Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, որը խնդիրներ է ստեղծել ողջ աշխարհում, Հայաստանի Կենտրոնական բանկը մշտապես դիտարկում է իրավիճակը ֆինանսական շուկայում և պատրաստ է ցանկացած զարգացման: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը:
Գնաճի և տնտեսվարողներին աջակցելու մասին
Ստեփանյանը հիշեցրեց, որ օրեր առաջ ԿԲ-ն 0,25 տոկոսային կետով նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը (սահմանելով 5,25 տոկոս), այն դեպքում երբ տարածաշրջանային պետությունները կա՛մ բարձրացնում են, կա՛մ անփոփոխ են թողնում տոկոսադրույքը: «Միևնույն ժամանակ դրամավարկային քաղաքականությամբ հնարավոր չէ էականորեն ազդել առողջապահական խնդիրներով պայամանվորված իրական տնտեսական զարգացումների, ինչպես նաև տնտեսության առանձին հատվածների վրա: Սակայն կարևոր է շարունակել պահպանել մակրոտնտեսական կայունությունը, որը կառավարությանը թույլ կտա ավելի արդյունավետ իրականացնել նախատեսված միջոցառումները տնտեսության տարբեր ոլորտներում»,- ասաց նա:
Կարավարությունը դիտարկում է կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ իրավիճակից տուժած բիզնեսներին մինչև 25 մլրդ դրամի աջակցության փաթեթ առաջարկելը:
Ստեփանյանի խոսքով՝ 2015-ից մինչև հիմա Հայաստանում գրանցվում է բավական ցածր գնաճ, ուստի այս քայլով հնարավորություն է տրվում հավասարակշռել տնտեսական ակտիվության և գների կայունության նպատակը։ Ստեփանյանի խոսքով՝ մոտակա ամիսներին գնաճը մնալու է ցածր մակարդակի վրա:
Ֆինանսական համակարգի կայունության, փոխարժեքի մասին
Արթուր Ստեփանյանն ասաց, որ ԿԲ-ն հավատարիմ է լողացող փոխարժեքի քաղաքականությանը, անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմը արտարժույթի շուկայում իրավիճակը հանգիստ պահելու համար։
«Արտաքին աշխարհի զարգացումները և մեր կառավարության ուշադրությունն այս խնդրին թույլ են տալիս արձանագրել, որ որևէ ռիսկ չենք տեսնում գնաճի հետ կապված»,- ասաց նա՝ կարևորելով ֆինանսական համակարգի կայունության ապահովումը:
«ԿԲ-ն իր բոլոր միջոցառումներն ու գործողություններն ուղղում է նաև ֆինանսական համակարգի կայունության ապահովմանը: Սրա նպատակն է նաև տնտեսական ակտիվության պահպանումը»,- նշեց Ստեփանյանը՝ հավելելով, որ ԿԲ-ն հավատարիմ է մնում լողացող փոխարժեքին, ունի բավականին մեծ պահուստներ ու բազմաշերտ գործիքակազմ՝ արտարժութային շուկան հնարավոր ցնցումներից զերծ պահելու համար: «Դրանք [հնարավոր ցնցումները], կարծում եմ, տեղի չեն ունենա, համենայնդեպս` այս պահին»,- ասաց նա՝ հիշեցնելով 2014-ի դեկտեմբերի իրադարձությունները, երբ դրամ-դոլար փոխարժեքն արտաքին շոկերի ազդեցության տակ մի քանի օրում անցավ 600-ի սահմանը:
«Կենտրոնական բանկն այդ ժամանակ հաջողությամբ դուրս եկավ շատ ավելի բարդ իրավիճակից, քան այսօր է»,- ասաց նա՝ կրկնելով, որ ԿԲ-ն ունի ֆինանսական կայունության ապահովման բազմաշերտ նորմատիվային գործիքներ:
Դրամ/դոլար փոխարժեքը այժմ մոտեցել է 500-ի շեմին, այն դեպքում, երբ մեկ ամիս առաջ այն չէր անցնում 480-ը: Նավթի գների անկմամբ, ինչպես նաև համավարակի պատճառով սահմանափակված տնտեսական ակտիվությամբ պայմնավորված՝ արժեզրկվում է ռուսական ռուբլին:
Ստեփանյանի խոսքով՝ ֆինանսական շուկայի խաղացողները՝ բանկերն ու վարկային կազմակերպությունները, ունեն բարձր իրացվելիություն, և որևէ մեկը դեռ չի դիմել ԿԲ-ին նոր միջոցներ ներգրավելու համար: «Դեռևս ոչ մի կազմակերպություն մեզ չի դիմել իրացվելիության խնդիրներով պայմանավորված, քանի որ համակարգն իրացվելի է, կապիտալիզացված ու ամուր: Նրանք գիտեն, որ իրացվելիություն կա, և ԿԲ-ն, անհրաժեշտության դեպքում, նման գործողություններ կիրականացնի:
Հնարավոր են մեղմացումներ
ԿԲ-ն կարող է որոշակի մեղմացումներ անել, որպեսզի բանկերին ևս հեշտ լինի առանց վնասների իրականացնել իրենց հաճախորդների հետ անհրաժեշտ գործողությունները»,- ասաց պաշտոնյան:
Ստեփանյանը նկատեց, որ ԿԲ-ն մեղմացումներ կարող է անել մի քանի գործիքներով, խոսքն այդ թվում պարտադիր պահուստավորման սահմանաչափի մասն է:
«Բոլոր բանկերն ու վարկային կազմակերպությունները հասկանում են, որ հարկ եղած դեպքում մենք որոշակի մեղմումներ կիրականացնենք նաև այս ոլորտում, որպեսզի համակարգը կարողանա կլանել կամ մեղմել բացասական բոլոր զարգացումները, որոնք կարող են տեղի ունենալ ապագայում»,- ասաց նա:
Արթուր Ստեփանյանը նաև նշեց, որ ԿԲ-ն թեժ գծի միջոցով օպերատիվ արձագանքում է քաղաքացիների դիմումներին, որոնք ստեղծված իրավիճակում բարձրացնում են վարկերի վճարումների խնդիրը:
«Սկզբնական շրջանում օրական 400 զանգ էինք ստանում: Այժմ դրանք նվազել են: Նպատակն այն է, որ ֆինանսական շուկայի մասնակիցներն իրենց հաճախորդների հետ կարողանան շատ օպերատիվ աշխատել, հաճախորդների համար անհաղթահարելի դարձած դժվարությունները կարգավորելու, նոր պայամանավորվածություններ ձեռք բերելու համար, որպեսզի քաղաքացիների վարկային բեռը կտրուկ չաճի, ու նրանք չհայտնվեն վարկային պատմության բացասական տիրույթում»,- ասաց ԿԲ պաշտոնյան:
Նա կոչ անեց քաղաքացիներին շփումներից խուսափելու նպատակով վճարումներ կատարելիս օգտվել առցանց հնարավորություններից:
Արշալույս Մղդեսյան
Civilnet











