Գլխավոր Լրահոս

Համավարակը դանդաղեցրել է բիոլաբորատորիաների վերաբերյալ ՌԴ-ի հետ հուշագրի ստորագրումը. ԱԳՆ

Համավարակը դանդաղեցրել է բիոլաբորատորիաների վերաբերյալ ՌԴ-ի հետ հուշագրի ստորագրումը. ԱԳՆ
Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ COVID-19 համավարակի պատճառով Ռուսաստանի հետ կենսաբանական լաբորատորիաների մասին հուշագրի կնքման գործընթացը դանդաղել է: «ՀՀ և ՌԴ միջև «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման հուշագրի նախագիծը ներկայում գտնվում է ՀՀ ներպետական համաձայնեցման ընթացքում, որը դանդաղել է՝ կապված COVID-19 համավարակի պատճառով երկրում արտակարգ իրավիճակի հայտարարմամբ», - ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ Tert.am-ի հարցին ի պատասխան: Անցյալ տարվա նոյեմբերին Երևանում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարվեց, որ ամերիկյան ֆինասավորմամբ ՀՀ-ում գործող բիոլաբորատորիաներ ՌԴ մասնագետների մուտքի վերաբերյալ հուշագիրը մոտ ժամանակներում կստորագվի: «Նախևառաջ ցանկանում եմ ընդգծել, որ ՀՀ-ում գործող կենսաբանական լաբորատորիաները պատկանում են Հայաստանին և ամբողջովին վերահսկվում են ՀՀ պետական մարմինների կողմից: Հայկական կողմը բազմիցս հայտնել է, որ լաբորատորիաների անձնակազմը բաղկացած է միայն ՀՀ քաղաքացիներից, օտարերկրյա մասնագետների ներկայությունը լաբորատորիաների տարածքում բացառված է», - ասել է Նաղդալյանը ի պատասխան Tert.am-ի հարցին: «ՀՀ և ՌԴ միջև «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման հուշագիրը ոչ թե Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաների վերաբերող հարցերի և, առավել ևս, ՌԴ մասնագետների մուտքի իրավունքի մասին է, այլ, ինչպես բազմիցս նշել ենք, անդրադառնում է կողմերի կենսաբանական անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լայն շրջանակին: Հուշագրի ներկայիս նախագծով չի նախատեսվում որևէ կողմի համար լաբորատորիաների աշխատանքային տարածքներ մուտքի կամ որևէ այլ միակողմ վերահսկողություն իրականացնելու իրավունքի երաշխավորումը: Հուշագրի նախագիծը ներկայումս գտնվում է ՀՀ ներպետական համաձայնեցման ընթացքում, որը դանդաղել է՝ կապված COVID-19 համավարակի պատճառով երկրում արտակարգ իրավիճակի հայտարարմամբ», - ասել է Նաղդալյանը։ Ռուսաստանը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին իր սահմանների մոտ «ռազմական բժշկակենսաբանական ակտիվության» համար և խոստացել հասնել նրան, որ տվյալ լաբորատորիաների գործունեությունն իր համար թափանցիկ դառնա: ԱՄՆ-ի աջակցությամբ արդիականացված լաբորատորիաներ, որտեղ կենսաբանական հետազոտություններ են արվում, ուսումնասիրվում են վիրուսներ, գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում: Մոսկվայում այդ կառույցների գործունեությանը կասկածամտորեն են վերաբերվում: Պատճառներից մեկն այն է, որ դրանց վերազինումը ֆինանսավորել է ԱՄՆ-ն: Հայաստանի Հիվանդությունների պրոֆիլակտիկայի և վերահսկողության ազգային կենտրոնի վերազինման համար Պենտագոնը հատկացրել է 10 մլն դոլար: Դեռ 2018-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՌԴ-ից մասնագետները թույլտվություն են ստացել մուտք գործելու Հայաստանի տարածքում ԱՄՆ ֆինանսավորմամբ կառուցված լաբորատորիաներ, որոնք զբաղվում են բիոնյութերի ուսումնասիրությամբ: «Բառացիորեն 10-15 օր առաջ իմ հանձնարարությամբ ռուս մասնագետներին թույլ է տրվել մուտք գործել այդ լաբորատորիաներ»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում՝ նա ընդգծել էր, որ Ռուսաստանից փորձագետները «երբեք մուտքի խնդիր չեն ունեցել և չեն ունենա այն պահից ի վեր, երբ նա դարձել է Հայաստանի վարչապետ»:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում