Գլխավոր Լրահոս

Ընդունելության քննությունների «համավարակային» կարգը․ մանրամասնում է նախարարը

Ընդունելության քննությունների «համավարակային» կարգը․ մանրամասնում է նախարարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ապրիլի 30-ին մանրամասներ ներկայացրեց ընդունելության քննությունների նոր կարգի մասին։ Ընդունելության քննությունների համար կիրականացվի նոր հայտագրում՝ մայիսի 15-ից հունիսի 25-ը` ժամը 18։00 ընած ժամանակահատվածում։ Հայտագրվել կարելի է Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կայքում։ Նախկինում մի քանի քննության համար վճարված գումարները կվերադարձվեն, կպահվի միայն մեկ քննության համար նախատեսված 1 500 դրամը։ Դիմորդները ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի։ Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի մինչև երկու անվճար և մինչև ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին։ Քանի որ դիմորդներնը հանձնելու են մեկ քննություն, կարևորվել է մասնագիտության ընտրությունը։ «Ենթադրենք՝ ուզում եք ընդունվել Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժին։ Դուք հենց այդ մասնագիտությունն եք ուզում ստանալ։ Յուրաքանչյուրը, ով դիմի այս մասնագիտության համար, նրան անվճար և վճարովի համակարգերի առավելություն է տրվելու։ Այլ մասնագիտության դիմորդը հավասար իրավունքներ չի ունենալու, ինչ տվյալ մասնագիտության համար դիմածը։ Անվճար և վճարովի տեղերի համար արաբագիտություն ընտրած բոլոր դիմորդները առաջին շրջանով մրցույթի են մասնակցում այս սկզբունքով, և քանի դեռ դրական գնահատական ստացած բոլոր դիմորդները տեղերը չեն լրացրել արաբագիտության բաժնում, այլ մասնագիտության դիմորդները, եթե նույնիսկ ավելի բարձր են ստացել, չեն կարող մասնակցել մրցույթին»,- բացատրեց նախարարը։ Միասնական և ներբուհական քննություններն անցկացվում են մեկ փուլով հուլիս ամսվա առաջին տասնօրյակում։ Ընդունելության մրցութային առարկայից հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում հետևյալ հերթականությամբ՝
  • մեդալակիր դիմորդներին
  • տվյալ մասնագիտության գծով միջազգային և հանրապետական մրցույթների հաղթողներին
  • հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարաններում սովորելու ընթացքում դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին
  • ցանկում տվյալ մասնագիտության տողում առկա մեկ *-ով առարկայի դեպքում ավարտական փաստաթղթում առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին, իսկ *-ով մեկից ավելի առարկաների դեպքում այդ առարկաների գնահատականների միջին թվաբանական առավել բարձր միավոր ունեցող դիմորդներին։ «Եթե նախկինում պետք է հանձնեիք 2-3 քննություն, ուրեմն այստեղ *-ով նշվածները այն առարկաներն էին, որոնք պետք է հանձնեիք, բայց մրցույթի ժամանակ դրանք նայելու են ատեստատներից»,- պարզաբանեց Արայիկ Հարությունյանը։
  • Պետական ավարտական քննություններից միջին թվաբանական առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին, տվյալ մասնագիտությունը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին
Անվճար և վճարովի ուսուցման մրցույթների հիմնական փուլի արդյունքներն ամփոփվում են մինչև տվյալ տարվա հուլիսի 18-ը։ Ներբուհական քննությունների արդյունքերում քննությունն անցկացվում է համապատասխան բուհում, օրինակ՝ արվեստի և սպորտի բուհերում։ Մրցույթի արդյունքը հաստատվում է հանրապետական ընդունող հանձնաժողովում, որից հետո բուհի ռեկտորը հրամանագրում է ուսանողներին։ Տեղի է ունենալու նաև լրացուցիչ փուլ՝ Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքերը հաստատվելուց հետո։ Բուհերում մասնագիտությունների թափուր տեղերի առկայության դեպքում ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին։ Թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտ են ուղարկում ԳԹԿ առցանց եղանակով՝ հուլիսի 20-ից մինչև 22-ը ժամը 18։00-ն։ Բուհերում լրացուցիչ փուլի մրցույթի արդյունքները հաստատվում են հուլիսի 25-ին։ Լուսինե Վարդանյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում