Գլխավոր Լրահոս

Խորհրդային Հայաստանի բնակչությունը գերազանցում է 1 միլիոնը. 1931-ի մարդահամարը

Խորհրդային Հայաստանի բնակչությունը գերազանցում է 1 միլիոնը. 1931-ի մարդահամարը
Հայ ժողովրդի պատմության ամբողջ ընթացքում դժվար է գտնել մեկ այլ ժամանակահատված, երբ մոտ 60 տարվա ընթացքում բնակչության թիվը քառապատկվել է: Եթե 1926-ին՝ համաձայն ԽՍՀՄ առաջին մարդահամարի, Խորհրդային Հայաստանի բնակչությունը 881 300 մարդ էր, ապա 1989-ին այդ թիվը 3,4 միլիոն էր: Խորհրդային Հայաստանում անց է կացվել վեց մարդահամար՝ 1926, 1939, 1959, 1970, 1979 և 1989 թվականներին: Վերջին՝ 1989-ի մարդահամարը կարող է այնքան էլ ճշգրիտ չլինել, քանի որ այն համընկավ Ադրբեջանից հայերի և Հայաստանից ադրբեջանցիների տեղափոխությունների, բռնի տեղահանումների ու ջարդերի հետ: 1931 թվականին Հայաստանում անց է կացվել մարդահամար, ավելի ճիշտ՝ մշտական բնակչության հաշվեհամար: Ըստ այդ հաշվեհամարի՝ Խորհրդային Հայաստանի բնակչությունը առաջին անգամ գերազանցեց 1 միլիոնը՝ 1 048 293 հոգի: Երևանի բնակչությունը 88 904 էր, որից հայեր՝ 80 327 հոգի, թուրքեր՝ 5 620 (թաթարներ, այսօր՝ ադրբեջանցիներ, օսմանյան թուրքեր և կարափափախներ), ռուսներ՝ 2 215, ասորիներ՝ 83, քրդեր/եզդիներ՝ 64, հույներ՝ 43, այլ ազգեր՝ 552 հոգի: Լենինականը, այսօր՝ Գյումրի, ուներ 53 075 բնակչություն, որից հայեր՝ 50 483, ռուսներ՝ 2 063, թուրքեր՝ 116, հույներ՝ 77, քուրդ/եզդիներ՝ 46, ասորիներ՝ 8, այլ ազգեր՝ 282 հոգի: Կիրովականը, այսօր՝ Վանաձոր, ուներ 10 962 բնակիչ, որից հայեր՝ 10 743, ռուսներ՝ 202, թուրքեր՝ 17: Մեծությամբ չորրորդ քաղաքը Նոր Բայազետն էր, այսօրվա Գավառը՝ 8 664 բնակիչներով, որից հայեր՝ 8 568, թուրքեր՝ 69, ռուսներ՝ 27 հոգի: Վաղարշապատը ուներ 8 349 բնակիչ, որից հայեր՝ 8 322, ռուսներ՝ 26 հոգի: Մեծությամբ վեցերորդ բնակավայրը Գյոզալդարա գյուղն էր, այսօրվա Վարդենիկը Սևանի ափին: Այն ուներ 5 209 բնակչություն՝ բոլորը հայեր: Այսօր՝ 2020-ին, Վարդենիկը Հայաստանի մեծությամբ երկրորդ գյուղն է և զիջում է միայն Ախուրյանին: Յոթերորդը Դիլիջանն էր՝ 4 853 բնակիչներով, որից 4 198-ը՝ հայեր, 650-ը՝ ռուսներ, 5-ը՝ թուրքեր: Աշտարակը մեծությամբ ութերորդ բնակավայրն էր՝ 4 782 հոգի, որից 4776-ը՝ հայեր, 6-ը՝ այլ: Ստեփանավանը ուներ 4 688 բնակիչ, որից 4 232-ը՝ հայեր, 443-ը՝ ռուսներ, 13-ը՝ թուրքեր: Մեծությամբ տասներորդ բնակավայրը Համամլուն էր, այսօրվա Սպիտակը՝ 4 598 բնակիչներով, բոլորը հայեր: 1931-ին Հայաստանում 4000-ից ավելի բնակչություն ունեցող ևս երեք բնակավայր կար. Շահնազարը՝ այսօր Մեծավան՝ 4 457 հոգի, Սարուխանը Սևանի ավազանում՝ 4 294 հոգի և Համզաչիմանը՝ այսօրվա Մարգահովիտը՝ 4 133 հոգի: Այսպիսով, մենք ավարտում ենք հրապարակումների շարքը՝ նվիրված Հայաստանի բնակչությանը 1831-ից 1931 թվականների համար: 1831-ը այն թվականն էր, երբ արդեն երեք տարի Արևելյան Հայաստանը գրավվել էր պարսիկներից և մաս կազմել Ռոմանովների Ռուսաստանի: 1828-ին ռուսները ձևավորեցին Հայկական մարզը նախկին Երևանի և Նախիջևանի խանություններից, իսկ կառավարիչ նշանակեցին Սանկտ Պետերբուրգում ծնված վրացի իշխան Ալեքսանդր Ճավճավաձեին: Հայկական մարզն ուներ մոտ 20 հազար քառակուսի կիլոմետր տարածք և 161 747 բնակչություն: Որպեսզի ակնառու լինի, թե բնակչության աճի ինչպիսի դինամիկա է ունեցել այսօրվա 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետությունը, ներկայացնենք բոլոր մարդահամարները բացաձրակ թվերով. 1831 թվական – 161 748 1873 թվական – 496 140 1886 թվական – 635 833 1897 թվական – 797 853 1914 թվական – 1 014 255 1919 թվական – 961 677 1922 թվական – 782 052 1926 թվական – 881 290 1931 թվական – 1 050 633 Եթե 1931-ին Խորհրդային Հայաստանը ուներ 1 միլիոնից մի քիչ ավելի բնակչություն, ապա 1989-ին՝ 3,4 միլիոն: Խորհրդային Հայաստանի բնակչության, ազգային կազմի, մարդահամարների մասին մենք կներկայացնենք մեկ այլ հոդվածաշար:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում