«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան զեկույցը, որում Հայաստանը մամուլի ազատության ցուցիչով 180 երկրի շարքում գտնվում է 61-րդ հորիզոնականում: Հայաստանին վերաբերող հաստվածը վերնագրված է «Բազմազանություն, բայց դեռ ոչ անկախություն»։
Մեդիա բազմազանությունը ծաղկում է, բայց Թավշյա հեղափոխության արդյունքում եկած կառավարությանը չի հաջողվել կրճատել դրա բևեռացումը, նշվում է զեկույցում։
«Գլխավոր հեռուստաալիքների խմբագրական քաղաքականությունը համընկնում է դրանց սեփականատերերի շահերի հետ։ Լրագրողական անկախությունն ու լրատվամիջոցների սեփականատերերի թափանցիկությունը շատ հեռու են իրականություն դառնալուց»,- նկատում է RSF-ը։
Մտահոգություն կա լրագրողների դեմ դատական գործերի ծավալների և կեղծ լուրերի դեմ պայքարում չափազանցված գործողությունների հետ կապված, նշում են հեղինակները։
«Անվտանգության ուժերի ներգրավումը ապատեղեկատվության դեմ պայքարում, որին հետևում են օգտատերերի ձերբակալությունները և օրենքների ընդունումն առանց քաղաքացիական հասարակության ու լրագրողների հետ նախապես քննարկման, անհանգստացնող են»,- ասված է զեկույցում։
Այդուհանդերձ, շեշտում է կազմակերպությունը, առցանց հետաքննական լրագրությունը ծաղկում է և կարող է կարևոր դեր ունենալ կոռուպցիայի դեմ պայքարում։
***
2019 թվականի համեմատ՝ Հայաստանի դիրքը 2020-ին չի փոխվել։ Անցյալ տարի Հայաստանը բարելավել էր իր դիրքերը 19 կետով՝ հայտնվելով 61-րդ տեղում։
«Հեղափոխություն՝ ուղիղ եթերում». Հայաստանը բարելավել է դիրքերը RSF-ի մամուլի ազատության համաթվումՍտելլա Մեհրաբեկյան