Գլխավոր Լրահոս

Քրեական մշակույթ, քրեական բարքեր Ազգային ժողովում և գավառում

Քրեական մշակույթ, քրեական բարքեր Ազգային ժողովում և գավառում

Հայաստանի խորհրդարանը շատ բան է տեսել՝ 1999-ի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչություն, 1996-ի ընդդիմադիրների ծեծ հենց ամբիոնի մոտ ու տեսախցիկների առաջ, 2008-ի հետմարտմեկյան ամոթալի ելույթներ ու ձերբակալություններ: Երեկվա տեղի ունեցածը ո՛չ սպանդ էր, ո՛չ ծեծ, բայց պետության ընկալման տեսակետից պակաս մտահոգիչ չէր:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ակնհայտորեն, իր տեղում չէր: Ազգային ժողովի նախագահն ամբողջ օրենսդիր մարմնի ղեկավարն է, մինչդեռ երեկ պարոն Միրզոյանը իրեն դրսևորեց որպես պարզ ու պարզունակ իմքայլական պատգամավոր: Ոչ ավելին:

Այն պահին, երբ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ամենափողոցային, սեքսիստական հայտարարություններ էր անում Անի Սամսոնյանի հասցեին, խորհրդարանի նախագահը պետք է ուղղակի փակեր Սիմոնյանի բերանը՝ ինչով այդ պահին հնարավոր էր՝ խոսափող անջատել և այլն: Եթե պարոն Միզոյանի միտքը այլ տեղ էր և չէր լսում իր տեղակալին ու գործընկերոջը (այդպես լինում է, չէ՞, երբ ներկա ես ինչ-որ խոսակցության, բայց չես լսում), ապա պարտավոր էր Էդմոն Մարուքյան-Ալեն Սիմոնյան ամոթալի ու փողոցային վարքագծին արձագանքել, առաջին հերթին՝ արձագանքել անձնական բնույթի ու սեքսիստական խայտառակ բառապաշարին:

Ես միշտ մտածել եմ, որ մարդիկ իրենց իրական դեմքը՝ կրթվածությունը, ինտելեկտը, էրուդիցիան, հարգանքը, անհանդուրժողականությունը, ատելությունը բացահայտում են կա՛մ կրիտիկական իրավիճակներում, կա՛մ հարբած ժամանակ: Հատուկ շնորհակալություն Ալեն Սիմոնյանին և Էդմոն Մարուքյանին: Չլիներ ձեր երեկվա փողոցային բանավեճը, մենք կմնայինք մեր նախկին կարծիքին:

Պարո՛ն Մարուքյան, հասկանալի է, որ Սիմոնյանի խոսքերը անթույլատրելի էին: Մարդկայնորեն, դժվար է ափերից դուրս չգալ, երբ փոխխոսնակը խոսում է իր ամուսնացած լինելու և կնոջ փեշի մասին, բայց ձեր բառապաշարը նույնքան անընդունելի էր, փողոցային ու ամոթալի:

Սա՞ է մեր խորհրդարանը:

Այս մարդի՞կ են ընտրյալները:

Քրեական մշակույթ կրող այս պատգամավորնե՞րն են մեր երկրի համար օրենքներ գրում ու փոխում:

Երեկ Հայաստանի գավառներից մեկում՝ Գավառում, տեղի ունեցած ոճրագործությունը ցնցել է բանական մարդուն:

Երեկ մենք իմացանք, որ չունենք խորհրդարան և չունենք ոստիկանություն: Ավելի քան 500 հոգանոց ամբոխը ճանապարհ է կտրում և ոստիկանության ղեկավարության առջև մարդկանց մորթում: Այսպիսի բան Սումգայիթում է եղել:

Որտե՞ղ է երաշխիքը, որ նման հրոսակախմբեր մի օր էլ չեն հարձակվի, ասենք՝ Ազգային ժողովի վրա:

Սա պետությո՞ւն է, թե՞ տարածք, որի վրա քրեական բարքերն են իշխում: Լինի այդ տարածքը խորհրդարանական, թե գավառական:

Թաթուլ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում