«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» (Ucom) ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հայտարարություն է տարածել՝ իրեն առաջադրված մեղադրանքը համարելով «պետության կողմից ազատ տնտեսական գործունեության և մարդու անձնական կյանքի կոպիտ միջամտություն»։
«Արձանագրելով այս գործընթացների խիստ անօրինականությունը, քննչական մարմնի և դատարանների որոշումների ուղղորդված լինելը, նպատակահարմար չեմ գտնում ներգրավվել այդ պրոցեսներին ու կալանավորի կարգավիճակ ձեռք բերել՝ ինքս էլ նպաստելով այդ անօրինականությունների զարգացմանը։
Այսօր օրակարգում բիզնեսի կազմաքանդումն է, առանց դրա սոցիալական ու տնտեսական հետևանքները հաշվի առնելու. ես այդ օրակարգում անելիք չունեմ։
1. Խոսքս ուղղում եմ նախ և առաջ իմ գործընկերներին, իմ թիմակիցներին ու ընկերներին։ Մենք բազմաթիվ փորձություններ ենք հաղթարահերել, այս մեկը, հերթականը, ևս կհաղթահարենք։
2. Խոսքս ուղղում եմ, հատկապես, Ucom-ի աշխատակիցներին. Ucom-ը ինստիտուցիոնալ ու հզոր կառույց է, չկա որևէ գործոն, որ կխաթարի ընկերության ամրությունը. վստահ շարժվեք առաջ։
3. Խոսքս ուղղում եմ մեր տեղական ու միջազգային գործընկերներին. վստահ եղեք, որ մեր ընկերությունների խումբը ամուր կանգնած է իր դիրքում և տիրապետում է իրավիճակին։
Հետաքրքիր բան է կյանքը. պապս ջերմոցներ է ունեցել, հայրս պետական պաշտոնյա է եղել, ես ընտրել եմ բիզնեսի ճանապարհը ու, գուցե, իմ երեխաները ընտրեն պետական ծառայությունը։ Ամեն սերունդ իր ճանապարհն ունի, բայց մեր ազգում չեն եղել ուրացողներ ու վախեցողներ. սա ընդհամենը ճանապարհի սկիզբն է»։
Գուրգեն Խաչատրյանը մեղադրվում է կաշառքին օժանդակելու համար։ Այսօր դատարանը որոշում է կայացրել կալանավորել Գուրգեն Խաչատրյանին։
Գուրգեն Խաչատրյանի փաստաբանը այսօր դատարանի որոշումից հետո հայտարարել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ հակաիրավական գործընթաց է գնում։
Հունվարի 14-ից Գուրգեն Խաչատրյանը ստորագրություն էր տվել չհեռանալու մասին։
Civilnet











