Գլխավոր Լրահոս

Նիկոլ Փաշինյանի այս պահվածքը կարող է ճակատագրական լինել

Նիկոլ Փաշինյանի այս պահվածքը կարող է ճակատագրական լինել
Թեմայի վերաբերյալ նախորդ հրապարակումը՝ Արցախի ընտրությունները պետք է հետաձգել Քաղաքականության և դիվանագիտության մեջ, անգամ՝ առօրյա կյանքում երկակի չափանիշների կիրառումը աննորմալ նորմալություն է: Դա այն է, ինչ անում է Հայաստանի վարչապետն այսօր, որ ոչ միայն աննորմալ նորմալություն է արդեն, այլ կարող է լինել ճակատագրական սխալ: Ընդ որում՝ ճակատագրական սխալ ոչ թե նորմալ, առօրյա կյանքում, այլ ժանտախտի, այն է՝ կորոնավիրուսի օրերին: Կառավարության այսօրվա՝ մարտի 26-ի նիստում, Նիկոլ Փաշինյանը հասկացնել տվեց, որ Արցախում մարտի 31-ին նախատեսված նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան: Փաշինյանը նման հայտարարություն անում է այն պայմաններում, երբ արդեն հաստատվել է կորոնավիրուսի դեպք երեք զինվորականների մոտ: Վարչապետը հայտարարեց, որ ընտրություններին մասնակցելու համար Հայաստանից մեկնող դիտորդները պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն, որպեսզի համաճարակը չներթափանցի Արցախ: Դիմելով պարետ Տիգրան Ավինյանին՝ Փաշինյանը կարևորեց դիտորդական կազմակերպությունների հետ համագործակցությունը: «Պետք է հասկանանք՝ դիտորդները, այսպես ասած, ռիսկային գոտիներից են, թե ոչ: Եթե ռիսկային գոտիներից են, խնդրենք փոխարինել նրանց այլ դիտորդներով, ինչպես նաև մեկնումից առաջ նրանք պետք է արագ թեստերով թեստավորվեն: Այնպես անենք, որ հատկապես դիտորդական խմբի հետ կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի»,- ասաց Փաշինյանը: Ամբողջ աշխարհը միավորվել է և փորձում է այս համավարակի առաջն առնել: Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունն ու Տոկիոյի օլիմպիական խաղերն են մեկ տարով հետաձգվում, 1,3 միլիարդանոց Հնդկաստանն է փակվել տներում, միացյալ Եվրոպան է կոճկվել, ի վերջո մենք ենք փակվել տներում, ի վերջո Հայաստանի հանրաքվեն է հետաձգվել, իսկ այ Արցախի ընտրությունները պետք է կայանան: Ահա սա է երկակի չափանիշների քաղաքականությունը, ահա սա է աննորմալ նորմալությունը, որ, կրկնենք, կարող է ճակատագրական լինել, և որի պատասխանատվությունն ընկնելու է ոչ միայն կորոնավիրուսի, այլև Հայաստանի իշխանությունների և Արցախի ընտրություններին մասնակցող կուսակցությունների և անհատ թեկնածուների խղճի վրա: Հիշում եք՝ Սյունիքում ԱՅՈ-ի հանրաքվեի ընտրարշավի մի քանի օրերին Փաշինյանն ասում էր՝ կորոնավիրուսն «ում շունն է», իսկ նրա նախարարներից Արսեն Թորոսյանը ավելի վաղ, շատ հանգիստ և ինքնավստահ տոնով պատմում էր, որ կորոնավիրուսը շատ վտանգավոր չէ: Այսօր առողջապահության նախարարը պապանձված ունկնդրում էր վարչապետին, երբ վերջինս խնդրում էր, որ հանկարծ կորոնավիրուսը իրենց հետ Արցախ չտանեն դիտորդները: Նիկոլ Փաշինյանի և քաղաքական թիմի կողմից սա անպատասխանատու կեցվածք է: Աշխարհը չի քանդվելու, եթե Արցախում ընտրությունները կայանան ուղիղ մեկ կամ երկու ամիս հետո: Ես միամտորեն մտածում էի, որ երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետաձգում է հանրաքվեն իր անծայրածիր երկրում, ապա նույնը կանեն Նիկոլ Փաշինյանն ու Արցախի քաղաքական ուժերն ու անհատ թեկնածուները: Պարզվում է, որ ոչ: 150 հազար բնակչությամբ երկրում նախագահի և պատգամավորի աթոռը ավելի կարևոր է նրանց համար, քան 3 միլիոն բնակչությամբ և 42 հազար քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածքով Հայաստանի ու նրա քաղաքացիների առողջությունը: Դուք դեռ չորս օր մտածելու և պատասխանատու որոշում կայացնելու ժամանակ ունեք: Թաթուլ Հակոբյան Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում