունի Թուրքիայի համար Սիրիայում ընթացող քաղաքական կարգավորման գործընթացին մասնակցելու առումով: Միևնույն ժամանակ, Սիրիայում Թուրքիայի գլխավոր առաջնահերթությունը ոչ թե Իդլիբն է, այլ Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության ստեղծման կանխումը: Այդ նպատակով Թուրքիան 2016, 2018 և 2019 թթ. երեք ռազմական ներխուժումներ է իրականացրել Սիրիա և փաստացի օկուպացրել է մի քանի հազար քառակուսի կիլոմետր տարածք՝ հարյուր հազարավոր քրդերի վտարելով իրենց բնակության վայրերից: Նշված գործողությունները Թուրքիան իրականացրել է Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևանքով, և Անկարան հստակ գիտակցում է, որ ցանկության դեպքում Ռուսաստանը կարող է էական դժվարություններ ստեղծել Թուրքիայի համար նաև նշված տարածքներում: Այս ամենի հաշվառմամբ՝ հասկանալի է, որ Թուրքիան հակված չէ ամբողջությամբ խաթարել Ռուսաստանի հետ հարաբերությունները, իսկ Կրեմլը գիտակցում է, որ Թուրքիան դժվար թե համաձայնի ամբողջությամբ կորցնել Իդլիբ նահանգը: Մարտի 5-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները լիովին տեղավորվում են նշված տրամաբանության մեջ: Կողմերը փաստացի համաձայնել են ֆիքսել Իդլիբում ձևավորված նոր ստատուս քվոն: Կառավարական ուժերը դուրս չեն գա վերջին ամիսներին Իդլիբում գրաված տարածքներից, նաև կդադարեցնեն հարձակումները, և նահանգի երկու երրորդը կշարունակի փաստացի մնալ Թուրքիայի վերահսկողության ներքո: Երկու կողմերն էլ կարող են հայտարարել դիվանագիտական հաջողության մասին: Թուրքիային հաջողվեց կանխել Իդլիբի նկատմամբ հսկողության ամբողջական կորուստը, իսկ Ռուսաստանը կարողացավ ամրագրել վերջին ամիսներին կառավարական ուժերի ձեռք բերած հաջողությունները: Իհարկե, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մեկ կամ մեկուկես տարի անց կառավարական ուժերը նոր հարձակում չեն սկսի Իդլիբի ուղղությամբ՝ Թուրքիային այս անգամ մեղադրելով 2020-ի մարտի 5-ին ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման մեջ: Սակայն կարճաժամկետ առումով երեկվա պայմանավորվածությունները, թերևս, այն առավելագույնն են, որին Թուրքիան կարող էր հասնել: Հայացք Երևանից Վերջին օրերին Հայաստանի փորձագիտական դաշտում ակտիվորեն քննարկվում էր նաև Իդլիբում ռուս-թուրքական հարաբերությունների սրման՝ Հայաստանի  վրա ազդեցության հարցը: Այստեղ առկա է երկու հիմնական տեսակետ. առաջինի համաձայն ռուս-թուրքական հարաբերություններում լարվածության առաջացումը համապատասխանում է ՀՀ շահերին, քանի որ Մոսկվայի և Անկարայի միջև դաշինքը կարող է հանգեցնել 1920-1921 թթ. դեպքերի կրկնությանը, երբ Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի միջև ձևավորված դաշինքի հետևանքով հայկական մի շարք տարածքներ հայտնվեցին Թուրքիայի և Խորհրդային Ադրբեջանի կազմում: Երկրորդ տեսակետի համաձայն՝ ռուս-թուրքական լարվածությունը կարող է հանգեցնել Արցախում Թուրքիայի դրդմամբ ռազմական գործողությունների վերսկսմանը՝ որպես Ռուսաստանի համար հավելյալ խնդիրներ ստեղծելու թուրքական քաղաքականության մաս: Հարկ է նշել, որ երկրորդ մոտեցումը, թերևս, ավելի իրատեսական է. անկախ ռուս-թուրքական հարաբերություններում գրանցված դրական զարգացումներից, առնվազն Հարավային Կովկասում Ռուսաստանը Թուրքիային շարունակում է համարել ռազմավարական մրցակից և դժվար թե տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունը մեծացնող քայլեր ձեռնարկի: Միևնույն ժամանակ, երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան էականորեն սահմանափակում է Հարավային Կովկասում Թուրքիայի կողմից միակողմանի քայլերի ձեռնարկման հավանականությունը: Մինչդեռ հարաբերություններում ճգնաժամի առաջացման դեպքում Թուրքիան կարող է Հարավային Կովկասն ապակայունացնող քայլեր ձեռնարկել: Արցախում ռազմական գործողությունների վերսկսումը Ռուսաստանին կդնի բավականաչափ բարդ ընտրության առջև. Մոսկվան կարող է հրաժարվել ՀՀ-ի հանդեպ իր դաշնակցային պարտավորությունների կատարումից, ինչը ոչ միայն անդառնալի հետևանքներ կունենա հայ-ռուսական հարաբերությունների և Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի վրա, այլև կարժեզրկի Ռուսաստանի կողմից տրամադրվող երկկողմ և բազմակողմ անվտանգային երաշխիքնեըը, այդ թվում ազդելով ՀԱՊԿ-ի՝ առանց այդ էլ ոչ բարձր վարկանիշի վրա: Միևնույն ժամանակ Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունների կատարումը վերջ կդնի Ադրբեջանի հետ ձևավորված ռազմավարական գործընկերային հարաբերություններին և էականորեն կխոչընդոտի Բաքվի նկատմամբ ազդեցության հավելյալ լծակներ ձեռք բերելու ռուսական ռազմավարության իրականացմանը: Վերոշարադրյալի հաշվառմամբ կարելի է եզրակացնել, որ երեկ Մոսկվայում ձեռք բերված ռուս-թուրքական պայմանավորվածությունները նվազեցնում են Արցախում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը և որոշակիորեն ամրապնդում են ձևավորված ստատուս քվոն:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում