Ապրիլի 24-ին զանգվածային միջոցառումներ չեն լինի․ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց՝ ինչ է սպասվում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հետագա գործողությունների մասին։ Նա ասաց, որ Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկելու է արտակարգ դրությունը երեսուն օրով երկարաձգելու կառավարության ներկայացրած նախագիծը։
Փաշինյանն ասաց, որ հիշատակի և տոնական առաջիկա միջոցառումները սահմանափակ կլինեն, այդ թվում՝ Ապրիլ 24-ը, մայիսի 8-9-ին Շուշիի ազատագրման և Մեծ հայրենականի հաղթանակի, ինչպես նաև մայիսի 1-ի միջոցառումները։
«Մեր եզրակացությունն այն է, որ այս միջոցառումները ևս պետք է սահմանափակվեն։ Այսինքն՝ քաղաքացիների մասնակցությունը պետք է սահմանափակվի։ Ապրիլի 24-ին կլինեն միայն արարողակարգային միջոցառումներ»,- ասաց վարչապետը։
Առաջիկա շրջանում կշարունակվի հանրային տրանսպորտի աշխատանքի արգելքը։
Փաշինյանը նաև նշեց, որ տնտեսական գործունեության որոշակի տեսակներ աստիճանաբար կթույլատրվեն, այդ թվում՝ բացօթյա շինարարությունը, ծխախոտի արտադրությունը, տնտեսական խանութների գործունեությունը։ Վարչապետն ասաց, որ գործարարների հետ քննարկելու են նաև տեքստիլ ձեռնարկությունների վերագործարկումը։
Վարչապետը շնորհակալություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն, որը Սբ Զատկի միջոցառումները զանգվածային չի անցկացնելու։
Այսօր կառավարությունն արդեն իսկ քննարկել է 30 օրով արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը։
Civilnet










