Գլխավոր Լրահոս

Խորհրդային Հայաստանի բնակչությունը. 880 հազարից՝ 3,3 միլիոն

Խորհրդային Հայաստանի բնակչությունը. 880 հազարից՝ 3,3 միլիոն
Շարքի նախորդ հրապարակումները Հայաստանի բնակչությունը 1831 թվականին. 10 ամենամեծ բնակավայրերը Հայաստանի բնակչությունը 1873 թվականին Հայաստանի բնակչությունը 1886-ին Հայաստանի բնակչությունը 1897-ին. ցարական Ռուսաստանի առաջին և վերջին մարդահամարը Հայաստանի բնակչությունը 1908-ին մոտենում է 1 միլիոնի Հայաստանի բնակչությունը 1914-ին` Առաջին աշխարհամարտի նախօրեին Հայաստանի բնակչությունը 1916-ին Ադրբեջանցիները (թաթարները) Հայաստանում վերջին 150 տարիներին Հայաստանի բնակչությունը 1919-ին․ Երևանը գրեթե հասնում է Ալեքսանդրապոլին Հայաստանի բնակչությունը 1922-ին. Երևանը դառնում է ամենամեծ բնակավայրը Հայաստանի բնակչությունը 1926-ին. ԽՍՀՄ առաջին մարդահամարը Խորհրդային Հայաստանի բնակչությունը գերազանցում է 1 միլիոնը. 1931-ի մարդահամարը ․․․ Հայաստանի պատմության մեջ դժվար է գտնել մեկ այլ ժամանակահատված, երբ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքով հանրապետության (որն անկախ չէր և մաս էր կազմում ԽՍՀՄ-ի) բնակչությունը շուրջ 60 տարիների ընթացքում գրեթե քառապատկվում է: Ու սա այն դեպքում, երբ այդ 60 տարիներին եղել է սով, տեղի ունեցել գյուղացիության ունեզրկում, ստալինյան տեռոր, հազարավոր մարդկանց աքսոր և վերջապես Երկրորդ աշխարհամարտ, որին զոհ է գնացել Խորհրդային Հայաստանի ավելի քան 200 հազար մարդ: Շատերը կասեն՝ բայց չէ՞ որ տեղի է ունեցել նաև երեք հայրենադարձություն, ավելին՝ Խորհրդային Հայաստանի գոյության ողջ ընթացքում հարևան Վրաստանի և Ադրբեջանի հայ բնակչությունը հազարներով տեղափոխվել է մայր հայրենիք: Դա, անշուշտ, ճիշտ է: Բայց ինչո՞ւ նույնը տեղի չի ունենում այսօր և տեղի չի ունեցել մեր անկախության 30 տարիներին, ինչո՞ւ տեղի չունեցավ հայրենադարձություն: Տեղի ունեցավ հակառակը. 1988-ից ի վեր Հայաստանը լքել է շուրջ 1,5 միլիոն մարդ: Խորհրդային Միության տարիներին անցկացվել է վեց մարդահամար՝ 1926-ին, 1939-ին, 1959-ին, 1970-ին, 1979-ին և 1989-ին: 1926-ին Խորհրդային Հայաստանի բնակչության թիվը 880 464 էր, որից 84,5 տոկոսը կամ 743 571-ը՝ հայեր: Խորհրդային Հայաստանի գոյության ամբողջ ընթացքում ամենամեծ ազգային փոքրամասնությունը եղել են ադրբեջանցիները, ճիշտ այնպես, ինչպես Խորհրդային Ադրբեջանում ամենամեծ ազգային փոքրամասնությունը եղել են հայերը: 1926-ին Խորհրդային Հայաստանում ադրբեջանցիների, այն ժամանակ կոչվում էին թուրքեր, կազմել է 76 870 հոգի կամ բնակչության 8,7 տոկոսը: Այդ նույն մարդահամարի համաձայն, հայերի թիվը Խորհրդային Ադրբեջանում, ներառյալ Արցախը, որ կրում էր ԼՂԻՄ վարչական անունը, 282 004 էր: Խորհրդային Հայաստանում 1926-ին ադրբեջանցիներից հետո թվաքանակով երկրորդ ազգային փոքրամասնությունը ռուսներն էին՝ 19 548 հոգի (կամ ՝ 2,2 տոկոս), և եզդիներն ու քրդերը, որոնք մեկ տողով են ներկայացված՝ 15 262 հոգի (1,7 տոկոս): 1931-ին Խորհրդային Հայաստանում անցկացվել է բնակչության հաշվառում՝ մշտական բնակչության հաշվեհամար, ըստ որի Խորհրդային Հայաստանի բնակչությունը առաջին անգամ գերազանցեց 1 միլիոնը՝ 1 048 293 հոգի: 1939 -ին Խորհրդային Միությունում անցկացվել է երկրորդ մարդահամարը: Խորհրդային Հայաստանի բնակչությունը կազմել է 1 282 338, որի 82,8 տոկոսը կամ 1 061 997-ը՝ հայեր: Խորհրդային Հայաստանի 1 282 338 բնակիչներից ադրբեջանցի էր 130 896-ը կամ բնակչության 10,2 տոկոսը: Այդ մարդահամարի ժամանակ առաջին անգամ օգտագործվեց ադրբեջանցի անունը ոչ թե տեղանվան ժողովրդի, այլ որպես ազգություն: 1939-ին հայերի թիվը Ադրբեջանում 388 025 էր: Խորհրդային Հայաստանում 1939-ին ռուսների թիվը 51 464 էր (4 տոկոս), եզդիներինն ու քրդերինը՝ 20 481 հոգի (1,5 տոկոս): Ապա մարդահամար տեղի է ունեցել 20 տարի անց՝ 1959-ին: Խորհրդային Հայաստանի բնակչությունը հասավ 1 763 048-ի, որի 88 տոկոսը կամ 1 551 610-ը՝ հայեր: Ադրբեջանցիների թիվը Խորհրդային Հայաստանում 107 748 էր կամ բնակչության 6,1 տոկոսը: Հայերի թիվը Խորհրդային Ադրբեջանում 442 089 էր: Խորհրդային Հայաստանում 1959-ին ռուսների թիվը 56 477 էր (3.2 տոկոս), եզդիներինն ու քրդերինը՝ 25 627 (1,4 տոկոս): 1970-ին Խորհրդային Հայաստանի բնակչությունը հասավ գրեթե 2,5 միլիոնի՝ 2 491 873, որից 88,6 տոկոսը կամ 2 208 327-ը՝ հայեր: Ադրբեջանցիների թիվը 148 189 հոգի էր կամ 5,9 տոկոսը: Այս մարդահամարի ժամանակ հայերի թիվը Խորհրդային Ադրբեջանում հասավ գրեթե կես միլիոնի՝ 483 520 հոգի: Խորհրդային Հայաստանում ռուսների թիվը 66 108 էր (2.6 տոկոս), եզդիներինն ու քրդերինը՝ 37 486 (1,5 տոկոս): Եվս մոտ 10 տարի անց Խորհրդային Հայաստանի բնակչությունը գերազանցեց 3 միլիոնը: Խորհրդային Միության հինգերորդ մարդահամարի համաձայն, Խորհրդային Հայաստանի բնակչության թիվը կազմեց 3 037 259, որի 89,7 տոկսը կամ 2 724 975-ը՝ հայեր: Ադրբեջանցիների թիվը 160 841 էր կամ 5,3 տոկոսը: Խորհրդային Ադրբեջանում հայերի թիվը 475 486 էր: Խորհրդային Հայաստանում 1979-ին ռուսների թիվը 70 336 էր (2,3 տոկոս), եզդիներինն ու քրդերինը՝ 50 822 (1,6 տոկոս): Խորհրդային Միության վերջին՝ վեցերորդ մարդահամարը անցկացվել է 1989-ին, երբ արդեն սկսվել էին հայերի ու ադրբեջանցիներին զանգվածային տեղափոխությունները դեպի Հայաստան և Ադրբեջան, որոնք ուղեկցվում էին ջարդերով ու բռնի տեղահանումներով՝ էթնիկ զտումներով: Հետևաբար, այս մարդահամարի տվյալները հայերի և ադրբեջանցիների համար չեն կարող լինել ամբողջովին վստահելի: 1989-ին Խորհրդային Հայաստանի բնակչությունը 3 304 776 էր, որի 93,3 տոկոսը կամ 3 083 616-ը՝ հայեր: Խորհրդային Հայաստանի ռուսների մեծ մասը մոլոկաններն են՝ ռուս աղանդավորները, որոնք չեն ընդունում ռուս ուղղափառ եկեղեցու վարդապետությունը: Ռուսներից և եզդիներից ու քրդերից բացի Խորհրդային Հայաստանում մյուս ազգային փոքրամասնություններից էին ուկրաինացիները, ասորիները, հրեաները, վրացիները, բելառուսները: 1991-ի անկախությունից հետո Հայաստանում անցկացվել է երկու մարդահամար: 2001-ին Հայաստանում գրանցված բնակչության թիվը 3 145 354 էր, որի 97,9 տոկոսը՝ հայեր: Տասը տարի անց՝ 2011-ին, տեղի ունեցավ նոր մարդահամար: Բնակչության թիվը 3 018 854 էր, որի 98,1 տոկոսը՝ հայեր: Երկու մարդահամարների համաձայն, Հայաստանում ամենամեծ ազգային փոքրամասնությունը եզդիներն են: Երկու դեպքում էլ եզդիներն ու քրդերը ներկայացվել են առանձին տողով, որպես առանձին ազգություն: Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տարիներ առաջ հայտարարեց, որ 2040-ին Հայաստանի բնակչության թիվը կհասնի 4 միլիոնի: 2019-ի օգոստոսի 6-ին Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «մինչև 2050-ը պետք է կարողանանք Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու»: Մինչդեռ ՄԱԿ-ը (UNFPA) ներկայացրել է այլ կանխատեսումներ (2019-ին): Ըստ այդմ՝ 2025-ին Հայաստանի բնակչությունը կկազմի 2 977 000, իսկ 2050-ին՝ 2 816 000: Թաթուլ Հակոբյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում