Գլխավոր Լրահոս

Երբ կ՚ոտնակոխուին արժէքները, կ՚անտեսուին սկզբունքները, կը մոռցուին համոզումներն ու նպատակները

Երբ կ՚ոտնակոխուին արժէքները, կ՚անտեսուին սկզբունքները, կը մոռցուին համոզումներն ու նպատակները

Նամակ երկրէն

Կարելի է ըմբռնումով մօտենալ իշխանութիւններու փոքր սխալներուն։

Կարելի է ներել նոյնիսկ անոնց մեծ սխալները, եթէ նպատակը բարի է եւ սխալը՝ անփորձութեան կամ անկարողութեան հետեւանք։

Կարելի է աչք փակել բոլոր տեսակի սայթաքումներուն վրայ, եթէ անդին կայ լաւ աշխատանքի ճիգ եւ դրական արդիւնքի հասնելու ձգտում։

Կարելի է ներել շատ բան եւ յանուն յեղափոխութեան նպատակներու իրագործման՝ կարելի է նոյնիսկ հակադարձել ու հարուածել ընդդիմախօսներուն, մերկացնել նախկիններու հովանաւորած ֆէյքերը, շարունակաբար յիշեցնել նախկիններու աններելի ու ներելի մեղքերը, մեղանչումները։

Կարելի է, այո, արդարացնել հազար ու մի սխալ, սայթաքում ու անճառակութիւն, այնքան ատեն որ շեղում չկայ նպատակներէն եւ սկզբունքներէն, արժէքներէն ու համոզումներէն։

Բայց երբ կ՚ոտնակոխուին արժէքները, կ՚անտեսուին սկզբունքները, կը մոռցուին համոզումներն ու նպատակները, արդէն ներելը անկարելի կը դառնայ, նոյնիսկ երբ աշխատանքի մէջ չկայ ոչ մէկ թերութիւն, չկայ ոչ մէկ սայթաքում։

Արցախի մէջ ա՛յս տեսակի ընտրութիւնները հանդուրժելը շեղում էր խոստացուած նոր արժեքներու ճանապարհէն։

Շեղում՝ հպարտ քաղաքացիի ազատ եւ արդար քուէն երաշխաւորելու սկզբունքէն։

Շեղում՝ ժողովրդավարութիւնը հայ ժողովուրդի արժեհամակարգին մէջ արմատաւորելու խոստումէն։

Շեղում՝ կոռումբացուած հինը մերժելու եւ համամարդկային ու ազգային արժէքներու վրայ նորը կառուցելու նպատակէն։

Այո, կարելի է հանդուրժել ամէն տեսակի սխալ եւ հազար ու մէկ սայթաքում՝ երբ անփոփոխ են նպատակները եւ անշեղ է ուղին։

Բայց երբ արժէքները կ՚ոտնակոխուին, սկզբունքները կը թաղուին, արդէն կարմիր գիծը հատուած կ՚ըլլայ։

Արցախի մէջ, այս ընտրութիւններուն, Հայաստանի տիկնայք ու պարոնայք իշխանաւորներ՝ հատեցիք կարմիր գիծը, երբ հանդուրժեցիք անհանդուրժելին։ Առանց խպնելու՝ սպաննեցիք յուսալի նորը եւ վերակենդանացուցիք տխեղծ ու նողկալի հինը։

Սա անընդունելի սխալ է։ Մեծ սայթաքում է։ Սա նահանջ է առանց ամօթի, առանց չքմեղանքի։

Սա շատ սուղ պիտի նստի ձեր վրայ: Շատ թանկ պիտի վճառէք այս աններելի սխալին համար։

Ոչինչ, կեանքը շարունակական յեղափոխութիւն է։ Չկարծէք, որ անփոխարինելի եք։

Րաֆֆի Տուտագլեան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում