Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՔԾ՝ նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ տալու համար․ այս մասին լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները ֆիքսվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում և ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
«Հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով (Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը և Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները - խմբ․) սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և տեսանյութում նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ»,- փոխանցել է Աբրահամյանը:
***
Միքայել Մինասյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Հռոմում հանդիպում է ունեցել իր հետ, որի ընթացքում առաջարկել է «սիմվոլիկ գումար փոխանցել Հայաստանի հիմնադրամներից որևէ մեկին՝ քրեական գործերի հետ կապված քաշքշուկներից ազատվելու համար»։
Civilnet











