Գլխավոր Լրահոս

Հանրապետությունում կան մոտ 1,3 մլրդ դոլարի վարկային միջոցներ, որոնք ծախսված չեն․ Նիկոլ Փաշինյան

Հանրապետությունում կան մոտ 1,3 մլրդ դոլարի վարկային միջոցներ, որոնք ծախսված չեն․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի են ունեցել խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են կրթության, էներգետիկայի, ճանապարհաշինության ուղղություններով կապիտալ և դեռևս տարիներ առաջ ներգրավված վարկային ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր:

Վարչապետը ներկայացրել է կորոնավիրուսի համաճարակի հարուցած տնտեսական դժվարությունները աշխարհում և Հայաստանում, խոսել իրականացվող քայլերի մասին։

«Ըստ էության, կառավարության աշխատանքը վերածվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբի գործունեության, բայց կարևոր է արձանագրել, թե ընդհանուր առմամբ որն է մեր պատկերացումը սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարման վերաբերյալ: Մենք այսօր կենտրոնանում ենք հետևյալ խնդիրը լուծելու վրա՝ հենց այն պահից սկսած, երբ դրա լուծումը համաճարակային առումով կդառնա հնարավոր, խոսքն աշխատատեղերի ստեղծման մասին է: Գիտենք, որ կորոնավիրուսի բերած հետևանքների պատճառով աշխատաշուկայում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, և կառավարությունը պետք է խթանի նոր աշխատատեղերի ստեղծումը: Ո՞րն է այն գործիքը, որով կառավարությունը կարող է խթանել այդ գործիքը՝ աշխատատեղերի ստեղծումը, դա մեր պատկերացմամբ առաջնային իմաստով կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է և կապիտալ ծախսերի ծավալների հնարավոր մեծացումը: Եվ այսօր, ըստ էության, կառավարության աշխատանքը բաժանվել է երկու հիմնական մասի. առաջին մասը, իհարկե, պարետատան գործունեությունն է, որի առաջ դրված է խնդիր, ըստ էության, երբեմն իրար հակասող խնդիրներ, առաջինը վարակի հետագա տարածումը կանխելն է կամ վարակի տարածումը հսկողության տակ առնելը, և երկրորդ խնդիրը՝ օր առաջ պայմաններ ստեղծելը, որպեսզի ավելի ու ավելի հիմնարկներ և ձեռնարկություններ հնարավորություն ունենան աշխատել և ավելի շատ տնտեսական գործունեության դաշտ բացվի, որը, իհարկե, իր հերթին չբերի համաճարակի նոր բռնկման: Բոլորս հասկանում ենք, որ սա բավականին բարդ խնդիր է լուծելու համար: Նաև սա է պատճառը, որ կառավարությունն արտակարգ դրություն հայտարարեց և արտակարգ դրության իրավական ռեժիմի մեջ կատարեց որոշակի փոփոխություներ՝ այս խնդրի լուծումն ինչ-որ չափով ավելի իրատեսական դարձնելու համար»,- նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկրորդ ուղղությունը, որով գործադիրն աշխատում է՝ սոցիալական, տնտեսական աջակցության միջոցառումների ձևակերպումը, մշակումն ու ընդունումն է, կապիտալ ծախսերի խթանումը: Վարչապետը հիշեցրել է, որ կոնկրետ ուղղություններով կապիտալ ծախսերի խթանման պատասխանատուներ են նախարարները, գերատեսչությունների ղեկավարները և նկատել. «Հայաստանում քրոնիկ կերպով միշտ եղել է կապիտալ ծախսի թերակատարման պրակտիկա, բայց նոր իրավիճակում՝ համաճարակային պայմաններում, կապիտալ ծախսերի արդյունավետ իրագործումը և դրա հնարավոր շրջանակի ու ներդրման ծավալների ընդլայնումն առանձնահատուկ նշանակություն է ստանում, որովհետև, ըստ էության, այս նոր պայմաններում մենք գնահատում ենք, որ կապիտալ ծախսերի չկատարման ամեն տոկոս վերաբերում է կոնկրետ մարդկանց, ընտանիքների, որոնք աշխատանք չունեն և աշխատավարձ չեն ստանում: Հետևաբար, տնտեսական ուղղությամբ մեր խնդիրը հենց կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է, որն իր հետևից կստեղծի նոր համակարգ, նոր աշխատատեղեր, նոր աշխատող ձեռնարկություններ: Եվ սա պետք է լինի մեր կառավարության առաջնահերթությունը՝ տնտեսական ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու գործում: Մենք, ըստ էության, աշխատում ենք ամենօրյա ռեժիմով: Մեր հիմնական աշխատանքի ուղղությունները սրանք են, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ երկու ուղղությունները լինեն արդյունավետ, որովհետև դրանք նաև փոխկապակցված են իրար հետ: Մեկի արդյունավետությունն, իհարկե, կբարձրացնի նաև մյուսի արդյունավետությունը»,- ասել է վարչապետը:

Նշելով, որ քննարկման առարկա է նաև վարկային ծրագրերի կատարման ընթացքը՝ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կան մոտ 1 մլրդ 300 մլն դոլարի վարկային միջոցներ, որոնք ծախսված չեն և սպասում են իրենց ծախսմանը: Վարչապետը նշել է, որ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի այդ ծախսերը լինեն արդյունավետ ոչ միայն տնտեսական, այլ նաև սոցիալական առումով, որպեսզի այս ծախսերի խթանման միջոցով հնարավոր լինի ստեղծել նոր աշխատատեղեր: «Իհարկե, նաև այդ ծախսերի օպտիմալացման որոշակի խնդիր ենք մեր առաջ դրել այն իմաստով, որ այն նախագծերը, որոնք իրատեսական չեն, դրանց ճիշտ պլանավորման արդյունքում մենք կարող ենք նոր միջոցներ ներգրավել և նոր ծրագրեր իրականցնել, որոնք ավելի կընդլայնեն մեր տնտեսական ներուժը, աշխատաշուկայում նոր աշխատատեղերի ստեղծման պոտենցիալը և այդպես շարունակ:

Այնուամենայնիվ կարևոր արձանագրումը հետևյալն է. գիտենք, որ արտակարգ սահմանափակումները երկարաձգել ենք 10 օրով, որը լրանում է հաջորդ կիրակի: Մենք համոզված ենք, որ այս սահմանված ժամկետում որքան ճշգրիտ, բարձր, կարգապահությամբ պահենք սահմանափակման ռեժիմը, այնքան ավելի արագ մուտք կգործենք պակաս սահմանափակումների ռեժիմ և այնքան ավելի շուտ հնարավորություն կունենանք վերադառնալ բնականոն կյանքի: Եվ ես ուզում եմ մեր երկրի բոլոր քաղաքացիներին կոչ անել, խնդրել, որպեսզի նրանք հնարավոր ճշգրտությամբ պահեն Պարետատան սահմանած սահմանափակումները՝ իհարկե, ևս մեկ անգամ ներողություն խնդրելով բոլոր այն սահմանափակումների համար, որ մենք ուղղակի ստիպված ենք կիրառել: Պարզապես չենք կարող չկիրառել: Հակառակ դեպքում՝ դրանով հարվածի տակ կդնենք մեր հազարավոր քաղաքացիների, ովքեր կարող են զոհ գնալ կորոնավիրուսին: Սա, իհարկե, ճգնաժամային պահ է, բացառիկ պահ և պահանջում է, որ մենք մեր ուժերն իսկապես կենտրոնացնենք հանրային միասնականության վրա, փոխադարձ հարգանքի և ըմբռնման նոր որակ և մակարդակ ապահովենք: Եվ սա է այն պարտադիր նախապայմանը, որը մեզ պիտի օգնի օր առաջ, ժամ առաջ, րոպե առաջ հաղթահարել այս ճգնաժամը»,- նշել է վարչապետը:

Այնուհետև պատասխանատուներն ըստ ոլորտների անդրադարձել են վերը նշված ծրագրերի իրականացման ընթացքին: Մասնավորապես, զեկուցվել է, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրով նախորդ տարվանից սկսած արդեն իսկ իրականացվել են ծախսերի 75-80 տոկոսը, որով ընթացքի մեջ են մի շարք ավագ դպրոցների վերանորոգման և նոր գույքով համալրման աշխատանքները: Նույն ծրագրով ընթացքի մեջ են ավագ դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում ֆիզիկայի, քիմիայի, և կենսաբանության լաբորատորիաների հիմնման աշխատանքները: Այնուհետև անդրադարձ է կատարվել տարբեր համայնքներում 22 մոդուլային դպրոցների կառուցման ծրագրին, մարզային ուսումնական հաստատություններում հեռավար կրթության գործիքի շարունակական ներդրման ուղղությամբ աշխատանքներին: Պատասխանատուները ներկայացրել են այլ ուղղություններով կապիտալ ծրագրերի ընթացքը, այդ թվում՝ մարզադահլիճների և այլ ենթակառուցվածքային նախագծերի հետ կապված:

Էներգետիկայի ոլորտի վերաբերյալ ներկայացվել են Հայաստան-Վրաստան, Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի, «Էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության» ծրագրի, «Հաղթանակ», «Չարենցավան-3», «Վանաձոր-1», «Զովունի» ենթակայանների կառուցման ուղղութամբ իրականացվող աշխատանքները: Անդրադարձ է կատարվել նաև Էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացման ծրագրի կատարմանը:

Ճանապարհաշինական ծրագրերի իրականացման պատասխանատուները ներկայացրել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի, Ագարակ-Քաջարան հատվածների կառուցման ծրագրերի ընթացքը, այդ թվում՝ շինարարական, նախագծանախահաշվային և մրցույթների կազմակերպման ուղղություններով: Զեկուցվել են նաև ընթացքի մեջ գտնվող կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրով, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի, ինչպես նաև Երևանի ճանապարհների վերակառուցման և վերանորոգման ընթացքի մեջ գտնվող աշխատանքները:

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է վերը նշված ծրագրերով շինաշխատանքների հետ կապված մրցույթները հայտարարել հնարավորինս սեղմ ժամկետներում և ապահովել դրանց որակյալ իրականացումը սահմանված ժամկետներում:

Հաղորդագրությունն ամբողջությամբ՝ Primeminister.am կայքում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում