Գլխավոր Լրահոս

Ճգնաժամը հաղթահարելու համար կառավարությունը չի բացառում պարտքի ավելացումը

Ճգնաժամը հաղթահարելու համար կառավարությունը չի բացառում պարտքի ավելացումը

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը չի բացառում, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառած տնտեսական ճգնաժամի հաղթահարման համար կառավարությունն ավելացնի պարտքային բեռը:

«Կառավարությունը նախատեսում է ֆինանսական ծախսերի ավելացում, այդ թվում նաև՝ անհրաժեշտության պարագայում պարտքի ավելացման հաշվին», - ասաց նա՝ պատասխանելով Սիվիլնեթի հարցին:

Միևնույն ժամանակ, նախարարի կարծիքով, պարտքի ավելացման քաղաքականությունը պետք է լինի խելամտության սահմանում: 

«Պարտքային բեռը ևս մեր հասարակությունը և ժողովուրդն է վերադարձնելու», - նկատեց նախարարը՝ անդրադառնալով կառավարության հակաճգնաժամային քաղաքականության քննադատների՝ պարտքային բեռի ավելացման ու հարկային արձակուրդների տրամադրման մասին պնդումներին:

Քննադատները կարծում են, որ կառավարությունը ճգնաժամի հետևանքների մեղմման համար պետք է գործի դներ ոչ թե վարկային, այլ հարկային գործիքակազմը՝ տրամադրելով հարկային արձակուրդներ ճգնաժամից առավել տուժած ոլորտներին: Դրանք են զբոսաշրջությունը, ծառայություններն ու հանքարդյունաբերությունը:

Նրանց կարծիքով, վարկային գործիքներից բիզնեսը չի հասցնի օպերատիվ օգտվել և իրացվելիության համար միջոցներ ներգրավել, իսկ ուշացումները կարող են ճակատագրական լինել՝ անշրջելի որոշումների կայացման տեսանկյունից:

Կառավարության «կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրի» ընդհանուր բյուջեն կազմում է 150 մլրդ դրամ, որից 25 մլրդ դրամն ուղղվելու է ճգնաժամից տուժած ոլորտներին աջակցելու, նույնքան գումար էլ հատկացվելու է սոցիալապես անապահով խավերին: Շուրջ 80 մլրդ դրամ էլ կառավարությունը տրամադրելու է զարգացման ծրագրերին, որոնք, վարչապետ Փաշինյանի ձևակերպմամբ, ուղղված կլինեն «հետկորոնավիրուսային աշխարհի» փոփոխությունների նախապատրաստվելուն:

Միևնույն ժամանակ վարչապետն ու կառավարության անդամներն այս պահին հստակ պատրեկացում չունեն, թե ինչպիսին է լինելու «հետկորոնավիրուսային աշխարհը»: Սակայն այդ նպատակի համար հատկացնում են զգալի ֆինանսական միջոցներ: Շուրջ 20 մլրդ դրամ կառավարությունը պահում է որպես ռեզերվային միջոց՝ ըստ անհրաժեշտության օգտագործելու համար:      

Նախարար Խաչատրյանն այնուամենայնիվ կարծում է, որ անհրաժեշտության դեպքում պետությունը դիտարկում է հավելյալ պարտքային միջոցներ ներգրավելու հնարավորությունը: Նպատակը սակայն կապիտալ ծախսերի ավելացումն է, ոչ թե հնարավոր հարկային արձակուրդները կոմպենսացնելը։

Տիգրան Խաչատրյանը նկատեց, որ պարտքի ավելացման վերաբերյալ առաջիակայում քննարկումներ ու պարզաբանումներ կլինեն:

«Կառավարությունը պետք է ապահովի իր ծախսային ուղղությունները, հատկապես կապիտալ ներդրումները: Դրանք են ենթակառուցվածքների շինարարությունը, որոնք տնտեսական ակտիվություն են առաջացնում և զբաղվածության հնարավորություններ ստեղծում հասարակության համար: Այս աշխատանքները պետությունը պետք է իրականացնի նախատեսվածից ավելի մեծ ծավալներով: Բացի այդ, իրականացվում են սոցիալական ու տնտեսական աջակցության միջոցառումներ», - ասաց նախարարը:

Պետությունը, նախարարի խոսքով, մի կողմից քայլեր է ձեռնարկում, որպեսզի ընկերությունները կարողանան պահել իրենց հոսքերը «ինչ-որ նվազագույն մակարդակի վրա», մյուս կողմից ակնկալում է, որ մասնավոր հատվածն ինքն էլ պետք է լուծումներ գտնի: «Մասնավոր հատվածի կազմակերպությունների որոշումների որակից ևս շատ բան է կախված», - եզրափակեց նա:

Հայաստանի պետական պարտքը 2019 թվականի վերջի դրությամբ, ինչպես գրում է «Հետքը», կազմել է 6 մլրդ 835 մլն դոլար։ Տարվա ընթացքում այն աճել է 462,4 մլն դոլարով կամ 7,2 %-ով։ Սրա կազմում ինչպես ներքին պարտքն է, այնպես էլ արտաքին։ Կառավարության արտաքին պարտքը 5 մլրդ 300 մլն դոլար է (աճը՝ 314,1 մլն դոլար կամ 6,3%)։ Իսկ ներքին պարտքը 1 մլրդ 534 մլն դոլար է, որը տարվա ընթացքում ավելացել է 148,3 մլն դոլարով կամ 10,7 %-ով։ Այսինքն՝ ներքին պարտքն ավելի արագ է աճել, քան արտաքինը։

Իսկ Կենտրոնական բանկի պարտքը (արտաքին պարտք է) 489,3 մլն դոլար է, որը տարվա ընթացքում նվազել է 60,7 մլն դոլարով։

Արշալույս Մղդեսյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում