Գլխավոր Լրահոս

ՊԵԿ նախագահն ավտոներկրողների համար մեկ լավ, մեկ վատ լուր հայտնեց

ՊԵԿ նախագահն ավտոներկրողների համար մեկ լավ, մեկ վատ լուր հայտնեց
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն Ազգային ժողովի նիստում այսօր հայտարարեց, որ Հայաստան արդեն իսկ ներկրված և վաճառքի խնդիր ունեցող ավտոմեքենաների մասով պետությունն անելիք չունի: Այս մասին Անանյանն ասաց ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավոր Վարդևան Գրիգորյանի դիտարկման, որ արտահանման նպատակով Հայաստան են ներմուծվել հազարավոր ավտոմեքենաներ, սակայն ԵԱՏՄ կարգավորումներով պայմանավորված` բախվել են խնդրի: «Հիմա՝ կարգի փոփոխությունից հետո, նրանք չեն կարողանում դրանք վաճառել Հայաստանից դուրս: Այդ մարդիկ վարկեր են վերցրել, և ստեղծված իրավիճակով պայմանավորված` չեն կարողանում դրանք փակել»,- ասաց պատգամավորը՝ հարց ուղղելով ՊԵԿ նախագահին, թե արդյոք պետությունը ինչ-որ բան անում է այդ մարդկանց վիճակը թեթևացնելու համար: Դավիթ Անանյանը հայտարարեց, որ արդեն ներկրված ավտոմեքենաների մասով պետությունն անելիք չունի: Նա նաև նշեց, որ պետությունն անելիք ունի այն ավտոմեքենաների պարագայում, որոնք մարդիկ դեռ չեն հասցրել ներկրել Հայաստան․ «Խոսքը վերաբերում է այն ավտոմեքենաներին, որոնց տերերը չեն հասցրել մինչև հունվարի 1-ը դրանք ներկրել Հայաստան, և հիմա ստիպված են նոր կարգով մաքսազերծում անել: Այդ մեքենաների թիվը հասնում է 800-1000-ի»,- պարզաբանեց ՊԵԿ նախագահը՝ նշելով, որ այս հարցի կարգավորման համար պետությունը ԵԱՏՄ շրջանակներում բանակցություններ է վարում: ՊԵԿ նախագահը, սակայն, տեղեկություն չհայտնեց բանակցությունների վերաբերյալ: «Լիազորված չեմ որևէ բան ասելու: Բացի դրանից, վերջնական տեղեկություն չունեմ այն մասին, թե բանակցությունները որ փուլ են հասել: Ամեն դեպքում մենք այդտեղ որոշակի կառուցողական պարտականություն ունենք, որը փորձում ենք իրականացնել»,- ասաց նա: Ավելի վաղ ՍիվիլՆեթը անդրադարձ էր կատարել խնդրին՝ նշելով, որ այս տարվա հունվարից Ղազախստանի իշխանությունների կիրառած սահմանափակումների պատճառով ավտոմեքենաների վաճառքը Հայաստանում կտրուկ դանդաղել է: Խնդիրը Հայաստանի առաջարկով քննարկվելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում: Տե՛ս՝ Ղազախները, Հայաստանի ավտոմոբիլային «փուչիկը» և բանկերը Հայաստանում 2019-ին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արտոնյալ ռեժիմով պայմանավորված՝ ավտոներկրման բում է գրանցվել: Ոլորտում ներգրավված հայաստանցիների թիվը ոչ պաշտոնական տվյլաներով հասել է 20 000-ի: 2018-ի համեմատ՝ 2019-ին Հայաստան է ներկրվել շուրջ երեք անգամ ավելի ավտոմեքենա՝ 189 000։ Այդ մեքենաների հիմնական շուկան Ղազախստանն էր։ Արշալույս Մղդեսյան Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում