Գլխավոր Լրահոս

Տնտեսական կորուստները լինելու են էական. էկոնոմիկայի նախարար

Տնտեսական կորուստները լինելու են էական. էկոնոմիկայի նախարար

Կորոնավիրուսի հարուցած դժվարությունների պատճառով Հայաստանի տնտեսական կորուստները բավականին զգալի են լինելու․ այս մասին ապրիլի 3-ի կառավարության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նախարարը համաձայնեց Կենտրոնական բանկի հրապարակած կանխատեսման հետ առ այն, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանի տնտեսական աճը կտրուկ կնվազի՝ հասնելով 0,7 տոկոսի: ԿԲ-ն նաև կանխատեսում է, որ կնվազեն ներմուծման ու արտահաման ծավալները, ինչպես նաև Ռուսաստանից փոխանցվող մասնավոր տրանսֆերտները:

«Բոլոր թվարկված երևույթներն էլ ճիշտ են», - հաստատեց նախարարն ու հավելեց, որ Ռուսաստանը ևս կորոնավիրուսի համավարակի պատճառով բախվել է դժվարությունների, ու սպասելի է այդ երկրից Հայաստան տրանսֆերտների փոխանցման կրճատումը: 

«Բնականաբար արտահանողներն էլ դժվարություններ են կրում նույն շուկաներում նույն պատճառներով: Ոչ միայն արտահանողները, այլ ներքին շուկայում գործող կազմակերպությունները», - ասաց նախարարը՝ խոսելով ԿԲ-ի տված գնահատականի առանձնահատկության մասին:

«Դա կոնկրետ իրավիճակում տրված գնահատական է: Այո, սպասվում է տնտեսական արդյունքի կրճատում: Կորուստները զգալի կլինեն, բայց դժվար ժամանակներից հետո մենք կկարողանանք վերականգնել տնտեսական ակտիվությունը», - ասաց նա:

Խաչատրյանն ասաց, որ մարտ ամսին նախարարությունը հարցում է կատարել շուրջ 1200 ընկերությունների շրջանում, որոնք սահմանափակել են իրենց գործունեությունը: Հարցման արդյունքից պարզ է դարձել, որ գործունենության ծավալների կրճատումը «զգալի է»: «Տարվա համար դեռ շուտ է գնահատականներ տալը, կախված է նրանից, թե մենք որքան արագ կկարողանանք կառավարելի դարձնել կորոնավիրուսի տարածման հետ կապված երևույթները», - ասաց նա:

«Այն պահից, երբ կարողանանք վերացնել սահմանափակումները և վերադառնալ բնականոն կյանքի, գործարկվելու են նաև աջակցության նոր եղանակներ, նոր ֆինանսական գործիքներ: Հուսով ենք, որ վերականգնումը հնարավորինս արագ տեղի կունենա նաև շնորհիվ այդ գործիքների: Տարվա առումով շուտ է գնահատական տալը, բայց մենք կարծում ենք, որ կորուստները լինելու են էական», - ասաց նախարարը:

Ստեղծված իրավիճակում, նրա խոսքով կառավարությունը, թիրախային աջակցություն է ցուցաբերում փոքր և միջին բիզնեսին, ինչպես նաև գյուղատնտեսությանը: «24-ից մինչ 500 մլն դրամ 2019 թվականին շրջանառություն ունեցող փոքր բիզնեսի ներկայացուցիչներին պարզեցված ընթացակարգով հասանելի ենք դարձնում ֆինանսական ռեսուրսներ», - ասաց նախարարը՝ նկատելով, որ կորոնավիրուսի համաճարակից տուճած հյուրանոցային ու ժամանցային ոլորտի ընկերությունները կկարողանան օգտվել աջակցության այդ գործիքից:

«Նրանք կարող են ստանալ մինչև 50 մլն դրամ վարկային աջակցություն 36 ամիս ժամկետով՝ երկու տարի առանց տոկոսների վճարման պայմանով: Այդ ռեսուրսներով կարող են իրենց հարկային պարտավորությունները կատարել, աշխատողների աշխատավարձերը և կոմունալ ծառայությունների դիմաց վճարել: Այս միջոցառումն արդեն գործում է և մի քանի օրվա ընթացում ունենք արդեն 120 դիմումներ և 1,4 մլրդ դրամի վարկային պահանջ», - ասաց նա:  

Պետական աջակցության ծրագիր է գործարկվել նաև գյուղատնտեսության ոլորտում: 

«Ֆերմերները կարող են դիմել նաև մինչև 1 մլն դրամ միկրովարկավորման համար: Ունենք նաև առանձնահատուկ հնարավորություն գյուղատնտեսական կոոպերատիվների համար: Հուսով ենք, որ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողներն արագ կօգտվեն այդ գործիքից, քանի որ այն պետական համաֆինանսավորման նոր հնարավորություններ է պարունակում», - ասաց Խաչատրայնը՝ նշելով, որ այդ ծրագրերի շրջանակում 2019-ին ունեցել են 9 հազար շահառու:

«Նրանք պետական աջակցության շնորհիվ սուբսիդավորել են ավելի քան 53 մլրդ վերցված վարկային կամ լիզինգային միջոցներ: Դրանց հիմնական տոկոսագումարները վճարել է պետությունը: Այս տարվա ընթացքում վճարվելու են ամբողջությամբ պետության կողմից: 2020 թվականին այս գումարն առնվազն մեկ ու կես անգամ ավելի մեծ կլինի թե՛ վարկերի, թե՛ վճարվող տոկոսագումարների մասով: Մոտավոր կարող ենք ասել, որ այս տարվա ընթացքում աջակցության այս ծրագրից օգտված ֆերմերների քանակը կլինի առնվազն 10 հազար, իսկ վարկային միջոցների ծավալն ավելի քան 60 մլրդ դրամ», - ասաց էկոնոմիկայի նախարարը։

Արշալույս Մղդեսյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում