Գլխավոր Լրահոս

Հայաստան-Ուկրաինա․ կառուցել տնտեսական ռազմավարություն և ձերբազատվել կարծրատիպերից

Հայաստան-Ուկրաինա․ կառուցել տնտեսական ռազմավարություն և ձերբազատվել կարծրատիպերից

Ապրիլի 22-ին Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Դարյա Վոլոդինան հրապարակեց նամակի պատճեն, որում արտաքին գործերի փոխնախարար Վասիլի Բոդները դիմում է պաշտոնյաներին՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումներին չմասնակցելու և «ցեղասպանություն» եզրույթը չօգտագործելու կոչով։ ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանը զրուցել է «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Ուկրաինա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի փոխնախագահ Դարյա Վոլոդինայի հետ։ Հարցազրույցը՝ ստորև։

- Հրապարակելով Վասիլի Բոդների հայտնի նամակը՝ Դուք նշել էիք, որ դիվանագետը չպետք է գրի նման բովանդակության նամակներ, ավելի ուշ հայտարարեցիք, որ հարկավոր է սկսել ծառայողական քննություն։ Գործընթացն սկսվե՞լ է, և կա՞ արդյոք արձագանք կատարվածին։

- Ես կարծում եմ, որ դիվանագետները, հատկապես այն մակարդակի դիվանագետները, ինչպիսին փոխնախարարն է, պարոն Բոդները, չունեն ո՛չ բարոյական, ո՛չ մասնագիտական իրավունք՝ իրենց սուբյեկտիվ կարծիքը պաշտոնյաներին և պետական մարմիններին պարտադրելու համար։ Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի անդամների, ինչպես նաև Ուկրաինայի խորհրդարանի այլ պատգամավորների կողմից նախարարի անունով դիմում է ստորագրվել՝ Բոդների նկատմամբ ծառայողական քննություն սկսելու և կադրային որոշումներ կայացնելու համար։ Իմ կարծիքով՝ այդ մարդը պետք է հեռացվի իր պաշտոնից՝ մասնագիտական անպիտանիության համար։

- Կուզեի վերադառնալ Ձեր՝ ապրիլի 22-ի ֆեյսբուքյան գրառմանը, որում մասնավորապես ասվում է․ «Այդպիսի «երջանկության նամակներ», իմ տեղեկություններով, արտաքին գործերի նախարարությունը պետական մարմիններ ուղարկում էր դեռ Պորոշենկոյի օրոք, և ինչպես հասկանում եմ, փոխնախարարը որոշել է շարունակել այդ ավանդույթը»։ Ուկրաինայի Գերագույն ռադան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, և դա փաստ է։ Ձեր կարծիքով, ինչքանո՞վ է դա պետական դիրքորոշում, և ինչի՞ հետ է կապված։

- Ես մեկ անգամ էլ եմ կրկնում՝ դա կոնկրետ պաշտոնյայի, փոխնախարարի դիրքորոշումն է։ Նման նամակներ, ինչքանով ես գիտեմ, չեն ուղարկվել, դրանց բովանդակությունից տեղյակ չեմ, քանի որ առաջ դրանք ձեռքիս տակ չեն ընկել, չեմ հանդիպել նման ծայրահեղական պատմությունների, համենայնդեպս չեմ հիշում, որ դրանք եղել են։ Բայց պարոն Բոդները, ըստ էության, Պորոշենկոյի դրածոն է, այսինքն՝ նա շարունակում է այն քաղաքականությունը, դիրքորոշումը, որն իրականացվում էր Ուկրաինայի նախորդ իշխանության, նախորդ ռեժիմի կողմից։ Ես կարծում եմ՝ պետք է սրա վերջը տալ, և վստահ եմ, որ նման նամակների, նման քաղաքականության վերջը վաղուց պետք է տրվեր։ Եվ մեր նախաձեռնած ծառայողական քննությունը պետք է վերջակետ դնի գոնե արտաքին գործերի նախարարությունում և պետական այլ մարմիններում։ Ես կարծում եմ՝ մեզ մոտ դա կստացվի։

- Ձեր վերջին հայտարարություններում և հարցազրույցներում կարմիր թելով անցնում է գաղափարը, միտքը, որ Հայաստանն անցել է հեղափոխության միջով և բռնել բարեփոխումների ճանապարհը, նրան պետք է աջակցել այդ ձգտման մեջ։ Նույնիսկ վերջերս «Наш» ալիքին տված հարցազրույցում Հայաստանն անվանեցիք «ռազմավարական դաշնակից»։ Այդ կարծիքը լուսանցքայի՞ն է Ուկրաինայում։

- Ես կարծում եմ, որ մենք պետք է աջակցենք Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններին, կառուցենք ճիշտ տնտեսական ռազմավարություն։ Դրանով քչերն են զբաղվել։ Հայաստանից Ուկրաինա եկավ բարեկամական խումբ, խորհրդարանի ներկայացուցիչներ։ Մենք մի քանի արդյունավետ հանդիպում անցկացրինք, քննարկեցինք հարցեր, որոնք կարող են ապագա համագործակցության համար ընդհանուր դառնալ։ Ես վստահ եմ, որ այդ համագործակցությունը հեռանկարային է, որ այն կարող է օգուտ բերել երկու երկրներին, և ես հույս ունեմ, որ մենք կամրապնդենք մեր այդ համաձայնությունները և պայմանավորվածությունները մեր՝ Հայաստան այցով, որը, հույս ունեմ, տեղի կունենա ամռանը։

- Ի՞նչ այլ քայլեր եք տեսնում երկու երկրների կողմից, քաղաքական կամք երկու կողմից, ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Հայաստանի։

- Կարծում եմ՝ պետք է մի կողմ դնենք պատմական որոշ փաստեր, որոնք մեզ բաժանել են, և ուշադրությունը կենտրոնացնենք մեր ունեցած ընդհանուր պատմության վրա, թե ինչքան մեծ ներդրում ունի հայ ազգը Ուկրաինայի պատմության մեջ, թե ինչքան շատ մշակութային ընդհանուր կետեր ունենք բանակցություններ վարելու համար, բայց, ամեն դեպքում, ավելի մանրամասն, ծավալուն խոսենք տնտեսական համագործակցության մասին։ Կարծում եմ՝ դա հեռանկարային թեմա է, դրանով պետք է զբաղվել, դրա մեջ պետք է մանրամասնորեն ներթափանցել, տեսնել, թե տնտեսական տեսանկյունից որտեղ կարող ենք միմյանց օգտակար լինել։ Դա, իմ կարծիքով, կլինի շատ ամուր միություն։

- Համաձա՞յն եք պնդման հետ, որ հայ-ուկրաինական հարաբերությունները կարծրատիպերի գերի են։

- Ես վստահ եմ, որ այդպես է, և որ այդ հարցում կա այլ երկրների ազդեցությունը։ Մենք հասկանում ենք նաև, որ այն ասօր անկախ հարց չէ։ Մենք պետք է դուրս գանք այդ կարծրատիպերից, մենք պետք է գիտակցենք, որ 21-րդ դարն է, և կոնկրետ Ցեղասպանության հարցում տարօրինակ է ժամանակակից աշխարհում չխոստովանել սխալները և հանցագործությունները, որոնք կատարվել են, որովհետև մենք դեռ ապրելու ենք, մեր երեխաներն են դեռ ապրելու այս աշխարհում։ Յուրաքաչնյուր հանցագործություն պետք է պատժելի լինի, որպեսզի այն ապագայում երբեք չկրկնվի։ Դա ամենակարևորն է։

- Ես ուզում եմ վերադառնալ Վասիլի Բոդների նամակին։ Նա նշում է՝ «միջազգային կազմակերպությունների շրջանակում Հայաստանը, որը ավանդապես Ռուսաստանի արտաքին քաղաքականության ուղեծրում է,  հետևողաանորեն քվեարկում է Ուկրաինաի համար կենսական կարևոր որոշումների և բանաձևերի դեմ»։ Ձեր կարծիքով՝ ուկրաինական հանրությունը, ուկրաինացիները կիսո՞ւմ են այս կարծիքը։

- Ուկրաինան, ամեն դեպքում, շատ ջերմ է վերաբերվում Հայաստանին, որովհետև Ուկրաինայում հսկայական հայկական սփյուռք է ապրում՝ կես միլիոնից ավելի։ Այդ սփյուռքը շատ բարեկամորեն է վերաբերվում Ուկրաինային, նրա քաղաքացիներին։ Մենք դա գնահատում ենք։ Շատ սոցիալական ծրագրեր են իրականացվում Ուկրաինայում հայերի միության հետ։ Ես ոչ մեկից՝ ո՛չ գործընկերներից, ո՛չ ծանոթներից, չեմ լսել հայ ազգի, Հայաստանի մասին բացասական կարծիք։ Բոլորը շատ ջերմ և բարեկամական են տրամադրված։ Դա քաղաքականություն է, կոնկրետ բան է, որը կապված է այդ հարցում կոնկրետ պաշտոնյաների, քաղաքական գործիչների սուբյեկտիվ կարծիքի հետ, բայց պետք չէ մեզ պարտադրել։ Ելնելով տրամադրություններից, որոնք ես եմ տեսնում՝ ամեն ինչ շատ բարեկամական է և համագործակցության և բարեկամության նկատմամբ լավատեսական տրամադրված։

- Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Ուկրաինայի Ռադայի օրակարգո՞ւմ է։

- Կա նման որոշում մեր ազգային պատգամավոր Անտոն Պոլյակովի կողմից։ Հույս ունենք, որ այն մոտակա ժամանակներում կդիտարկվի Գերագույն ռադայում։ Հիմա համավարակի շատ դժվար շրջան է։ Մենք հասկանում ենք, որ այս հարցերը օրակարգում այժմ ավելի կարևոր են։ Բայց ես մեծ հույս ունեմ և ուրախ կլինեմ աջակցել այդ որոշման ընդունմանը մոտակա ժամանակներում։

- Այսինքն՝ կարելի՞ է ակնկալել, որ վերջին իրադարձությունների լույսի տակ բանաձևը կարող է ընդունվել։

- Հնարավոր է։

Զրուցեց Ստելլա Մեհրաբեկյանը

Թարգմանեց Լուսինե Վարդանյանը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում